HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մանկատան շրջանավարտներին բնակարանների նվիրաբերումը ձգձգվում է. շահառուների ցուցակում մահացածներ են ներառվել

Կառավարությունը 2020 թ.-ի օգոստոսի 13-ին որոշում է ընդունել՝ մանկատան շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց նվիրաբերել 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարանները։

Բնակարանների նվիրաբերման պայմանագրերը պետք է կնքվեին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում։ Գործադիրը 2021-ին փոփոխություն է կատարել նշված որոշման մեջ՝ պայմանագրերի կնքման ժամկետ սահմանելով այս տարվա սեպտեմբերի 1-ը։

Սակայն, որոշման կատարման հետաձգումը դժվարություններ է առաջացրել մանկատան շրջանավարտների համար։ Բացի այդ, նրանք մտավախություն ունեն, որ նվիրաբերությունը կրկին կձգձգվի։

Սրբուհի Աղաբաբյանը Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շրջանավարտ է։ Արդեն 13 տարի է՝ բնակվում է Աբովյան քաղաքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 10 տարի անհատույց օգտագործման ժամկետով իրեն հատկացված բնակարանում։ 

«13 տարի առաջ բնակարաններ ենք ստացել, և պայմանագրով նշված է եղել, որ 10 տարի անհատույց իրավունքով կարող ենք օգտագործել, 10 տարի անց դրա կարգավիճակը պետք է որոշվեր։ Մոտ 2 տարի առաջ որոշում է կայացվել մեզ նվիրաբերել այս բնակարանները։ Որոշման կատարումն արդեն 2-րդ տարին է՝ հետաձգվում է, այնինչ իրավական հստակ կարգավիճակ չունեցող շենքում ու բնակարաններում ապրելը մեզ բերում է ոչ միայն զուտ անորոշություն ու անհանգստություն, այլև կոնկրետ դժվարություններ ու վատ հետևանքներ։ Պայմանագրում որոշ սահմանափակումներ կային, փոփոխություններ չենք կարող անել, սակայն շենքն այնքան էլ լավ վիճակում չէ, անընդհատ ինչ-որ փոփոխություններ է պետք անել, խոնավ է, ջրային համակարգը լավը չէ, հոսանքներն անընդհատ պայթում են, մենք սահմանափակված ենք մեր իրավունքներում։

Շատերը վերանորոգել են իրենց բնակարանները, շատ ծախսեր են արել, արդեն 10 տարին լրացել է, մեզ բանավոր ասել են, որ սա 10 տարի հետո ձերը կլինի, բայց քանի որ դա գրավոր ամրագրված չի եղել, մենք դիմել ենք նախարարություն՝ հասկանալու, թե ինչ է լինելու, շարունակե՞նք մեր միջոցները ներդնել էդ շենքում, թե՞ իմանանք, որ մենք էլի դուրսն ենք, ի՞նչ է լինելու»,- ասում է Սրբուհին։

Նրա խոսքով՝ եթե 10 տարի առաջ, լինելով ուսանողներ ու միայնակ երիտասարդներ, այդ բնակարանների կարիքն ունեին, ապա հիմա առավել ևս, երբ արդեն իրենք են ծնողներ դարձել։ 

«Ընտանիք կա, օրինակ, 4 երեխա ունեն, և այդ մի բնակարանը իրենց համար շատ փոքր ա, բայց ոչ մի իրավունք չունեն ինչ-որ բան անելու, օրինակ՝ փոխանակելու կամ վաճառելու, կամ հիփոթեք վերցնելու, իսկ նվիրատվության պայմանագրերը տալու դեպքում իրենք նշել են, որ 2 տարի չենք կարող վաճառել, բայց հիփոթեքով այլ բնակարան կարող ենք գնել, և սա վաճառում ենք, որ նրա մայր գումարը փակենք։ Շատերին այդ տարբերակը ձեռնտու է, որովհետև ընտանիքներ կան, որ արդեն 6 հոգանոց են»,- ասում է նա։

Սրբուհին նշում է, որ բազմիցս դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդպես էլ հստակ պարզաբանում չի ստացել, թե ինչո՞ւ է բնակարանների նվիրաբերման գործընթացը ձգձգվում։

Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 72/1 հասցեում գտնվող շենքում բնակվում է Գավառի և «Զատիկ» մանկատների 18 շրջանավարտ։ Սրբուհու խոսքով, նույն իրավիճակում են նաև Էջմիածնում բնակվող շահառուները։

Նախարարությունը լրատվամիջոցին այլ պատասխան է տալիս, քաղաքացուն՝ մեկ այլ

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ինչու է հետաձգվել մանկատան շրջանավարտներին բնակարանների նվիրաբերման գործընթացը։

Նախարարությունից տեղեկացրել են, որ համավարակի, 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների, իսկ 2021թ․ ապրիլի 1-ից՝ նաև սոցիալական պաշտպանության ոլորտում, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և կայացման համատեքստում կատարված կառուցվածքային բարեփոխումների (սոցիալական պաշտպանության ոլորտում գործող նախարարության, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող 4 մարմինների հիման վրա՝ նախարարության սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծվել է նախարարության ենթակա 1 միասնական մարմին՝ Միասնական սոցիալական ծառայությունը, որին են վերապահվել նաև որոշման պահանջների կատարման հետ կապված որոշակի գործառույթներ) հետևանքով որոշակի դժվարություններ են առաջացել գործընթացը սահմանված ժամկետում իրականացնելու հարցում, քանի որ օրակարգում առաջնահերթություն է տրվել հրատապություն պահանջող այլ հարցերի։

«Միաժամանակ, որոշումով նախատեսված՝ բնակարանների նվիրաբերության պայմանագրերը կնքելու համար սահմանված ժամկետը բավարար չէր գործընթացը բոլոր շահառուների հետ պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Թվով 40 շահառու ՀՀ տարածքից դուրս գտնվելու, բնակության վայրը փոխելու, բացակա լինելու և անհայտ պատճառներով չէին ստացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ուղարկված ծանուցումները։

Բացի այդ, որոշման մեջ առկա չէր որևէ իրավակարգավորում՝ ՀՀ-ից ուսման նպատակով դուրս գտնվելու դեպքում լիազորագրի հիման վրա սեփականության իրավունք ձեռք բերելու մասին։

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն առաջացավ երկարաձգել որոշման հավելվածում նշված անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու՝ որոշումով սահմանված ժամկետը»,- նշված է նախարարության պատասխանում։

Մեր հարցմանը զուգընթաց Սրբուհին կրկին դիմում է նախարարություն։ Այս անգամ նրան հայտնում են, որ նվիրաբերության գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, և ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խնդրահարույց դեպքերը ներկայացվել են Գլխավոր դատախազություն՝ լիազորությունների սահմանում ուսումնասիրություն կատարելու և իրավական գնահատական տալու նպատակով:

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով նվիրաբերության գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև որոշմամբ նախատեսված՝ այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով բնակարանները նվիրաբերելու պայմանը և Գլխավոր դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրության հանգամանքը՝ նախարարությունը դիտարկում է նվիրաբերության գործընթացը երկարաձգելու հնարավորությունը»,- նշված է շահառուին տրված պատասխանում։

Սակայն, «Հետք»-ին տրված պատասխանում ոչ մի խոսք չկար այն մասին, որ դատախազությունն ուսումնասիրություն է սկսել։

Դատախազությունը մեղադրում է ԱՍՀ նախարարության աշխատակիցներին մահացած անձանց կառավարության որոշման մեջ ներառելու համար

Գրավոր հարցմամբ դիմել էինք նաև Գլխավոր դատախազություն՝ հասկանալու, թե ինչ ուսումնասիրություն են կատարում։ 

Դատախազությունից «Հետք»-ին հայտնել են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքի համաձայն՝ մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու կամ մինչև 6 ամիս ժամկետով այլ բնակավայր մեկնելու դեպքում շահառուները պարտավոր են գրավոր տեղեկացնել նախարարությանը, իսկ 6 ամսից ավելի բնակարանում չբնակվելու դեպքում շահառուների հետ անհատույց օգտագործման իրավունքով կնքված պայմանագրերի գործողությունը դադարում է։

«Մինչդեռ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում, տևական ժամանակ Հայաստանից բացակայելու, բնակտարածքը չօգտագործելու, անշարժ գույքի առկայության, անգամ մահվան դեպքերում շահառուների հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը լուծելու փոխարեն նրանց ներառել են Կառավարության որոշման նախագծի ցուցակում»,- ասված է դատախազության պատասխանում։

2022 թ.-ի հունիսի 21-ին քրեական գործ է հարուցվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter