HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետին

Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Ըստ ԱԳՆ կայքում հրապարակված տեղեկատվության՝ զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա:

Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Հունաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և տնտեսական կապերի հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ հարուստ իրավապայմանագրային դաշտի հնարավորությունների օգտագործման, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման միջոցով։

Քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների ուղեկցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող խնդիրների շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Հայաաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հունաստանի կառավարության՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված օգնությունը:

Նախարար Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter