
Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինա Քվինի թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինա Քվինի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։ 57-ամյա Քվինը ծնվել է Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում։ Դիվանագիտական ծառայության մեջ է 1992 թվականից։
Քրիստինա Քվինը 2019 թվականի մայիսից աշխատում է Ուկրաինայում ամերիկյան դեսպանությունում, որտեղ դեսպան Ջոզեֆ Փենինգթոնի հեռանալուց հետո զբաղեցրել էր դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Քվինն զբաղեցրել է նաև 2020 թվականի հունվարից մինչև այս տարվա մայիսի վերջ։
Մինչ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանություն գործուղվելը, 2016-2019 թվականներին Քրիստինա Քվինն աշխատել է Փարիզում ԱՄՆ դեսպանությունում որպես փոխդեսպանի պաշտոնակատար և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական։ Բացի այդ, տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել Թայլանդում և Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանություններում։
Իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվինը տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաև Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում: Անգլերենից զատ տիրապետում է ռուսերենի և ֆրանսերենի։
Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը, որը 2019 թվականի փետրվարի 19-ից գլխավորում էր Հայաստանում ամերիկյան դեսպանությունը, լրացել է։ Նոր դեսպանը կգործուղվի Հայաստան, երբ Սենատը հաստատի նրա թեկնածությունը։
Լուսանկարը՝ egyptindependent.com-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել