HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Մադրիդում հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերին։ «Ես ուրախ եմ հայտնել, որ մենք հասել ենք համաձայնության, որը Ֆինլանդիայի և Շվեդիայի համար բացում է ճանապարհ դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ստորագրել են համատեղ հուշագիր, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը, ներառյալ՝ սպառազինության արտահանումն ու ահաբեկչության դեմ պայքարը»,- Սթոլթենբերգի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հյուսիսային Եվրոպայի երկու երկրները՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոշել են հրաժարվել տասնամյակներ շարունակվող չեզոքության քաղաքականությունից և ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել, ինչը տեղի է ունենում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետեւանքով։ 

Սակայն, դեպի ՆԱՏՕ այս երկրների ճանապարհը խոչընդոտում էր Թուրքիան, որը դժգոհ էր ժամանակակից սպառազինության մատակարարումների վրա այդ երկրների սահմանած էմբարգոյից և այն փաստից, որ սկանդինավյան երկրներն ապաստան էին տալիս քուրդ գրոհայիններին, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի խոսքով՝ առաջընթացին հնարավոր է եղել հասնել գագաթնաժողովի հենց առաջին օրը, այն բանից հետո, երբ երեք երկրները համատեղ հուշագիր են ստորագրել, որով պատրաստակամություն են հայտնել ամբողջական աջակցություն ցուցաբերել այդ երկրներից որևէ մեկի համար անվտանգության սպառնալիքների դեպքում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է կողմերին ստորագրված հուշագրի համար՝ նշելով, որ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին առավել կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքը։

Մադրիդում հանդիպման նախօրեին թուրքական կողմը բանակցություններ էր վարել սկանդինավյան երկրների ու Միացյալ Նահանգների հետ և Շվեդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչներին գրավոր փոխանցել իր պահանջները՝ պնդելով, որ դրանք պետք է արվեն ավելի վաղ, քան Անկարան իր համաձայնությունը կտա ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը։ «Մեզ դատարկ խոսքեր պետք չեն, մեզ պետք են արդյունքներ»,- ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

İspanya Ziyareti Öncesi Basın Toplantısı https://t.co/5wE74ai1qM

— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) June 28, 2022

Հարցերի թվում, որոնք Անկարան ներկայացրել է Դաշինքում իր ապագա հավանական գործընկերներին, նրանց կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցությանն» աջակցությունն է, որին Թուրքիան համարում է ահաբեկչական խմբավորում։ Շվեդիայի քրդական համայնքը մտահոգություններ ունի, որ կարող է մանրադրամ դառնալ մադրիդյան բանակցությունների ժամանակ։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ համաձայնության շրջանակներում Անկարան Շվեդիայից և Ֆինլանդիայից խոստում էստացել, որ Ստամբուլում ահաբեկչության մեջ մեղադրվող միգրանտները կարտահանձնվեն Թուրքիային։ «Արտահանձնումն ազնիվ բան է, որը ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անում են այն մարդկանց հետ, որոնք դատապարտվել են ահաբեկչական գործողությունների համար»,- ընդգծել է Սթոլթենբերգը։ Իր հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանն» անվանել է ահաբեկչական կազմակերպություն։

Թուրքական կառավարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր»։ Անկարան նաև պահանջում է հանել սահմանափակումները սպառազինության մատակարարումների վրա, որոնք իր նկատմամբ կիրառվել էին Սիրիայի տարածք թուրքական զորքերի ներխուժումից հետո, ինչպես նաև, որպես պատիժ, ռուսական սպառազինության ձեռքբերման համար։ 

Մասնավորապես, Անկարան ձգտում է հասնել F-16 կործանիչների մատակարարման պայմանագրի վերականգնմանը, որը նրան խոստացել էր Միացյալ Նահանգները։

Լուսանկարը՝ AP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter