Ուկրաինայում պատերազմի 119-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 119-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։
- Ուկրաինան ամսական պատերազմի վրա ծախսում է 5-6 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։
- Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն լքել է իր «Հինգ աստղի շարժում» կուսակցությունը՝ Ուկրաինա ռազմական օգնության ուղարկմանն չաջակցելու իր որոշման պատճառով։
- Իռլանդիան պատժամիջոցների շրջանակներում արգելափակել է ավելի քան 1,7 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները։
- IKEA-ն սկսել է առևտրի կենտրոնների վարձատուներին, որտեղ տեղակայված են իր խանութները, ծանուցել վարձակալության վաղաժամկետ դադարեցման մասին։
- Պրահա-3 շրջանի խորհուրդը Պրահայի քաղաքապետարանին առաջարկել է անվանափոխել այն փողոցը, որը կոչվում է ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի անունով։
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տոկունության մրցույթ դառնալ ռուսաստանցիների և եվրոպացիների միջև։
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են Զմեյնի կղզուն հարվածների հետևանքով ռուսաստանցիների կորուստների մասին
Ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարության փոխանցմամբ՝ ռուսական կողմն ունի հետևյալ կորուստները.
- «Панцирь С1» զենիթահրթիռային համալիր,
- ռադիոտեղորոշման կայան,
- ավտոմոբիլային տեխնիկա
Զմեյնի կղզու ուղղությամբ ուկրաինական զորքերի հարվածների մասին հայտնի էր դարձել հունիսի 20-ին։ Հարվածների հետևանքով կղզում, իբր, տասնյակ պայթյուններ էին տեղի ունեցել և հրդեհ էր սկսվել։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները հետ են մղել Զմեյնու վրա հարձակումը՝ խոցելով ուկրաինական 13 անօդաչու։
OSINT88 խմբի մասնագետները տեղադրել են Զմեյնի կղզու արբանյակային լուսանկարը՝ ուկրաինական հարվածներից հետո։ Planet Labs ընկերության կադրերում, որն արվել է երեքշաբթի առավոտյան, տեսանելի են այրված երեք շրջաններ։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտ. ռուսական զորքերը հարավից հաջողությամբ հարձակվում են Լիսիչանսկի ուղղությամբ
Ռուսական զորքերը հարավից հաջողությամբ առաջ են շարժվում Լուգանսկի մարզի Լիսիչանսկ բնակավայրի կողմից՝ խուսափելով Սևերոդոնեցկից ուղիղ հարձակվելուց։ Այդ մասին իր զեկույցում գրել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
ISW-ի կանխատեսումների համաձայն՝ ՌԴ ստորաբաժանումները Լիսիչանսկի մատույցները կգրոհեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Ռուսական զորքերի հարձակումը ինստիտուտի փորձագետները համարում են ուկրաինական պաշտպանության ակնհայտ անհաջողություն։ Ընդ որում, նրանք նշում են, որ Լիսիչանսկը գրավելու համար ՌԴ ուժերը, հավանաբար, ստիպված կլինեն ձգձգված մարտեր վարել յուրաքանչյուր թաղամասի համար, ինչպես դա եղավ Մարիուպոլում կամ Սևերոդոնեցկում:
Լիսիչանսկին ռուսական զորքերի մոտենալու մասին տեղեկությունը հաստատել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը: Նրա խոսքով՝ ՌԴ զինվորականները ամրապնդվում են քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրերում և շարունակում ռմբակոծել այն: Գայդայի խոսքով՝ Սևերոդոնեցկում շարունակվում են փողոցային մարտերը։
Ռոսավիացիան 20-րդ անգամ երկարաձգել է ՌԴ կենտրոնական և հարավային օդանավակայաններ թռիչքները։
Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։ Սահմանափակումները, որոնք մտցվել էին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, կգործեն մինչև հունիսի 30-ը։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Սպիտակ տուն. Պուտինը հացահատիկը վեր է ածում զենքի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարենն օգտագործում է որպես զենք՝ արգելափակելով Ուկրաինայից հացահատկի արտահանումը: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել են Սպիտակ տնից՝ նշելով, որ նախագահ Ջո Բայդենը ուսումնասիրում է տարբերակներ, թե ինչպես օգնի Ուկրաինային արտահանել իր հացահատիկը։
«Առանց կատակի նախագահ Պուտինը պարենը վեր է ածում զենքի։ Իրերը կոչենք իրենց անուններով։ Նա պարենը զենք է դարձնում»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Լուսանկարը՝ REUTERS/Oleksandr Ratushniak
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել