HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կալանավայրում գտնվող զինծառայողը 43-րդ օրն է հացադուլի մեջ, իսկ բողոքին ականջ դնող չկա

Արդեն 43-րդ օրն է, ինչ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանը հացադուլ է հայտարարել, տղայի կյանքն արդեն մազից է կախված, մինչդեռ հացադուլի հիմնական պատճառին ուշադրություն դարձնող ու 23-ամյա երիտասարդի բողոքին ականջ դնող չկա: Դեռ փետրվարի 22-ից կալանքի տակ գտնվող զինվորը այս պահին հրաժարվում է թույլ տալ իրեն որևէ կերպ օգնություն ցուցաբերել: Զինծառայողի մայրը` Զվարթ Կիրակոսյանը, որդուն ստեղծված վիճակից դուրս բերելու համար երեկ արդեն դիմել է Քրեակատարողական վարչության պետին` Սուրենին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել հանձնարարելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Սուրեն Կիրակոսյանը մեղադրվում է Քր. օր.-ի 361-րդ հոդվածի 4-րդ մասով (զորամասը լքելը), իսկ 43-օրյա հացադուլով տղան ընդամենը խնդրում է իրեն բուժհետազոտության ենթարկել և համապատասխան բուժում ստանալու հնարավորություն տալ, ինչից հետո ի վիճակի կլինի հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարել: Դեռ 2009-ին բանակ զորակոչված զինծառայողի մայրը` Զվարթ Կիրակոսյանը, պատմում է, որ տղային բանակ են զորակոչել արդեն հիվանդ վիճակում, և իրենք համապատասխան փաստաթղթեր էլ ունեն: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության կողմից սահմանված կարգի համաձայն` Ս.Կիրակոսյանը պիտանի էր ոչ շարային ծառայության, սակայն այդ կարգը չի պահպանվել, որի պատճառով տղան փորձել է ծառայությունից խուսափել:

«Ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի պիգմենտային ի ծնե խալեր» ախտորոշմամբ զինակոչիկը ճանաչվել է ոչ պիտանի շարային ծառայության համար, սակայն զինգրքույկում ճիշտ հակառակն է արձանագրվել: Մայրը պատմում է, որ դրա հետևանքով էլ տղան զորամասում լիարժեք ծառայություն է անցկացրել, ինչը նպաստել է հիվանդության բարդացմանը: Իսկ ծառայությունից խուսափելու համար 23-ամյա երիտասարդն արդեն երկրորդ անգամ է քրեական պատասխանատվության ենթարկվում: Նա բանակ է զորակոչվել 2009 թ. հունիսին: Առաջին անգամ նրան մեկ տարով քրեական պատասխանատվության են ենթարկել ծառայությունից մեկ ամիս հետո` հոկտեմբերի 7-ին. նա ձերբակալվել է Քր. օր.-ի 361-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, որը պատասխանատվության է ենթարկում պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու, ինչպեu նաև առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար: Կալանքը կրել է Գորիսի քրեակատարողական հիմնարկում: 2011 թ. փետրվարի 14-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այնուհետև ծառայությունը շարունակել է ԼՂՀ նույն զորամասում: 2011 թ. սեպտեմբերի 17-ին զորամասի հրամանատարի հրամանով մեկնել է հերթական արձակուրդ, որի ժամկետը լրանալուց հետո զորամաս չի վերադարձել: Դրա պատճառով նորից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց կրկին ընտրվել է կալանքը:

Սուրեն Կիրակոսյանի առողջական վիճակն այդ ընթացքում արդեն խիստ բարդացել էր: Զինվորական հագուստն ու զենքը նպաստել են զինծառայողի ուսի վրա առկա խալի մեծացմանն ու սիմետրիկության խախտմանը, այն վնասվել է, նաև մազ է աճել, ինչը խիստ վտանգավոր է կյանքի համար: Չկարողանալով տեղում համապատասխան բուժզննում ստանալ և հասկանալով իր վիճակի ծանր լինելը` զինծառայողը ստիպված է եղել խուսափել ծառայությունից:

2012 թ. փետրվարի 24-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նորից կալանավորելու մասին որոշում է կայացրել` հաշվի չառնելով, որ մեղադրյալ Կիրակոսյանը խնդրել է իրեն ուղարկել դատաբժշկական փորձաքննության, քանի որ ունի առողջական բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով էլ չի ներկայացել զորամաս: Դատարանն ի վերջո որոշել է, որ տղան խուսափել է ծառայությունից, նախկինում դատապարտված է եղել, հետևաբար բոլոր նյութերը բավարար հիմք են տալիս նրան կալանավորելու` ոչ պատշաճ վարքագիծը հետագայում կանխելու նպատակով:

Հարուցվել է քրեական գործ, այժմ էլ զինվորական դատախազությունը հաստատել է զինծառայողի մեղադրանքը և մտադիր է այն պաշտպանել դատարանում: Երկու օր առաջ էլ այս գործով հերթական դատական նիստը պետք է տեղի ունենար, սակայն չնայած Սուրեն Կիրակոսյանին Գորիսից տեղափոխել են Կապան, որպեսզի մասնակցի իր գործով դատական նիստին, Սուրենի ինքնազգացողության վատացման պատճառով նիստը չի կայացել:

Երեկ կրկին Զվարթ Կիրակոսյանին հաջողվել է հանդիպել որդու հետ, սակայն որքան էլ խնդրել է որդուն դադարեցնել հացադուլը, տղան, ի պատասխան խնդրանքին, մորը խնդրել է թույլ տալ, որ «հանգիստ» մահանա: Զվարթ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որդու մարմինը գրեթե անշնչացած է եղել:

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնում էր «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, այս գործը հսկող դատախազ Տիգրան Սարգսյանին անգամ հայտնի չեն զինծառայողի հիվանդությունները հաստատող փաստերը, հակառակ որ Սուրեն Կիրակոսյանն ունի իր հիվանդությունը հաստատող բոլոր բժշկական փաստաթղթերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter