HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հարկային եկամուտների հաշվին ավելացած 40 մլրդ դրամը կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ

Կառավարության հունիսի 23-ի որոշմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեի 40 մլրդ դրամ ավելացած հարկային եկամուտները կուղղվեն պահուստային ֆոնդ։

«Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին։ Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 մլրդ դրամ, և դա 30 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա այս ժամանակահատվածի ցուցանիշը։

Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա նույն կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,- նախագծի քննարկմանը հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հարկային եկամուտների աճն, ըստ նախարարի, պայմանավորված է մի քանի գործոններով։

«Դրանց թվում, նախևառաջ, հարկային վարչարարության բարելավումն է, որի արդյունքում ստացել ենք թե՛ մեկանգամյա զգալի լրացուցիչ հարկային եկամուտներ, թե՛ պարբերաբար նաև ավելացված հարկեր։

Մյուսը 2021 թ.-ի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է, որն ազդել է 2022 թվականի հարկային եկամուտների մեծության վրա, որովհետև 2022-ին ստանում ենք շահութահարկ, որը հիմնված է 2021-ի ֆինանսական արդյունքների վրա։ Երրորդ պատճառը պետական տուրքի գումարն է»,- հայտնեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ առաջին կիսամյակում, իհարկե, կա որոշակի գնաճային միջավայր, որն ավելի բարձր է, քան տարվա բյուջեի հիմքում դրված բազային ենթադրությունները, և դա որոշակի հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման, հատկապես՝ ավելացրած արժեքի դեպքում։

«Առանց այս փուլում տարվա համար սպասվող հարկային եկամուտների վերջնական և ճշգրիտ կանխատեսում կատարելու՝ գնահատում ենք, որ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա առաջիկա շաբաթների ընթացքում սկսել կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք հակառակ պարագայում պետք է մեկնարկեին 2023 թ.-ի սկզբում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter