
43 վայրկյան ուշացում. դատավճիռը կհրապարակվի հունիսի 6-ին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում նշանակված «Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի» դատական հայցի վերաբերյալ այսօրվա դատական նիստը սկսվեց նշանակված 10:00-ից քիչ շուտ և տևեց 2 րոպե:
Այդ 2 րոպեի ընթացքում դատարանը համարեց, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը պատշաճ կերպով տեղեկացվել է նիստի վերաբերյալ, սակայն չի ներկայացել, ինչը դատարանին թույլ է տալիս շարունակելու դատաքննությունը առանց կողմի ներկայության:
Սակայն ներկաների համար անսպասելիորեն դատավոր Արայիկ Մելքումյանը դատաքննության շրջանը հայտարարեց ավարտված և հայտարարեց դատավճռի հրապարակման օրը' հունիսի 6, ժամը 17:00:
«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը դահլիճ մտավ դատավորի դուրս գալուց անմիջապես հետո' ապշահար դատավորի հապճեպ ելքից: Բաղդասարյանը մոտեցավ օգնականի համակարգչին ու ֆիքսեց, որ նույնիսկ այդ համակարգիչը ցույց է տալիս 10:00-ի 43-րդ վայրկյանը, իսկ ըստ իր ժամացույցի' 10:00-ին դեռ 5 րոպե կա:
Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին ներկայացված դատական հայցով Քոչարյանները «Ժամանակ» օրաթերթից պահանջում են 2010 թ. սեպտեմբերին և հոկտեմբերին թերթում տպագրված 3 հոդվածների' «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» և «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից», հերքում (դատական գործի պատմությունը տե՛ս Հետքի հետևյալ հրապարակումներում' Բելլա և Սեդրակ Քոչարյանները չեն ուզում հաշտվել «Ժամանակ» օրաթերթի հետ, Ինչո՞ւ է Ռ. Քոչարյանը թերթերին դատի տալիս և Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակի»):
6 մլն դրամի փոխհատուցում, որից 3 մլն-ը' դատական ծախսերի, իսկ մնացածը' բարոյական վնասի փոխհատուցման համար։ Ըստ այդ հոդվածներում հրապարակված տեղեկությունների' Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, բացի այդ' Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում և Հնդկաստանում:
Այս գործով դատարանի վճիռը պետք է հրապարակվեր դեռևս մայիսի 5-ին (Դատավորը ժամանակ է «ձգում»), սակայն այդ օրը, ի զարմանս ներկաների, դատավոր Մելքումյանը հայտարարեց դատաքննության վերսկսման մասին' առանց նշելու հիմքերը:
Մայիսի 20-ին նշանակված նիստի ժամանակ դատավորը հրապարակեց անսպասելի որոշման հիմքը' հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերում տեխնիկական առաջադրանքի բացակայությունը, որում նշված է հայցվորի ներկայացուցիչների լիազորությունների շրջանակը:
Այդ օրը դահլիճից դուրս գալով' պատասխանող կողմի ներկայացուցիչ Ն. Բաղդասարյանը չթաքցրեց զարմանքը առ այն, որ փաստաթուղթը դատարանին ներկայացվել էր, ինչի ապացույցն է դրա առկայությունը նաև իր մոտ: Բաղդասարյանը բացեց իր թղթապանակը և լրագրողներին ցույց տվեց տեխնիկական առաջադրանքը, որը, դատարանի պնդմամբ, պակասում էր: Ըստ «Ժամանակի» շահերի պաշտպանի' այս հանգամանքը կարելի է հեշտությամբ պարզել' ստուգելով նիստերի արձանագրությունները:
Դեռեւս մայիսի 20-ին փաստաբան Բաղդասարյանը գրավոր ներկայացրել էր մի քանի կարևոր միջնորդություն, այդ թվում' դատարանին վերապահված իրավունքով դատաքննությունը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը Սահմանդրությանը հակասող ճանաչելու համար:
Սակայն պատճառաբանելով, որ այդ միջնորդության ներկայացումը երկար ժամանակ է պահանջում, և քանի որ այդ օրը իր մասնակցությամբ նշանակված էր մեկ այլ դատական նիստ, Բաղդասարյանը դատարանին հորդորեց նիստը կարճ ժամանակով հետաձգել, որին դատարանն ընդառաջեց' այն տեղափոխելով երկուշաբթի' մայիսի 23-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ն. Բաղդասարյանը նմանատիպ միջնորդություններ էր ներկայացրել նաև ««Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակ»»-ի գործի («Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակի». փաստաբանը դատարանին միջնորդում է դիմել Սահմանադրական դատարան) նախնական դատաքննության ժամանակ:
Ըստ այդ միջնորդության, ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի ուժը կորցրած համապատասխան դրույթների (ՀՀ քր. օր.-ի ուժը կորցրած հոդվածներ 135-ում և 136-ում զրպարտությունը պատժվում էր «ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու» դեպքում, իսկ վիրավորանքը' ուրիշի պատիվն ու արժանապատվությունը «անպարկեշտ ձևով ստորացնել»ու համար), ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի գործող 1087.1 հոդվածը պարզ չի սահմանում վիրավորանք և զրպարտություն եզրերը, ինչը զրպարտության և վիրավորանքի գործերով ընդունված դատական վճիռների համաչափությունը դարձնում է վիճարկելի:
Մայիսի 20-ին լրատվամիջոցների հնչեցրած հարցին, թե արդյոք Քոչարյանները տեսնու՞մ են դատական վեճի այլ լուծում, հայցվորի ներկայացուցիչներ Արփինե Մելիքբեկյանն ու Սարգիս Գրիգորյանը պատասխանեցին, որ վեճը հնարավոր է լուծել «համագործակցության» միջոցով' միայն դատարանի հետ:
Այսօրվա դատական նիստի ժամանակ Ն. Բաղդասարյանը պատրաստվում էր հրապարակայնորեն ներկայացնել կողմի համար կարևոր այլ միջնորդություններ էլ, որոնք գրավոր ներկայացվել էին դատարանին և հայցվոր կողմին, սակայն դատավորի հայեցողությամբ փաստաբանի ելույթը շրջանցվեց: Պարզ չդարձավ նաև, թե արդյոք հայցվոր կողմը «պակասող» փաստաթուղթը ներկայացնելո՞ւ էր դատարան, թե՞ ոչ:
Դժվարությամբ հավատալով կատարվածին' Ն. Բաղդասարյանը հայտնեց, որ դատական նիստի հապճեպ ավարտի մասին պատրաստվում է տեղեկացնել ՀՀ վճռաբեկ դատարանին' ակնկալելով կողմի համար դրական լուծում' վերսկսված դատաքննության շարունակություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել