
Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազի պաշտոնում
Խորհրդարանը վարչապետի օգնական, արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին ընտրեց գլխավոր դատախազի պաշտոնում:
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, այդքանն էլ կողմ է քվեարկել Վարդապետյանի թեկնածությանը:
Նիստին և քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմությունը շարունակում է բոյկոտը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց Աննա Վարդապետյանին և հիշեցրեց, որ վերջինս իր լիազորությունները ստանձնելու է այս տարվա սեպտեմբերի 15-ին` գործող դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների դադարեցման օրը: Վարդապետյանն այդ օրը երդվելու է խորհրդարանում:
Աննա Վարդապետյանն իր ելույթում ընդգծել էր, որ արդարադատությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է եղել ու այդպես էլ շարունակվելու է` անկախ իր զբաղեցրած դիրքից: Նա նաև կարևորել էր հովանավորչության բացառումը։
«Ես հասկանում եմ՝ շատ դժվար է մերժել փոքր հասարակության մեջ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են, դու ճանաչում ես բոլորին, շատ դժվար է դեմ գնալ այն կարծրատիպային մոտեցումներին, որ կա։ Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով։ Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ, ու եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, դա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին քայքայելու է ժողովրդավարության հիմքերը»,- ասել էր նա:
36-ամյա Աննա Վարդապետյանը մինչ այժմ դատախազությունում աշխատանքի փորձ չունի: Իր ելույթում Վարդապետյանն անդրադարձավ նաև այն քննադատություններին, որ երբևէ չաշխատելով այդ համակարգում՝ հավակնում է դառնալ հանրապետության գլխավոր դատախազը:
«Ինձ մեղադրում են, որ ես չեմ աշխատել դատախազության համակարգում, բայց ես կարծում եմ, որ սա հնարավորություն է ինձ՝ այլ տեսանկյունից հարցին նայելու։ Յուրաքանչյուր գործ, որի վերաբերյալ մասնագիտական քննարկում է տեղի ունենում, ես նայում եմ մարդու տեսանկյունից, ու ինձ համար իմ ամբողջ աշխատանքի ընթացքում կարևոր է լինելու, թե մենք արդյոք պաշտպանու՞մ ենք մարդու իրավունքները»,- նշել էր Աննա Վարդապետյանը։
Մեկնաբանել