
Ուկրաինայում պատերազմի 120-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 120-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.
- Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման տեմպերն առաջիկա ամիսներին կդանդաղեն, քանի որ ռուսական բանակը սպառում է իր ռեսուրսները:
- Microsoft-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական հատուկ ծառայություններն ակտիվացրել են հաքերային հարձակումներն ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների համակարգչային ցանցերի ուղղությամբ՝ հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով։
- ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 4634 խաղաղ բնակիչ, իսկ երկիրն, ընդհանուր առմամբ, լքել է ավելի քան 8 միլիոն մարդ։
- Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտարարել է, որ Մարիուպոլում երկարատև պաշարման հետևանքով ավերված «Азовсталь» մետալուրգիական կոմբինատը պետք է շարունակի աշխատանքը։
Վաղ առավոտից Ուկրաինայի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում, հայտարարվել է օդային տագնապ։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն՝ Ուկրաինայում պատերազմական իրավիճակի մասին
- Ռուսական զորքերը շարունակում են հարավից հարձակումը Լիսիչանսկի ուղղությամբ և, հավանաբար, առաջիկա օրերին կհասնեն մինչև քաղաք, չնայած դժվար թե շատ շուտ վերահսկողություն ունենան Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի շրջանների վրա։
- Ռուսական զորքերը շարունակել են հարձակողական գործողությունները Սլավյանսկի ուղղությամբ և հասել չնչին հաջողությունների։
- Ռուսական զորքերն ակտիվացրել են ջանքերը՝ փակելու Բախմուտ-Լիսիչանսկ ճանապարհի երկայնքով ուկրաինական հաղորդակցությունը։
- Ուկրաինայի հարավում ռուսաստանցիները կենտրոնացել են պաշտպանության վրա և Նիկոլաևի մարզում հասել չնչին հաջողությունների։
- Ուկրաինական զինվորականները երկրի արևելքում կրճատել են թուրքական Bayraktar հարվածային անօդաչուների թռիչքների թիվը՝ ռուսական ՀՕՊ համակարգերի պատճառով։ Ուկրաինայի ԶՈւ-ն օրական թռիչքների թիվը կրճատել է 20-30-ի։
Չեխիան որոշել է մինչև 2023 թվականի մարտի վերջի Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիներին չտրամադրել վիզաներ և ժամանակավոր կացության քարտեր։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Չեխիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան, դադարեցրել էին ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը, բացառությամբ հատուկ դեպքերի։
Բելառուսում արգելվել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ նավակներով լողալը։
Այդպիսի որոշում ընդունել է Բելառուսի Բրեստի մարզի Պինսկի շրջանի գործադիր կոմիտեն։ «Բնակչության կյանքի և առողջության պահպանման նպատակներով բնակիչներին արգելվել է նավակներով լողալ գետերի երեք հատվածներում, որոնք հատվում են Ուկրաինայի սահմանի հետ»,- գրում է Интерфакс-ը։
Ընդ որում, արգելքը չի տարածվում ձկնորսական վերահսկողության և պետական անվտանգության մարմինների վրա։
Լուսանկարը՝ Fabian Ritter/DOCKS Collective
Մեկնաբանել