HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահը պատվոգրերով պարգևատրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության մի խումբ աշխատողների

Հունիսի 24-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատողների։

Արցախի ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։

Նախքան պարգևատրման արարողությանն անցնելը՝  խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է  սոցիալական աշխատողներին ՝ մասնագիտական օրվա առթիվ, որում մասնավորապես ասել է․

«Հարգելի՛ ներկաներ

Նախ թույլ տվեք ուշացումով շնորհավորել բոլորիդ՝ սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ:  Արցախի սոցիալական պաշտպանության ոլորտն արդեն 91 տարվա  անցած ճանապարհ ունի: Եվ մեր Հայրենիքի համար դժվար ու ճակատագրական բոլոր փուլերում կրել է հանրության սոցիալական պաշտպանվածության ապահովման ծանր պարտականությունը:

Այդ աշխատանքներն մերօրեական իրականության ընթացքում ավելի ակնառու դարձան հատկապես 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո.  արցախահայության սոցիալական և հոգեբանական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:

Պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգի աշխատակիցները կարողացել են արագ ինքնակազմակերպվել՝ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ և թույլ չտալով, որ կաթվածահար լինի ոլորտի աշխատանքը:

Այդ ջանադիր գործունեությունն առայսօր շարունակվում և տեսանելի է բոլորիս. հետպատերազմական ժամանակաշրջանն աշխատանքի նոր որակներ և հմտությունների կանոններ է պահանջում, որոնք, դո՛ւք, սոցիալական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ձեռք բերել և պատվով կիրառում եք ձեր ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի ընթացքում:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօրվա պարգևատրման արարողությունը նաև հնարավորություն է՝ հնչեցնելու հիացմունքի և շնորհակալական խոսքեր այն գործի նկատմամբ, որը, ցավոք, շատ հաճախ, մնում է դեռևս  չլուծված հարցերի ստվերում:

Պարգևատրվում են համակարգում երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատակիցներ, բայց շնորհակալության խոսքս ուղղված է յուրաքանչյուրին, բոլոր նրանց, ովքեր սրտացավությամբ և գիտակացաբար ամեն օրը նվիրում են  հանրության սոցիալական տարբեր խավերի հոգսերը թեթևացնելուն և խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու նոր հնարավորությունների ընձեռմանը:

Ուզում եմ վստահեցնել, որ Արցախի օրենսդիր դաշտի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել և աջակցություն ցուցաբերել բոլոր այն ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք պիտի բարձրացնեն մեր հայրենակիցների սոցիալական ապահովության և պաշտպանվածության մակարդակը: Այդ գործընթացում դուք աշխատաոճի նոր հայտ եք ներկայացրել՝ կառույցը վերանվանելով սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, ինչը հուսով եմ, նշանակում է, որ այսուհետ իրականացվող քաղաքականությունը  մեր երկիրը պիտի տանի սոցիալապես զարգացած և ինքնաբավ քաղաքացու երկիր դառնալու ճանապարհով:

Հաջողություններ եմ մաղթում ձեզ բոլոր ձեռնարկումներում և առաջիկա անելիքների ընթացքում»:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել  գնահատանքի և վերաբերունքի համար և համոզմունք հայտնել, որ փոխգործակցության շրջանակներում  ոլորտի թերացումները կշտկվեն և սոցիալական դաշտում  անելիքները ավելի տեսանելի կդառնան՝ ի նպաստ Արցախի ժողովրդի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter