HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատությունը» կդառնա թերթ

Կդադարեցվի՞ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումը, թե՝ ոչ, այսօր դժվար է ասել։

Պարզ է միայն, որ Հայաստանի իշխանությունները փորձարկում են ժողովրդին հասանելի վերջին ազատ լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու հնարավորությունը։

«Ա1+» հեռուստաընկերության փակումից հետո «Ազատությունը» միակ լրատվամիջոցն է, որը չի վերահսկվում կառավարող շրջանակների կողմից։ «Ազատությունը» տալիս է օբյեկտիվ տեղեկատվություն, իր եթերում տեղ է հատկացնում Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, արծարծում օրվա կարեւոր խնդիրները։ Այսուհանդերձ, դժվար է այն հակաիշխանական կամ ընդդիմադիր համարել։ Ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներն անում են այն, ինչը նորմալ երկրում պետք է անի ցանկացած լրագրող։

Իշխող «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները (Տիգրան Թորոսյան, Արմեն Աշոտյան եւ ուրիշներ) հավաստիացնում են, թե օրինագծերը «Ազատության» հաղորդումները դադարեցնելու նպատակ չունեն։ Ըստ էության, խոսք չկա այդ լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու մասին։ Նպատակը «Ազատության» հաղորդած տեղեկատվության հասանելիության սահմանների կրճատումն է։ Հանրայինի եթերում հեռարձակվելու հնարավորությունից զրկվելուց հետո «Ազատությունը» կարող է պայմանագիր կնքել մայրաքաղաքում եւ հարակից գյուղերում հեռարձակվող որեւէ FM ռադիոկայանի հետ եւ, լսարանի մեծ մասը կորցնելով, դառնալ իշխանության կողմից չվերահսկվող սահմանափակ ազդեցություն ունեցող թերթերի պես մի բան։

Իշխանությունների այս քայլն, ըստ էության, պատասխանն է միջազգային կազմակերպություններին, որոնք անտեղի ոգեւորությամբ մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները որակեցին ազատ, արդար եւ թափանցիկ՝ բացարձակապես ուշադրություն չդարձնելով այն հանգամանքի վրա, որ դրանք նախապատրաստվել եւ անցկացվել են տեղեկատվական շրջափակման պայմաններում։

Խոսքն ամենեւին ընտրություններին մասնակից ընդդիմադիր գործիչներին բավարար չափով արտահայտվելու հնարավորություն տալու կամ չտալու մասին չէ։ Ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում ժողովրդին հասանելի լրատվամիջոցները (բացառությամբ «Ազատություն» ռ/կ-ի) չեն արծարծում հասարակության համար կարեւոր խնդիրներ։ Չկան քննարկումներ, որոնք կնպաստեն հասարակական կարծիքի եւ քաղաքական հայացքների ձեւավորմանը։ Այս պայմաններում եւ՛ իշխանական կուսակցությունների, եւ՛ ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկող քաղաքացիներն առաջնորդվում են` առաջին դեպքում հարմարվողականությամբ, սեփական փոքր ու մեծ շահերով, իսկ երկրորդ դեպքում՝ անձնական համակրանքով։

«Human Rights Watch» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն անցած ուրբաթ հայտարարել է, թե Հայաստանի խորհրդարանը չպետք է ընդունի երկու օրինագծերը, որոնք արգելում են անկախ լրատվության հիմնական աղբյուր հանդիսացող «Ազատություն» ռադիոկայանի հետագա հեռարձակումը, եւ հիշեցրել, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել՝ ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 10-րդ հոդվածը երաշխավորում է «առանց իշխանությունների միջամտության եւ անկախ սահմաններից տեղեկատվության ու մտքերի արտահայտման եւ տարածման» իրավունքը։

Ստացվում է, որ հանրայինով հեռարձակվող «Ազատությունը»` որպես անկախ լրատվության հիմնական աղբյուր, լիուլի բավական էր Հայաստանում խորհրդարանական ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, իսկ հիմա ժողովրդավարությունը վտանգված է, եւ ինչպես Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին է ակնարկում, կարող է վտանգվել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ապագան։

Այս հիշեցումներն ու զգուշացումները, սակայն, դժվար թե լուրջ ազդեցություն ունենան «Ազատության» հետագա ճակատագրի վրա, որովհետեւ շուկան ընդարձակ է, սակարկելու հնարավորությունը` անսահմանափակ։ Այս «տհաճ» օրինագծերն անցկացնելուց հետո կարելի է միանալ համասեռամոլների իրավունքները պաշտպանող որեւէ կոնվենցիայի եւ պարտավորվել չխոչընդոտել, ասենք, գեյ-շքերթների անցկացմանը։ Ինչո՞ւ չէ, դա բավական հարազատ է վերահսկվող լրատվամիջոցների քարոզած արժեքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter