HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում զուգընկեր ունեցած կանանց 6.6%-ը երբևէ ենթարկվել է սեռական բռնության, 14.8%-ը՝ ֆիզիկական. հետազոտություն

Հայաստանում զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 14.8%-ը երբևէ կյանքի ընթացքում ամուսնու (զուգընկերոջ) կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Վկայում են «Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» տվյալները, ըստ որոնց՝ կանանց որոշակի խումբ նաև սեռական և հոգեբանական բռնության է ենթարկվում։

Հետազոտությունն իրականացրել են Վիճակագրական կոմիտեն, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությունը։ Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2021 թվականի փետրվար-ապրիլին։ Հարցումներին մասնակցել է 2872 կին:

Ըստ ստացված արդյունքների՝ ապտակը, որևէ առարկա կնոջ վրա նետելը ամենից հաճախակի հանդիպող բռնության տեսակն է, որին ենթարկվել է կանանց 13.5%-ը։

Գյուղաբնակ կանայք ավելի շատ են ենթարկվում ֆիզիկական բռնության, քան քաղաքաբնակները։

Զուգընկերոջ կողմից երբևէ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց մեջ գերակշռել են 45-59 տարիքային խմբի կանայք։

Որքան բարձր է կրթական մակարդակը, այնքան նվազում է հղիության ժամանակ ծեծ, ապտակ ստանալու հանգամանքը։

Հայաստանում կանանց մեծ մասը՝ 67%-ը, ոչինչ չի անում բռնությունից պաշտպանվելու կամ բռնությանը պատասխանելու համար։ Կանանց միայն 33%-ն է երբևէ հակահարված տվել զուգընկերոջ բռնությանը։

Քաղաքաբնակ կանայք իրենց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը հակահարված տալու առումով ունեն առավել ոչ հանդուրժողական վերաբերմունք։

Կանանց կողմից զուգընկերոջ ֆիզիկական բռնությանը հակահարված տալու 39.2% դեպքերում այն դադարել է։

Սեռական բռնության է ենթարկվել կանանց 6.6%-ը

Հայաստանում երբևէ զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 6.6%-ը երբևէ ենթարկվել է սեռական բռնության։ Սեռական բռնության դրսևորումներն առավել շատ հանդիպում են քաղաքային բնակավայրերում, քան՝ գյուղական։

Սեռական բռնության ենթարկված կականց 62.5%-ը ենթարկվել է նաև ֆիզիկական բռնության։

Ֆիզիական բռնության ենթարկվածների 27.8%-ը ենթարկվել է նաև սեռական բռնության։

Որքան ցածր է կնոջ կրթական մակարդակը, այնքան շատ են հանդիպում սեռական և ֆիզիկական բռնության ենթարկվելու դեպքերը։ 

Որքան ցածր է կնոջ տարիքը, այնքան բարձր է սեռական բռնության ենթարկվելու տարածվածությունը։

Զուգընկերոջ կողմից սեռական կամ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 20.6%-ը ստացել է որևէ վնասվածք։

Որքան բարձր է կնոջ կրթական մակարդակը, այնքան զուգընկերոջ կողմից կիրառվող ֆիզիկական կամ սեռական բռնությունը ծանր հետևանք է թողնում նրա հոգեկան և մտավոր առողջության վրա։

Ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված կանայք մտածում են ընդհուպ մինչև ինքնասպանության մասին։ Հայաստանում երբևէ զուգընկեր ունեցած կանանց 7.2%-ը լրջորեն մտածել է կյանքին վերջ տալու մասին։

Գրաֆիկում պատկերված են հետազոտության արդյունքները։ Այն առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab)։

Հոգեբանական բռնության զոհերը

Բացի սեռական ու ֆիզիկական բռնությունից, կանայք ենթարկվում են հոգեբանական բռնության։ Հայաստանում երբևէ զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 31.8%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության։

Հոգեբանական բռնությունն փոքր-ինչ ավելի տարածված է քաղաքային բնակավայրերում (32.6%), քան գյուղական (31%)։

Որքան բարձր է անձի կրթության մակարդակը, այնքան շատ են հոգեբանական բռնության ենթարկվելու դեպքերը։

Երբևէ զուգընկեր ունեցած կանանց 5.3%-ը իր կյանքի համար վախեցել է զուգընկերոջից։

Բռնության մշակույթը՝ փոքր հասակից

Փոքր հասակում ընտանիքում բռնության ենթարկվելու փաստն անմիջական ազդեցություն ունի տղամարդու՝ զուգընկերուհուն բռնության ենթարկելու հարցում։

Որքան բարձր է բռնարարի տարիքը, այնքան բարձր են կնոջը ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերը և այնքան ցածր են սեռական բռնության դեպքերը։

Բռնարարի զբաղվածությունը բռնությունը պայմանավորող կարևոր գործոններից մեկն է։ Այն տղամարդիկ, որոնք չունեն եկամտաբեր որևէ զբաղվածություն, ավելի շատ են իրենց կողակից կանանց ենթարկում ֆիզիկական բռնության։

Ալկոհոլային խմիքչի օգտագործումն անմիջական ազդեցություն ունի բռնարարի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու հարցում։

Չխոսելով բռնության մասին

Սեռական բռնության ենթարկված կանայք ավելի շատ են գերադասում չխոսել այդ մասին։ Ֆիզիկական բռնության ենթարկված կականց 44.7%-ը որևէ մեկին չի պատմել բռնության մասին, իսկ սեռական բռնության ենթարկվածների՝ 48%-ը։

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց միայն 12%-ն է դիմել օգնության որևէ պատասխանատու կառույցի։ Ընդ որում՝ այդ կառույցներին դիմել են միայն այն ժամանակ, երբ արդեն չեն կարողացել հանդուրժել բռնությունը կամ բռնության արդյունքում ստացված վնասվածքը։

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված և վերջին անգամ տնից հեռացած կանանց 63%-ը վերադարձել է ամուսնու տուն (ընտանիք):

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 76.5%-ը շարունակում է ապրել բռնարարի հետ՝ երբևէ չլքելով տունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter