HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 124-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 124-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

  • Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում տեղի է ունեցել ինքնիշխան պարտքային պարտավորությունների մասով 1918 թվականից ի վեր առաջին դեֆոլտը։ Գործակալության տվյալներով՝ հունիսի լույս 27-ի գիշերը լրացել է մայիսի 27-ին վճարման ենթակա շուրջ 100 միլիոն դոլարի տոկոսների վճարման արտոնյալ ժամանակահատվածը։ Ընդ որում, Bloomberg-ը նշում է, որ հաշվի առնելով տնտեսությանն ու շուկաներին հասցված վնասը, դեֆոլտն առայժմ խորհրդանշական բնույթ է կրում, եւ «քիչ բան է նշանակում ռուսաստանցիների համար»:
  • Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան ընդլայնում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Դրանք ներառում են ռուսական ոսկու ներկրման արգելքը, ինչպես նաև սահմանափակումներ ռուսաստանցի 70 ֆիզիկական և 90 իրավաբանական անձանց նկատմամբ։
  • CNN-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն այս շաբաթ նախատեսում է հայտարարել Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգերի փոխանցման մասին։ Այդ մասին ավելի վաղ խնդրել էր Կիևը։
  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես է եկել Մեծ քսանյակի գագաթնաժողովի բոյկոտելու գաղափարի դեմ, եթե դրան մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա պետությունների միջև համագործակցության այդ ձևաչափը շատ կարևոր է համարում։

The New York Times թերթը հրապարակել է հունիսի 25-26-ին Ուկրաինայի տարածքների հրթիռակոծման քարտեզները

Այնտեղ երևում են հրթիռների ընկնելու և արձակման ուղղության վայրերը։

Երևում է, որ արձակումներն իրականացվել են Բելառուսի տարածքով։ Ընդ որում, պարբերականը հիմնվում է ուկրաինական հետախուզության տվյալների վրա։

Մարիուպոլի Լևոբերեժնիի շրջանի բնակելի տներից մեկում հայտնաբերվել է ավելի քան 100 մարմին

Այդ մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշենկոն։

Նրա խոսքով՝ մարմինները մինչ օրս գտնվում են փլատակների տակ։ Անդրյուշենկոյի պնդմամբ՝ ռուսական զորքերը, որոնք գրավել են քաղաքը, չեն պատրաստվում նրանց հանել փլատակների տակից և հուղարկավորել։ Թե ինչպես է Անդրյուշենկոյին հայտնի դարձել այդ մանրամասները, նա չի նշել։

Բացի այդ, Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականը հայտնել է, որ քաղաքում շարունակվում է տարերային գերեզմաններից մարմինների արտաշիրմումը։ «Առաջնահերթությունում են դպրոցների և մանկապարտեզների բակերը»,- ասել է Անդրյուշենկոն։

Ուկրաինայի անվտանգության ծառայություն. Բելառուսը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին

Ուկրաինական հետախուզության փոխանցմամբ՝ Բելառուսի ղեկավարությունը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Բելառուսին, մասնավորապես, Բելգորոդի մարզ է ուղարկվել սպառազինության հերթական խմբաքանակը տեղափոխող մինչև 20 մեքենա։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Հունիսի 26-ին Կիևի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածները, հավանաբար, կարելի է համարել Ուկրաինային օգնության մասին արևմտյան երկրների քննարկմանը պատասխան, որոնք իրականացվել են Բավարիայում Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպման շրջանում։
  • Կրեմլը շարունակում է փոխել ներպետական օրենսդրությունը, որպեսզի իրականացնի Ուկրաինայում իր գործողություններին աջակցության «գաղտնի զորահավաք»։ Խոսքը գնում է այն առաջարկի մասին, որոնք դպրոցների շրջանավարտները կարող են պայմանագրային ծառայության անցնել ՌԴ զինված ուժերում։
  • ՌԴ ԶՈւ ռազմաքաղաքական վարչության տնօրեն, գեներալ գնդապետ Գենադի Ժիդկոն, ամենայն հավանականությամբ, իր վրա է վերցրել Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարության դերը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։
  • Ռուսական զորքերը շարունակում են հարձակումը Լիսիչանսկի հարավային մատույցների ուղղությամբ՝ փորձելով պահպանել վերահսկողությունը Բախմուտ-Լիսիչանսկ մայրուղու նկատմամբ, ինչպես նաև ուժեղացնում են հրետանային հարվածները Ուկրաինայի հարավային ուղղությամբ։

Զելենսկին Արևմուտքին կոչ է արել Ուկրաինա մատակարարել ՀՕՊ համակարգեր

«Մեզ անհրաժեշտ է հզոր հակաօդային պաշտպանություն։ Ժամանակակից, ամբողջությամբ արդյունավետ, որը կարող  է տալ այդ հրթիռներից ամբողջական պաշտպանություն։ Այդ մասին մենք ամեն օր խոսում ենք գործընկերների հետ»,- իր կիրակնօրյա տեսաուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Արդեն կան որոշ պայմանավորվածություններ։ Եվ գործընկերները պետք է արագ շարժվեն, եթե նրանք իրոք գործընկեր են, այլ ոչ դիտորդներ։ Մեր երկրին զենքի փոխանցման ձգձգումները, ցանկացած սահմանափակումները դրանք իրականում Ռուսաստանի համար նորից ու նորից հարվածելու հրավեր են»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ևս Արևմուտքին կոչ էր արել Ուկրաինային մատակարարել հակահրթիռային պաշտպանության արդյունավետ համակարգեր։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ Ռուսաստանն իր տարածքից, Բելառուսի տարածքից, Կասպից ու Սև ծովերի ավազաններից հրթիռակոծում է Ուկրաինային՝ սպառնալիք են հանդիսանում եվրոպական անվտանգության համար։ 

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter