Առեւտուրը կանանց համար ապրուստի միակ միջոցն է
Գորիսի «Մելիք-Բարխուդար» կոչվող շուկայում առեւտուր անողների մեծ մասը կանայք են:
Նրանք հագուստ ու կոշկեղեն են վաճառում, որոնք բերում են Բագրատաշենից կամ մայրաքաղաքից, հիմնականում՝ Հրազդանի շուկայից: Բավական երկար ճանապարհ են անցնում, ամբողջ գիշեր գնումներ կատարում մանրածախ առեւտրով զբաղվողներից, լուսադեմին նույնքան ճանապարհ կտրելով՝ վերադառնում Գորիս: Շատերն ասում են, որ թեեւ հիմա համեմատաբար թանկ գնով են ապրանք ձեռք բերում, բայց նախկինի պես Բագրատաշեն գնալ-գալու, մաքսատան խնդիրը չկա:
«Մաքսատներում հիմնականում լավ փող էին պոկում, քան ծառայում իրենց կոչմանը, ավելորդ քաշքշուկները լարվածություն ու հիասթափություն էին առաջացնում,- ասում է շուկայի վաճառողուհիներից մեկը, եւ ավելացնում,- հիմա, փառք Աստծո, այդ խնդիրը չունենք, բայց միեւնույն է, գնալով մեր աշխատանքն ավելի է վատանում»:
Վաճառողուհիների խոսքերով՝ շուկայից հիմնականում առեւտուր են անում միջին եւ ցածր խավի մարդիկ: Տիկին Ալվարդը տասը տարուց ավելի է առեւտրով է զբաղվում. «Նախկինում վարկ էի վերցրել, համեմատաբար լավ էի աշխատում, այն ժամանակ խանութներն այսքան շատ չէին, առեւտուր կար, կարողանում էի վարկս մարել: Նախկինից որոշակի գումար ունեմ, իմ միջոցներով եմ հիմա առեւտուր անում: Խնդիրն այն է, որ մարդիկ միայն պարտքով են ապրանք տանում: Շատ մեծ դժվարությամբ ենք պարտքերը հավաքում, չենք կարողանում կլորիկ մի գումար կուտակել, «ապրանքի գնալ»:
Վերջերս կանանց խնդիրներով զբաղվող տեղական հասարակական կազմակերպություններից մեկը թրաֆիկինգի մասին սեմինար էր կազմակերպել, որտեղ խոսում էին նաեւ աշխատանքային թրաֆիկինգի մասին, ես էլ կարծիք հայտնեցի, թե ինչու են արտերկրի մասին խոսում, Հայաստանում էլ կա. աշխատում ես, չարչարվում, դրա դիմաց քեզ չեն վճարում, մարդիկ աշխատանք չունեն, վճարունակ չեն, բայց առաջին անհրաժեշտության հագուստ, կոշիկ պիտի գնի՞, թե ոչ»:
«Եթե աշխատանք լիներ, մարդիկ աշխատավարձ ստանային, մեր պարտքերն էլ ժամանակին կտային»,- ընկերուհուն ընդմիջում է Ռուզաննան:
«Տարվա մեջ որոշ օրեր կան, երբ առեւտուրն աշխուժանում է, դրանով ենք ապրում՝ մարտի 8-ին, «Վերջին զանգին», սեպտեմբերի 1-ին»,- շարունակում է Ալվարդը:
Նրա կարծիքով՝ առեւտուրը չի աշխուժանում նաեւ այն պատճառով, որ իրենք ստիպված համեմատաբար էժան եւ ցածրորակ ապրանք են գնում, իսկ մարդիկ հիմա շատ բծախնդիր են, տեսականին հարուստ պետք է լինի, ապրանքը՝ անընդհատ թարմացվող: «Իսկ եթե գումար չկա, բնականաբար, մրցակցությանը չես կարողանում դիմանալ,- ասում է Ալվարդը եւ մատնացույց անում շուկայի դատարկ սեղանները:- Այստեղի կանգնողները վարկով են աշխատել, մի քանի տեսակի հագուստ բերել, հիմա չկան, եղածը պարտքով տվել են, վարկն էլ չեն կարողացել մարել, ստիպված իրենց կերակրող միակ միջոցը՝ առեւտուրն էլ են թողել»:
Շուկայում «կանգնողները» շենքի սեփականատիրոջն օրական 900 դրամ են վճարում: Շատերն այդքան էլ առեւտուր չեն անում, պարտքով մեկ ուրիշից են վերցնում, օրավարձը վճարում: Ամբողջ օրը ոտքի վրա են՝ ո՛չ շաբաթ ունեն, ո՛չ՝ կիրակի: Առեւտուր անող կանայք ասում են, որ տղամարդիկ քիչ են շուկայում, դժվար է հանդուրժել հաճախորդների քմահաճույքները, ընկնել պարտքատերերի հետեւից, փոքր քաղաք է, շատ դեպքերում էլ փողն ուզելով՝ դառնում են նրանց թշնամին: Տասը տարուց ավելի շուկայում առեւտուր անողներն ավելի են հմտացել, ճանաչում են իրենց հաճախորդներին, գիտեն՝ ում վստահել, ումից կարող են ժամանակին պարտքը ստանալ, իսկ նրանք, ովքեր վերջին մի քանի տարում են սկսել աշխատել, դժգոհ են: Առեւտրով զբաղվող կանանց մեծ մասը նախկինում աշխատել է դպրոցում, բյուջետային տարբեր հիմնարկներում, սովոր են գրասենյակային աշխատանքի:
Կանայք ամիսներ շարունակ ստիպված են ծանր պայուսակները քարշ տալով շրջել Երեւանի, Բագրատաշենի շուկաներում: Անքուն եւ անհանգիստ օրեր են անցկացնում, մինչեւ ապրանք են բերում: Կանանցից մեկը ցույց է տալիս ծանր պայուսակներից առաջացած ուսի կապտուկները եւ ասում. «Մինչեւ սա անցնի, նորը կառաջանա, աշխատում ենք այսպես՝ մեր առողջության հաշվին: Տրանսպորտի, շուկայի եւ այլ ծախսերը միասին, եթե փակում ենք, մեզ չնչին գումար է մնում, բայց ի՞նչ արած, ուրիշ աշխատանք չկա, շատերն ասում են՝ եթե եկամուտ չունենաք, առավոտից երեկո չեք կանգնի, դժվար է բացատրել, որ ոչ մի կնոջ հաճելի չէ այսքան ֆիզիկական ծանրություն կրել, օրերով ընտանիքիդ, երեխաներիդ երեսը չտեսնել, ինչ է թե նրանց հացի խնդիրը կարողանաս հոգալ, սա է փաստը»:
«Կողքից հեշտ է թվում, բայց վախը, ամբողջ օրը լարված ու անարդյունավետ աշխատանքը հյուծում են մեզ»,- վրդովված զրույցին խառնվում է Թամարը:
Առեւտրից, աշխատանքի դժվարություններից դժգոհում են նաեւ այն կանայք, ովքեր խանութներում են աշխատում: Նրանց խոսքերով՝ բավական բարդ է շփվելը տարբեր ճաշակի ու նախասիրությունների տեր մարդկանց հետ: Հազար անգամ շրջում են խանութում, չեն կողմնորոշվում, եթե փորձես միջամտել, կոպտում են, անպատվում, բայց խանութներից, ի տարբերություն շուկայի, առեւտուր են անում հիմնականում միջինից բարձր խավի մարդիկ, եւ պարտքերը հավաքելու խնդիրը մեծ չէ:
Առեւտրով զբաղվողներն աշխատում են հիմնականում վարկով: Չնայած դժվարությամբ են գումար վաստակում, բայց վարկի մարումը կատարում են պարտաճանաչ:
««Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի Սյունիքի մասնաճյուղի կառավարիչ Էդուարդ Ղուդրունցի խոսքով՝ իրենց կազմակերպությունից վարկեր ստանում են միայն կանայք: Տրվում են երաշխիքային խմբային վարկեր, յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 5 կին: Վարկի դիմաց գրավ չի դրվում, մարման երաշխիքը խմբի մնացած անդամներն են: Էդուարդ Ղուդրունցի վկայությամբ՝ իրենք դատական գործ դեռեւս չունեն: Վարկերը կանայք մարում են պարտաճանաչ: Պատահում է՝ ծանոթներից պարտք են վերցնում, միայն թե ժամկետանց վարկառուների ցուցակում չհայտնվեն:
«Կանայք ներգրավվում են հատկապես մանր ու միջին բիզնեսում: Խոշոր բիզնեսում նրանց մասնակցությունը նկատելի չէ, սակայն մանր ու միջին բիզնեսում որոշակիորեն ավելացել է: Հաճախ կանայք վարկ վերցնում են իրենց ամուսինների համար, օրինակ՝ տաքսի ծառայություն կազմակերպելու կամ առեւտրի կետ բացելու համար»,- նշում է Է.Ղուդրունցը:
Այս դժվարություններով հանդերձ, այնուամենայնիվ, կանայք առեւտուրը դիտում են որպես ընտանիքին կերակրելու միակ միջոց: Գորիսեցի Սիլվա Մնացականյանը երեք անչափահաս երեխաների մայր է, ապրում է վարձով: Ընտանիքում աշխատում է միայն ամուսինը, ավտոմեքենաներ է վերանորոգում: Օրական 1000 դրամ է վաստակում: «Երեխաներին սնունդ, հագուստ, կոշկեղեն հազիվ ենք հասցնում,- ասում է Սիլվան եւ ավելացնում,- ու՜ր մնաց իմ մասին մտածեմ, ես ինձ վաղուց եմ մոռացել: Մի գործ լիներ, կաշխատեի, նվազագույն գումար ունենայի, առեւտուր կսկսեի, ամեն անգամ ամուսնուցս փող ուզելիս տունն անպայման կռիվ է ընկնում, մի կերպ է աշխատում: Եթե ես էլ աշխատեի, գոնե մի քիչ այդ վեճերից, խնդիրներից կազատվեի, ինձ նորմալ մարդ կզգայի, ուրիշների նման մեկ-մեկ վարսահարդարման սրահ կգնայի: Այս վիճակից նյարդային եմ դարձել, ամբողջ օրը երեխաներիս հետ անգամ չեմ կարողանում սիրալիր լինել: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ նրանք ինչո՞վ են մեղավոր, բայց այլընտրանք չկա, մի տեղով պետք է բարկությունս հանեմ: Հաճախ ինքս ինձ մեղադրում եմ երեք երեխա ունենալու համար՝ մտածելով, որ մեկի դեպքում այսքան հոգսաշատ չէի լինի, բայց նաեւ հուսադրում եմ, որ մեծանալով` նրանցից մեկն իր տեղը կգտնի եւ կօգնի ընտանիքին»:
Քարաշեն գյուղի բնակչուհի Սվետլանա Հովսեփյանը երկար տարիներ մանկապարտեզի վարիչ է եղել: Համայնքային իշխանությունը միջոցներ չունի, եւ մանկապարտեզը փակվել է, ինքն էլ, մյուս աշխատողների նման, գործազուրկ է դարձել: Երեխաներին պահելու համար ամուսինները որոշել են անասնապահությամբ զբաղվել: Տարվա մեծ մասը երեխաներին թողնում են գյուղում՝ տատիկի խնամքի տակ, իրենք անասունները տանում են սարերը, սակայն, միեւնույն է, ընտանիքի կենսամակարդակը չի փոխվում՝ կամ օձերն են վնասում անասուններին, կամ տարբեր հիվանդություններով վարակվում են:
«Ես եւ ամուսինս բարձրագույն կրթություն ունենք, ժամանակին լավ աշխատանք ենք ունեցել, որը ոչ մի կապ չունի անասնապահության հետ: Գուցե դրանից է, որ չենք կարողանում գործը հաջող կազմակերպել, արդյունքում էլ «դառը դատում ենք, դատարկ նստում»,- հուզմունքը չի կարողանում զսպել Սվետլանան:
Իրինա Յոլյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել