HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ: 

«Նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք տվել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:

Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից  ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքեր: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ավարտվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի և նշված քրեական գործով անցնող մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter