
Մետաղական հանքարդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվել են, ոչ մետաղականը՝ աճել
2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, Հայաստանում արտադրվել է շուրջ 107 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 17%-ով նվազել է։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները՝ հանքարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։
Կրճատվել են նաև մոլիբդենի խտանյութի ծավալները։ Չորս ամսում արտադրվել է մոտ 7 հազար տոննա մոլիբդենի խտանյութ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազելով 5.3%-ով։
Արտադրվել է նաև 3.5 հազար տոննա ցինկի խտանյութ՝ 6.3%-ով պակաս նախորդ տարվա հունվար-ապրիլից։
Միևնույն ժամանակ, նկատելի է, որ ավելացել է հանքային ոչ մետաղական արտադրատեսակների արտադրությունը։ Էական աճ կա ցեմենտի, ապրանքային բետոնի և շինարարական շաղախների գծով։
Մասնավորապես, 2022 թվականի հունվար-ապրիլին արտադրվել է 258 հազար տոննա ցեմենտ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 67.4%-ով աճել է։
Գիպսի և գաջի արտադրությունն ավելացել է 38.2%-ով՝ կազմելով 9.1 հազար տոննա։
Կրկնակի ավելացել է ապրանքային բետոնի արտադրությունը՝ հասնելով 400 հազար տոննայի, և շինարարական շաղախների արտադրությունը՝ 23 հազար տոննայի։
Մեկնաբանել