
Հայաստանի հավաքականը 92-րդն է 211 հավաքականների մեջ
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը։ Հայաստանի ընտրանին մարտ ամսվա ցուցակի համեմատ տեղաշարժ չի գրանցել եւ մնացել է 92-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը 4 հանդիպում է անցկացրել՝ 1-0 հաղթելով Իռլանդիային, 0-2 եւ 1-4 պարտվելով Շոտլանդիային, ինչպես նաեւ 0-3 զիջելով Ուկրաինային։
Համաշխարհային ցուցակը գլխավորում է Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Դանիան։
Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մեր մրցակիցներից Ուկրաինան 27-րդն է (պահպանել է դիրքը), Շոտլանդիան՝ 45-րդը (-6), իսկ Իռլանդիան՝ 47-րդը (պահպանել է դիրքը):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ուկրաինացիները, Ռուսաստանը 35-րդն է, Ուզբեկստանը՝ 77-րդը, Վրաստանը՝ 82-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։
Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 23-րդն է, Թուրքիան 42-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 82-րդը, իսկ Ադրբեջանը՝ 128-րդը։
Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի օգոստոսի 25-ին:
Մեկնաբանել