Սրսկումներից տուժել են մեղվաընտանիքները
«Անցյալ տարվա տվյալներով՝ Կապանի տարածաշրջանում մեղվաընտանիքների թիվը հասել էր 7000-ի, 2500-3000 մեղվաընտանիք անկում է ապրել, եւ անկման 80%-ի պատճառը անտառային սրսկումներն են եղել»,- ասում է «Կապանի մեղու» ՀԿ-ի նախագահ Արմեն Մարգարյանը:
Այս տարի Հայաստանի անտառները սրսկվելու են հարավից-հյուսիս, եւ գործընթացը սկսվել է ամենահարավային շրջաններից՝ Մեղրիից եւ Կապանից։ Ա. Մարգարյանն արդեն անհանգստացած է, որ անցյալ տարվա նախադեպը կարող է կրկնվել:
Անցյալ տարի կապանցի մեղվապահները համախմբվել են, դիմել բնապահպանական մարզային տեսչություն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` փոխհատուցման պահանջով։ Արձագանք չի եղել, մեղվապահներին չեն փոխհատուցել։ Այս տարի էլ տագնապով սպասում են սրսկումների հետեւանքներին։
Կապանի անտառտնտեսության տնօրեն Լեւոն Գեւորգյանն ասում է, որ իրենք տեղական լրատվամիջոցներով նախապես հայտարարություն էին տվել սրսկումների մասին, եւ դրա հետեւանքների համար պատասխանատվություն չեն կրում։
2003 թ.՝ մոտ 13 տարվա ընդմիջումից հետո, մեր երկրում վերսկսվեցին անտառային սրսկումները։ Անտառպահպանության այս միջոցը նախորդ տարիներին իրականացվում էր հատվածաբար, այդ պատճառով, ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ անտառների պահպանության եւ պաշտպանության մասնագետ Տարոն Մանուկյանի, արդյունքը չէր երեւում։ Վնասատուները սրսկված տարածքներ էին տեղափոխվում վարակի օջախներից։
«Պայքարում ենք տերեւակեր վնասատուների եւ անտառային հիվանդությունների դեմ։ Կատարում ենք փոքր ծավալի աշխատանքներ, բայց ընտրում ենք ամենավարակված տարածքները»,- նշում է Տարոն Մանուկյանը։
Սրսկման ենթակա տարածքը նախապես ընտրում են մասնագետները, իսկ սրսկման արդյունքները երկու ժամ հետո պարզ են լինում, բայց երկու-երեք օր հետո կրկին հետազոտություններ են անցկացնում՝ վերջնական արդյունքը ճշտելու համար։ Անցյալ տարվա դիտարկումներով՝ 80-%-ով իրականացել են սրսկումներից ակնկալվող արդյունքները։ Սրսկված տարածքներում վնասատուները վերացել են։
Անցյալ տարի դեղամիջոցներով մշակված տարածքներն, ըստ մասնագետների, առավել փարթամ են դարձել։ Տերեւակեր վնասատուները վնասում են անտառի կանաչ զանգվածը, խախտում անտառի բնականոն աճը։
«Չորացած զանգվածը մեծացնում է նաեւ անտառներում հրդեհների բռնկման հավանականությունը: Իսկ սրսկումները նվազեցնում են հրդեհների ծագման հավանականությունը, թույլ չեն տալիս, որ անտառում հիվանդությունները զարգանան եւ չոր զանգվածներ գոյանան»,- ասում է գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է ամեն տարի ուղղաթիռով սրսկել անտառները: Դեղամիջոցները տրամադրում է հենց այս գերատեսչությունը։
Սյունիքում այս տարի մոտ 7000 հա է սրսկվելու, սակայն, ըստ մասնագետների, դրա կարիքն ունի անտառտնտեսության մեծ մասը։
Կապանի տարածաշրջանում 40.000 հա անտառը եւս միանգամից չի սրսկվի։ Անցյալ տարի 4000 հա-ի վրա են ուղղվել թունաքիմիկատները, այս տարի ընտրվել է 3000 հա տարածք։ Օրական սրսկվում է 800-1000 հա անտառային տարածք, Կապանում աշխատանքներն ավարտվել են չորս օրում։
«Կապանի տարածաշրջանի անտառներում հիմնականում պայքար մղում ենք կաղնու ծառատեսակի վնասատուների դեմ, առավել շատ վարակի օջախներ այս ծառատեսակներն են կրում։ Անցյալ տարի էլ ենք սրսկումներ կատարել»,- տեղեկացնում է Կապանի անտառտնտեսության տնօրեն Լեւոն Գեւորգյանը։
Կապանի բնակիչ Մերուժան Գրիգորյանը զբաղվում է այգեգործությամբ։ Ըստ նրա՝ սրսկումներն անձամբ իրեն ձեռնտու են. «Երկու-երեք տարի առաջ այգուս տանձենու ու խնձորենու վրա տերեւ չէր մնացել, թրթուրներն ուտում էին դրանք: Անցյալ տարվա սրսկումներից հետո թրթուրները վերացան»,- պատմում է նա։
Մերուժան Գրիգորյանը նաեւ մեղվապահ է, 30 մեղվաընտանիք ունի։ Օդաչուների հետ ավիացիոն սրսկումների ժամանակ թռչում էր, որպեսզի ցույց տա այն տարածքները, որտեղ մեղուներ են պահվում։ Նա ասում է, որ սրսկումների օրերին մեղուներին թունավորումից փրկել է՝ փակելով նրանց փեթակում։ «Մարդիկ կան, որ չեն ապահովել մեղուներին թունավորումից, թրթուրներն ավելի վնասակար են, քան սրսկումները»,- ասում է Մ. Գրիգորյանը։
«Նախօրոք մեղուներին 7-10 կմ սրսկման տարածքից հեռու պետք է տանել,- ասում է «Կապանի մեղու» ՀԿ-ի նախագահ Արմեն Մարգարյանը,- բայց քանի որ ոչ բոլորն ունեն փեթակները տեղափոխելու հնարավորություն, ուստի, ապահովության համար, պետք է փակեն»։ Ըստ Արմեն Մարգարյանի՝ մեղուների մի մասը, ծաղկափոշի վերցնելով, տեղում է մահանում, մյուս մասը հասցնում է ծաղկափոշին փեթակ բերել, թունավորել սերնդին, իսկ մի քանի օր հետո ինքն էլ է մահանում։ «Տեսեք, փակում ենք, առավոտյան, երբ արեւի շողերը փեթակից ներս են մտնում, մեղուները ցանկանում են դուրս թռչել այդտեղից, փեթակի առջեւ կուտակումներ են ստեղծվում, մեղուները խեղդվում են։ Նաեւ այսպես են անկում ապրել մեղվաընտանիքները»,- բացատրում է Արմեն Մարգարյանը։ Ըստ նրա՝ պարզ չէ, թե ինչ դեղամիջոց են սրսկում, քանի ժամ կամ քանի օր է պահում այն իր ազդեցությունը։
Թունաքիմիկատներն, ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետների, վտանգավոր չեն, եթե կենդանիների ու մարդկանց անմիջական շփում չկա։ Բնությանն, ըստ նրա, ընդհանրապես վնաս չէ, ընդհակառակը՝օգնում է։ Իսկ մեղուներին վնասում են, եթե դրանք գտնվում են սրսկված տարածքում։
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայ ա ստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ
Արմինե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել