HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում նշել են Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111–ամյակը

Հունիսի 25–ին մեծ հանդիսավորությամբ նշվել է Կապանի գլխավոր սրբավայրի՝ Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111–ամյակը։ Տոնը խորհրդանշական է եղել նրանով, որ նշվել է նաև վանական համալիրի ուխտի օրը։ Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վաղ առավոտյան հարյուրից ավելի ուխտավորներ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և հոգևորականների ուղեկցությամբ՝ ոտքով հաղթահարել են Վահանավանքի բարձունքն ու մասնակցել տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին։ Այն մատուցվել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի, Հոգեշնորհ հայր Գարեգին Վարդապետ Համբարձումյանի, Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի և Վահանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ։ Այնուհետև Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի նախագահությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս ծագերը:

Միջոցառմանը ներկա են գտնվել և շնորհավորանքի խոսքով հանդես եկել Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գևորգյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը։

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հատկապես կարևորել է Վահանավանքի դերը՝ որպես Կապան աշխարհի պատմամշակութային կարևորագույն արժեք և ի հակադրումն թշնամու հայտարարությունների՝ տարածաշրջանի հայկականությունը ապացուցող պատմական վկա։

«Մեկ անգամ չէ, որ թշնամին խեղաթյուրում է պատմական ակնհայտ փաստերը՝ մասնավորապես օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այն ինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել»,- ասել է նա։

Օրն առավել տոնական և հիշարժան են դարձրել «Գեղարդ» երգչախումբն ու Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ իրենց հայկական ազգային երգերի ու պարերի կատարումներով։ Եկեղեցին լեցուն է եղել բազմաթիվ փոքրիկներով, հավատացյալներով, զբոսաշրջիկներով և հյուրերով, ովքեր հնարավորություն են ունեցել նաև օգտվելու տոնական օրվա առթիվ կազմակերպված հյուրասիրությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter