HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021թ տարեկան հաշվետվությունը

Այսօր` հունիսի 25–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: 

Ինչպես տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը, նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 22 անդամները, որից 4-ը՝ հեռավար:

Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո:

Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է.

«Այս տարի մեր հանդիպման առիթը կրկնակի տոնական է՝ լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը:  «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե չունի նմանօրինակը: Այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի Հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունն անբասիր պահելուն»:

Համաձայն օրակարգի՝ նիստի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականին գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի տարեկան հաշվետվության լսումը, որի ընթացքում ներկայացվել են Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական,  բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: 

Հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021թ տարեկան ֆինանսական և 2021թ. գործունեության տարեկան հաշվետվությունը:

Քննարկվել է Հիմնադրամի նոր խմբագրությամբ  կանոնադրության նախագիծը, որոշվել է լրամշակելու նպատակով ստանալ և ամփոփել առաջարկությունները և նախագիծը ներկայացնել խորհրդի հաստատմանը առաջիկա նիստի ընթացքում։  Նաև քննարկվել են Հիմնադրամի հետագա անելիքները:

«Հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան  բազմաթիվ հարցադրումներ, որոնց  տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ, բոլոր որոշումներն ընդունվեցին միաձայն»,–նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter