HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը

Փոշոտ ճանապարհներ, հոգնած ու դժգոհ դեմքով մարդիկ. ահա այսպիսին է այսօրվա գյուղի նկարագիրը: Ամենուր մարդիկ դժգոհում են եւ բողոքում իրենց չարքաշ կյանքից, սակայն միայն «պատերի տակ», իսկ երբ միացնում ես ձայնագրիչը, սկսում են միանգամից փոխվել` ինչ դժգոհություն, ինչ անարդյունք տանջանք…

Գյուղի նույն նկարագիրն ու անշուք տեսքն ունի նաեւ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքը: Ոսկեհատը աչքի է ընկնում միայն մեկ փաստով`այստեղ է ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, իսկ նրա եղբայրը` Գեւորգ Ներսիսյանը համայնքի ղեկավարն է:

Գյուղում խնդիրները բազմազան են` սկսած ոռոջման ցանցի անմխիթար վիճակից մինչեւ դպրոցի շենքի վերանորոգումը, սակայն, համայնքապետի ասելով, ֆինանսական հնարավորությունները չեն ներում լայնամասշտաբ  ծրագրեր իրականացնելու համար:

Երբ փողոցում զրուցում էինք գյուղացիների հետ, բոլորն էլ նշում էին, որ Ոսկեհատը շատ առաջ կգնար, եթե համայնքապետն ու կաթողիկոսը իրենց կապերն օգտագործեին` հօգուտ գյուղի զարգացման: Սակայն Գեւորգ Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե Վեհափառը միջնորդություններով չի զբաղվում:

Ըստ համայնքապետի` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր լինելն իր համար էլ որեւէ առավելության կամ արտոնյալ լինելու հնարավորություն չի ընձեռում:

«Վեհափառի համար բոլոր գյուղերը, բոլոր ժողովուրդները հավասար են: Դիմում եմ որոշ հարցերով, եթե հնարավորություն լինում է` օգնում է: Օրինակ` դպրոցի ճանապարհի ասֆալտապատման համար եմ դիմել: Գիտե՞ք ոնց, ասում է` ի՞նչ խնդիրներ ունես, ես էլ ասում եմ, որ այս խնդիրն ունեմ»,-նշեց Գ. Ներսիսյանը: Նա դժվարացավ նշել գյուղում մեկ խնդիր, որը լուծում է ստացել Վեհափառի միջամտությամբ:

Գեւորգ Ներսիսյանը նշեց, թե Գարեգին Բ-ն, ուշ-ուշ է գյուղ գալիս եւ խնդիրներին չի խառնվում: Նշենք, որ կաթողիկոսը Ոսկեհատում ունի շքեղ առանձնատուն, որի պարիսպները բարձրությունը մի քանի մետրի է հասնում:

Ինչ վերաբերում է դպրոցի 600 մետր երկարության եւ 12 մետր լայնության ճանապարհի ասֆալտապատմանը, համայնքապետն ասաց, որ նույնիսկ նախահաշիվ չեն կազմել, քանի որ գիտեն`իրենց միջոցներով ասֆալտապատում հնարավոր չէ անել, «թանկ հաճույք» է:

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է եւ ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինությունը։

Ոսկեհատն ունի 3400 բնակիչ: Մարդիկ հիմնականում զբաղվում են անաստանապությամբ եւ հողագործությամբ, սակայն ոռոգման ջրի խնդիրը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսության այս երկու ճյուղերին էլ: Գյուղը ոռոգման ինքնահոս ջուր չունի, հետեւաբար չորանում են նույնիսկ արոտավայրերը: Գյուղացիներն իրենց հողերը ոռոգում են 19 խորքային հորերի միջոցով, որտեղից էլ ջուրը պոմպերով հասնում է հողագործին: Սակայն, եթե գյուղում էլեկտրաէներգիայի խափանում լինի, գյուղացին ստիպված է հաշտվել բերքի կորստի հետ, քանի որ դաշտերը չորանալու են:

Համայնքապետը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով 1,5 կմ կիսախողովակ են անցկացրել, որն արժեցել է 20 միլիոն դրամ: Գումարի 15 տոկոսը ներդրվել է համայնքային բյուջեից, մինչդեռ վերանորոգման կարիք ունեցող հատվածները հաշվվում են տասնյակ կիլոմետրերով:

Գյուղի 630 հա հողից մոտ 70 հա-ը չի մշակվում: Պատճառներից մեկն էլ ոռոգման ջրի խնդիրն է, մյուս կողմից էլ հող մշակել կարող են միայն շատ թե քիչ ապահովվածները: Համայնքապետի հաշվարկով 1 հա հողի հերկումն ու հարթեցումն արժե 60 հազար դրամ, չհաշված պարարտանյութը, թունաքիմիկատը, սերմացուն եւ այլն:

Մինչ գյուղնախարարն ազդարարում է այս տարվա ծիրանի բարձր բերքատվության մասին, ոսկեհատցիները ցույց էին տալիս իրենց ցրտահարված խաղողի ու ծիրանի այգիները: Գեւորգ Ներսիսյանն էլ փաստեց, որ հունվարին եղանակը տաք է եղել, ծառերը բողբոջել են եւ ցուրտը տարել է: Ոսկեհատում այս տարի ծիրանենիներն այդպես էլ չեն ծաղկել:

Համայնքի բյուջեն 30 միլիոն դրամից մի փոքր ավել է` ներառյալ դոտացիան: Գեւորգ Ներսիսյանն ասում է, որ այդ բյուջեով կարողանում են գյուղի մանկապարտեզը պահել, համայնքային աշխատողների աշխատավարձերը վճարել եւ մի քանի ընթացիկ խնդիրներ լուծել:

Նախատեսված է, որ համայնքապետարանի շենքի լոկալ ջեռուցման հարցը պետք է այս տարի լուծվի: Գումարը կազմում է 30 միլիոն դրամ, որի 10 տոկոսը տրամադրելու է համայնքապետարանը: Գ. Ներսիսյանի ասելով`բյուջեն կատարելու առումով իրենք խնդիրներ չեն ունենում եւ ամեն տարի կատարում են 100 տոկոսից ավելի:

Ոսկեհատն ունի մշակույթի տուն, որն իր նպատակին գրեթե  չի ծառայում: Ոսկեհատցի Իշխան Մուրադյանը, ով գյուղի կինոմեխանիկն է եղել, ասում է, որ հիմա էլ հնարավոր է երիտասարդությանը գյուղում պահելու համար նրանց ժամանցն ապահովել ` ֆիլմերի ցուցադրումով, երգի, պարի, ասմունքի խմբակներով, սակայն ոչինչ  չի ձեռնարկվում:

«Ի՞նչ համար վերանորոգեցին մշակույթի տունը, թե այն իր նպատակին չի ծառայելու»,-զարմանում է Ի. Մուրադյանը: Համայնքապետի ասելով` գյուղի մշակույթի տունը 2009թ. վերանորոգվել է Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, որն արժեցել է 75 միլիոն դրամ: Գումարի 10 տոկոսը նույնպես համայնքապետարանն է տրամադրել:

Մեկնաբանություններ (5)

Flora Khachatryan
Ժողովուրդ ջան, ինչու է այդքան չար , միթե ոչ մի լավ բան չէք ուզում տեսնել: Աստծուն մի չարացրեք:
Anush
Katoxkos@ vaxuc arden iren xaytarakel u varkabekel e. Nran miayn sepakan ashxarhik hachuyqnern en hetaqrqrum. Shat apsos,vor ayd pashton@ cmah e trvum,aylapes shat lav kliner azatvel nranic. Tox gnar ir gyuxum hox mshaker u jri kriv aner. Nor xexch gyuxacun khaskanar. Isk ayd 75.000.000 dram@ parzic el parz e,vor LAPEL en((
Vahe
The problem of this village (and all other villages) belongs to all Armenians, not just the Catholicos. Let's face it, if the Catholicos did give special attention, there would probably be an outcry of favoritism.
Karen
Mi harts unem eli hetqin... Et 2rnd nkar@ Vehapari tunn e???
ASTGHIK
TO VOR INCH VOR BAN ANOX LINER NER QAXAQI HAMALSARAN@ PETAKAN SARQI AX VERJ I VERJO IRA QAHANANERIC MEKNA XEKAVARUM ET >>>GONE MI BAN ANER VOR HETEVIC CHXOSAYIN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter