HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 126-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 126-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

  • Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան եռակողմ համատեղ հուշագիր են ստորագրել, որով Թուրքիան պարտավորվել է չխոչընդոտել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, փոխարենը Հյուսիսային Եվրոպայի այդ երկրների Թուրքիային կարտահանձնեն քուրդ գրոհայինների, որոնք ապաստան էին ստացել այդ երկրներում։ Բացի այդ, նախատեսվում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կհանեն թուրքական սպառազինության մատակարարումների նկատմամբ էմբարգոն։
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման կապակցությամբ տեսակապով հատուկ նիստ է անցկացրել։ Իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին հեռացնել Անվտանգության խորհրդից։
  • ԱՄՆ-ն էմբարգո է սահմանել ռուսական ոսկու ներկրման վրա, ինչպես նաև հայտարարել «Ռոստեխի», նրա դուստր ձեռնարկությունների և մի շարք անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։ Պատժամիջոցների նոր ցուցակում ներառված է 29 մարդ և ռուսական 45 ընկերություն։
  • Ուկրաինական կողմը հրապարակել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման մի քանի տեսանյութեր։
  • ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Կալանը BBC-ին իր հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի ամրապնդի նրա դիրքերը Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում։ Հակամարտության որոշումը, նրա խոսքով, ընկած է միայն դիվանագիտական հարթության վրա, սակայն դրա համար Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի դեմ ագրեսիան։
  • ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Եվրոպայի մի քանի երկրներում երկարաժամկետ ռազմական անձնակազմի տեղակայման մասին, որոնք այնտեղ կմնան նաև ներկայիս պատերազմի ավարտից հետո։ Այդ մասին հայտարարությունը, հավանաբար, կտարածվի այսօր։

Ռուսական զինվորականները հրթիռակոծել են Նիկոլաևը

Նիկոլաևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտարարել է, որ Նիկոլաևում բազմահարկ շենքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս երեք բնակիչ և մեկ փրկարար վիրավորվել են։

Ինչպես ավելի հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, հրթիռակոծման է ենթարկվել նաև մարզադաշտն ու տեղական ռազմական օբյեկտներից մեկը։ Պայթյունի ալիքի հետևանքով վնասվել է ութ բազմահարկ շենք, որտեղ կոտրվել են ապակիները։

Կիմի խոսքով՝ հարվածն հասցվել է «Բաստիոն» ափային հրթիռային համալիրից, որը տեղակայված է Խերսոնի մարզի բռնազավթված տարածքում։

Բրիտանական Sky News հեռուստաընկերությունը հրապարակել է Կրեմենչուգի արբանյակային լուսանկարները, որոնք, լրագրողների կարծիքով, վկայում են այն մասին, որ ռուսական հրթիռային հարվածը հասցվել է հենց առևտրի կենտրոնին, այլ ոչ թե զինապահեստին, ինչպես ավելի վաղ պնդում էր ՌԴ ՊՆ-ն։

Եվրամիությանը կպահանջվի ավելի քան հինգ տարի, որպեսզի պատժամիջոցների պայմաններում կոմպենսացնի Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցումը

Այդ մասին նշվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։ 

Վերլուծաբանները կարծում են, որ ամենաշատը գազի հանկարծակի անջատման ռիսկի տակ են Սլովակին, Հունգարիան և Չեխիան։ Ամենաքիչը կտուժեն Լեհաստանը, Լիտվան և Ռումինիան։ Ընդ որում, Fitch-ում նշում են, որ Ռուսաստանից գազի մատակարարման հանկարծակի դադարեցումը չի հանդիսանում բազային սցենար։

Նորվեգիան հրաժարվել է թույլատրել ռուսական բեռների մուտքը Շպիցբերգեն

Այդ մասին հայտնել է Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։ 

Նրա տվյալներով՝ նորվեգական ԱԳՆ-ն, հղում անելով արևմտյան պատժամիջոցներին, չի թույլատրել «Арктикуголь» ներդրումային միավորմանը Բարենցբուրգ հասցնել ռուսական հանքափորների համար նախատեսված պարենային ապրանքները։ Ըստ Կոսաչևի՝ այդպես Նորվեգիան խախտում է Փարիզի պայմանագրի դրույթները, որոնք սահմանում են արշիպելագի միջազգային-իրավական կարգավիճակը։

Սենատոր Անդրեյ Կլիշասը հավելել է, որ հիմա Շպիցբերգենի նկատմամբ Նորվեգիայի ինքնիշխանությունը մեծ հարցականի տակ է։

Կուրսկի մարզի նահանգապետը հրապարակել է նախօրեին խոցված անօդաչուի լուսանկարը

Նրա տվյալներով՝ դա ուկրաինական «Стриж» Ту-141 է, որն արտադրվել է ԽՍՀՄ-ում։

Բրիտանացի Շոն Փիները, որը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կողմից դատապարտվել էր մահապատժի Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցելու համար, բողոքարկել է դատավճիռը։

«Մենք բողոքարկել ենք, քննության ժամկետը երկու շաբաթ է։ Եթե այն մերժվի, մենք ներման խնդրանք կգրենք։ Հաճախորդը խնդրում է, ես պարտավոր եմ»,- Интерфакс-ին հայտնել է փաստաբան Յուլիա Ցերկովնիկովան։

Շոն Փիներին դատում էին մեկ այլ բրիտանացի Էյդեն Էսլինի և մարոկկացի Բրահիմ Սաադունի հետ։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter