HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա

12 արևային ջրատաքացուցիչների տեղադրումն Արցախում ավարտվել է։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է նորագույն էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group ընկերությունների խումբը։  

Ինչպես հայտնում է ընկերությունը, «Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է արևային էներգիան օգտագործելով՝ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։

«Մեր նպատակն է հասնել այն հանգրվանին, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արևային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես մենք կապահովենք Արցախի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, այսինքն՝ թշնամու ոտնձգությունների պատճառով տեղի ունեցող գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը ոչ միայն կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ, այլև չի ծանրաբեռնի էլեկտրացանցը, և չեն լինի հոսանքազրկումներ»,- ասել է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։ 

«Արևածագ Արցախում» նախագծի մեկնարկը տրվել է այս տարվա ապրիլին՝ կոչ անելով հայերին և առհասարակ աշխարհին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ոչ միայն հետպատերազմյան բնակավայրի վերականգնմանը, այլև արևային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայրի պահպանմանն ու մոլորակի ռեսուրսների խնայմանը։

Shtigen Group-ն արևային ջրատաքացուցիչները տրամադրել և տեղադրել է անվճար՝ Արցախ գործուղելով իր մասնագետներին։ Շահառուների ցուցակը կազմվել է՝ այս փուլում առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին։ Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։

«Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական խոշոր ներդրում, ահռելի ջանքեր և աննահանջ հետևողականություն պահանջող ծրագիր ենք նախաձեռնել։ Բայցև վստահ ենք, որ ռազմավարական նշանակության այս նախագիծն իրագործելի է, և իրագործումն սկսում ենք մեր վճռական քայլով»,- նշել է Հայկ Շեկյանը։

Նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter