
Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների միությունը զարհուրած է
Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների միությունը (AGLA New York) զարհուրած է մայիսի 8-ին DIY փաբի ահաբեկչական պայթեցման և դրանից հետո հաստատության դեմ ատելության հողի վրա տեղի ունեցած այս շաբաթվա այլ հանցագործությունների կապակցությամբ.
«Մենք դատապարտում ենք հայ ոչ-հետերոսեռական համայնքի նկատմամբ ատելության ու բռնության կոչերը՝ Facebook-ում, Youtube-ում և այլ ինտերնետային ցանցերում: Ավելին՝ դատապարտում ենք ատելությամբ լի ելույթները, հայտարարություններն ու սպառնալիքներն ընդդեմ որևէ անհատի, ով տարբերվում է մեծամասնությունից կամ համարվում «հայ հասարակության բարոյական և ազգային պատկերին անհարիր», այդ թվում՝ արվեստագետներ, մտավորականներ, և այլ ազատամիտ անձինք:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարություններն ու գործողությունները, սակայն, ամենադատապարտելին են: Նա վճարել է DIY-ի վրա հարձակման գործով ձերբակալված երկու նեո-ֆաշիստներից մեկի գրավի գումարը և որակել է վերջիններիս արարքը որպես «ազգային գաղափարախոսությանը համաձայն» արարք: «Պանարոմա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում, Մինասյանը DIY-ի տնօրեն Ծոմակ Օգանեզովայի մասին մասնավորապես նշել է՝ «... համարում եմ, որ նրա տեսակը, ոչնչացնում է հայ հասարակությունը»:
Նման հայտարարությունները կարող են օգտագործվել որպես հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, խաղաղ և օրինապահ քաղաքացիների հանդեպ բռնության կիրառման արդարացում: Անընդունելի է, որ մինչ օրս Հայ Յեղափոխական Դաշնակցության կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Մինասյանին քննադատելու կամ հարցադրելու ուղղությամբ որևէ քայլ չի արվել: Մինչ այդ Ա. Մինասյանը ոտնահարում է Դաշնակցության փիլիսոփայությունը և շարունակում է ագրեսիվ, միասեռատյաց և վիրավորական հայտարարություններ տարածել Դաշնակցության անունից: ՀՀ Ազգային ժողովը և ՀՅԴ-ն պետք է հանդիմանեն Մինասյանին և պահանջեն, որպեսզի նա հրաժարական տա կամ հեռացվի իր պաշտոնից՝ հակամարտություն հրահրելու և բազմաթիվ կյանքեր վտանգելու համար:
Այսօր՝ մայիսի 17-ին, միասեռատյացության դեմ համաշխարհային օրը, Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների միությունը միասնաբար կանգնած է համագործակցող կազմակերպություններ՝ Փինք հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի, Կանանց ռեսուրսային կենտրոնի, Տարօրինակելով Երևանը կոլեկտիվի և այլոց կողքին՝ կոչ անելով հանդուրժող լինել ու վերականգնել մարդու իրավունքների պայքարը Հայաստանում և Սփյուռքում: Եվ որ ամենակարևորն է՝ վտանգավոր պայմաններում ապրող Հայաստանի ԼԳԲՏ համայնքին առաջարկում ենք մեր հարատև աջակցությունը»:
--
Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների միությունը (AGLA NY) հիմնվել է 1998 թվականին և մինչ օրս լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր ամերիկահայերին, նրանց ամուսիններին և դաշնակիցներին տրամադրում է ապահով վայր՝ հնարավորություն տալով նրանց միավորվել որպես համայնք: AGLA NY-ը գործում է որպես ֆորում, որը նպաստում է հասարակության մեջ մեր տեսանելի դառնալուն, ինչպես նաև ուժեղացնում է մեր մշակութային և էթնիկ կապերն այն ոչ-հետերոսեռական և հայ համայնքների հետ, որոնց մենք պատկանում ենք: AGLA NY-ի նպատակն է տեղեկացնել և՛ հայ, և՛ ամերիկյան համայնքներին հայ և ամերիկահայ ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել