HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեղական ինքնակառավարումը հորինվածք է»

Արմանն ապրում է նախկին Կապանի շրջանի Չափնի գյուղում, ամեն օր 7 կիլոմետր ճանապարհ է անցնում՝ հարեւան Սեւաքար համայնքի ութամյա դպրոցում սովորելու համար:

Գել ու գազանից չի վախենում, բայց չգիտի, թե ութերորդն ավարտելուց հետո որտեղ պիտի շարունակի ուսումը: Չի էլ որոշել՝ եթե Կապան կամ Երեւան գնա, հետո վերադառնա՞ գյուղ, թե ոչ...

«Տեղական ինքնակառավարումը հորինվածք է, ոչ մի կառավարում էլ չկա: Մենք ընդամենը գյուղի մարդկանց այգիների չափարների, սահմանների ու էդ այգիների մարգերը քանդող անասունների պատճառով առաջացած կռիվները հարթեցնող հաշտարարի դեր ենք կատարում: Շատ խնդիրների լուծման համար մարդիկ չեն էլ դիմում համայնքային իշխանությանը, գիտեն, որ ձեռքին բան չկա: Երեխա ծնվի, մարդ մահանա, ժառանգության խնդիր լինի, ամեն փաստաթղթի համար մարդիկ մարզկենտրոն են հասնում, ստացվում է, որ համայնքի բնակիչների համար ձեռքիդ ոչ մի բան չկա: Դրա կողքին պարտականությունները բազմաթիվ են, որոնք էլ, եթե հույսդ դնես պետական լրավճարին, որ կարողանաս երկու կոպեկով գյուղիդ որեւէ սոցիալական խնդիրը լուծել, պիտի ամաչես գյուղամեջ դուրս գալ,- ասում է Կապանի տարածաշրջանի Սեւաքար համայնքի ղեկավար Արշավիր Հակոբյանը:

«Զարմանալին էն է,- շարունակում է համայնքի ղեկավարը,- որ դեռ երբեմն խոսում են ավագանիների դերի մասին: Տեսնես էդ օրենքը գրողը երբեւէ Երեւանից հեռու մի գյուղում եղե՞լ է, թե արտասահմաններից են «թխել» օրենքը: Տեղական ինքնակառավարման ընտրությունների օրերին դռնեդուռ ես ընկնում, խնդրում, որ իրենց թեկնածությունը դնեն ավագանու անդամի համար, ոչ մեկը չի ուզում, նրանց նախընտրական հիմնադրամն էլ ենք վճարում, որ ընտրությունները կայացած համարեն: Չգիտեմ էլ, թե նրանք ի՞նչ պիտի անեն: Առանց աշխատավարձի նրանցից ի՞նչ պահանջես: Թող Ազգային ժոողովի պատգամավորների ստացածի մեկ տոկոսից էլ քիչ ավագանիներին հատկացնեն, նրանք էլ հետաքրքրված կլինեն ընդգրկվելու համայնքային կարիքների լուծման գործում,- նկատում է Ա. Հակոբյանը եւ խոսքն ավարտում զարմանալի մի մեկնաբանությամբ,- մի բան հաստատ է. էն գյուղում, որտեղ համայնքի ղեկավարը թույլ եղավ, ավագանին իր կամքը կթելադրի: Միակ միջոցը, եթե ուզում ես համայնքիդ մարդկանց ապրելակերպը մի քիչ բարելավել, կա՛մ լավ ընկերներ պիտի ունենաս, կա՛մ բարիդրացիական հարաբերություններ հաստատես կոմբինատի հետ, ուրիշ ելք չկա: Մեր գյուղը կոմբինատն է պահում»:

Իրոք, Սյունիքի, մասնավորապես Կապանի տարածաշրջանում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն ինքնակամ ստանձնել է պետության պարտականությունների մի մասը, որոնց մեջ առանձնանում է համայնքային տարբեր խնդիրների լուծմանն աջակցելու գործը: Մարզկենտրոնից՝ 21, մայրաքաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվող Սեւաքար համայնքում միայն անցած տարի 10 միլիոն դրամից ավելի ներդրումներ են կատարվել` նորոգվել են համայնքապետարանի, կենցաղի տան, անասնաբուժական ծառայության կետի շենքերը: Լուծվել է գյուղի գիշերային լուսավորվածության խնդիրը:

Դրա փոխարեն՝ կոմբինատի թափոնների արտանետման համար գյուղի տարածքից 50 հա վարձակալվել է, այս տարվանից սկսած՝ կոմբինատը տարեկան մոտ 7 միլիոն դրամ վարձակալական վճար կտա համայնքին:

Գնահատելով բյուջեի համար լրացուցիչ միջոցներ գտնելու՝ տեղական իշխանությունների ջանքերը՝ պետք է, այնուամենայնիվ, նկատել, որ հենց այդ արտանետումների պատճառով սեւաքարցիների այգիներում աճեցված պտուղ-բանջարեղենն էկոլոգիական լուրջ վնասներ է կրում: Պետք է ենթադրել, որ կամ մարդկանց համար դաշտավարությունն ապրուստի միջոց չէ, դրա համար էլ չեն դժգոհում, կամ էլ էկոլոգիական առումով մաքուր գյուղմթերքը հազիվ թե որեւէ մեկին հետաքրքրում է:

Չնայած տարածքի բնակլիմայական բարենպաստ պայմաններին՝ համայնքապատկան 150 հեկտար վարելահողերից մշակվում է ընդամենը 80 հեկտարը, որից 50-ը` միայն համայնքի ղեկավարը:

Գյուղի մարդկանց ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է: Ամեն ընտանիք մոտ մեկ տասնյակ անասուն է պահում, եզդիները նախապես գալիս են, վճարում ամբողջ հոտի համար, հետո մաս-մաս տեղափոխում մայրաքաղաքին հարակից շրջաններ:

Մեր՝ Սեւաքար գնալու նախորդ օրը գյուղում զինվորական ծառայության մեկնող երիտասարդի պատվին ճաշկերույթ էին կազմակերպել: Գյուղի համար դա լուրջ իրադարձություն է: Ո՞վ գիտի, գյուղի ընդամենը 13 աշակերտ ունեցող ութամյա դպրոցն ավարտած ու Կապանում ուսումը շարունակած էլ ո՞ր երիտասարդը գյուղ կվերադառնա, որ նման առիթ լինի:

«Բոլորը գյուղից փախչում են, գան ինչո՞վ զբաղվեն: Իմ տղան էլ է Երեւանում ապրում, կարող է եւ մտքին լինի, բայց ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ՝ աշխատանք: Ամբողջ գյուղով անասնապահներ ենք դարձել: Պետությունը մեզ միայն թոշակ է տալիս` 11000 դրամ, մյուս ձեռքով էլ վերցնում է` է՛լ լույս, հեռախոս, հողի հարկ»,-վրդովվում է երեք երիտասարդ որդիներին կորցրած մի կին:

Հողի հարկի վճարման համար համայնքի ղեկավարն այլընտրանքային միջոց է գտել. «Տարվա ընթացքում որքան հավաքվեց՝ հավաքվեց, դեկտեմբերին գնում եմ Կապանում ձեռներեցությամբ զբաղվող մեր նախկին համագյուղացիներից մեկի մոտ, ամեն անգամ մինչեւ մի 500 հազար տալիս է, բոլորի փոխարեն վճարում եմ, միայն թե պարտք չմնանք պետությանը: Այն, ինչ մենք կարող ենք, տարբեր միջոցներով լուծում ենք, օրինակ՝ խիստ ձմռանը գյուղ տանող ոլորապտույտ ճանապարհը երբեք չի փակվում, որովհետեւ մշտապես մաքրում ենք»,- ասում է Արշավիր Հակոբյանը:

Այդ ճանապարհը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն սեւաքարցիների համար: Ձմռան սառնամանիքին անգամ, ամեն օր հաղթահարելով 3 կիլոմետր ճանապարհը՝ գյուղի դպրոց են հաճախում նաեւ հարեւան Չափնի համայնքի երեխաները, որի դպրոցը փակվել է դեռեւս 90- ականներին:

«Գյուղում տարեցտարի երեխաների թիվը նվազում է, անցած տարի Չափնիում ոչ մի երեխա չի ծնվել: Չեմ հիշում, թե երբ է հարսանիք եղել գյուղում»,- պատմում է Վարդուշ Օհանջանյանը, որի տղաներն ապրում են Կապանում: Նրանք գյուղում սեփականաշնորհված հողեր ունեն, սակայն միջոցներ չկան դրանք մշակելու:

«2007 թվականին մեր համայնքում ոչ մի հեկտար վարելահող չի մշակվել,-ասում է Չափնիի համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Արարատ Անտոնյանը:- Անգամ խոտհարքներից խոտը մարդիկ չեն կարողանում տեղափոխել: Մայրուղուց ընդամենը 2-3կմ հեռավորության վրա գտնվող գյուղում գյուղատնտեսական ոչ մի տեխնիկա չկա, գոնե հակավորող մեքենա լիներ, հերթով օգտագործեինք, ձմռան կեսին մեզ կերակրող անասունները ստիպված չլինեինք մորթելու»:

«Ընտրություններին մեզ լավ էլ հիշում են, գալիս, խոստումներ են տալիս, հետո արդեն մնում ենք միայն քարտեզի վրա»,- դժգոհում է մի երիտասարդ եւ հավելում, որ ամսվա մեջ հեռախոսները երկու շաբաթ էլ չեն աշխատում, բայց ուշացումով ստացած թոշակից հեռախոսի վարձը վերցնում են:

Ընտրություններին մասնակցելը, թերեւս, միակ իրավունքն է, որից օգտվում են այս մարդիկ: Եվ չեն էլ դժգոհում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի իրենց ընտրությունից, բայց միեւնույն է, գյուղի վաղվա օրը չեն տեսնում: 5-րդ դասարանցի Արմանն էլ, ով ընկերների հետ դպրոց գնալ-գալու համար ամեն օր 80 րոպե ոտքով ճանապարհ է անցնում, քմծիծաղ է տալիս, թե ինչու՞ պիտի մնա Չափնիում:

Ամռանը ոչ միայն Չափնին, այլեւ Սեւաքարն ու Եղեգը համեմատաբար աշխուժանում են: Գյուղ են վերադառնում տեղացիների զավակները, որոնց մեծ մասը նախկինում հայրական տունը լքել է նաեւ այն պատճառով, որ միմյանց բավական մոտ գտնվող երեք համայնքներից եւ ոչ մեկում միջնակարգ դպրոց ու երիտասարդներին գյուղում պահելու որեւէ միջոց չկա: Սեւաքարի գյուղապետի խոսքով՝ այսօր իրենց երիտասարդների միակ զբաղմունքը թղթախաղն է ու պարապությունը ցրելու համար հանպատրաստի կերուխումները:

...Ամռան տա՞պն էր մեղավոր, թե տնից դուրս գալու սիրտ չունեին գյուղացիները: Մարդկանց փոխարեն խոսում էին տասնյակ տների դարպասների` տարիների վաղեմություն ունեցող կողպեքները, որոնք ոչ միայն հիշեցնում էին, որ տներում բնակիչներ չկան, այլեւ կենդանի վկայությունն էին այն բանի, որ գյուղերը մեռնում են ճիշտ այնպես, ինչպես օր-օրի աներեւակայելի չափերով աճում են մայրաքաղաքն ու նրա հարակից շրջանները:

Ու գուցե ճշմարիտ է Արշավիր Հակոբյանը, երբ պնդում է, թե տեղական ինքնակառավարումը հորինվածք է, թե չէ ու՞մ համար են աշխատում Սեւաքար, Չափնի, Եղեգ գյուղերի իշխանությունները, եթե միմյանցից մի քանի կիլոմետր հեռու գտնվող համայնքների բնակիչների թիվը չի անցնում հինգ հարյուրը:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter