
Բայդենը հայտնել է Լեհաստանում, Ռումինիայում և Բալթյան երկրներում ամերիկյան ռազմական անձնակազմի ավելացման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ուժերի ջանքերի շրջանակներում Լեհաստանում, Ռումինիայում և Բալթյան երկրներում ամերիկյան ռազմական անձնակազմի մեծացման պլանների մասին։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Financial Times-ը, ԱՄՆ նախագահը հայտարարել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը Լեհաստանում իր 5-րդ բանակային կորպուսի համար կստեղծի մշտական շտաբ, Ռումինիա կուղարկի լրացուցիչ 5000 զինծառայողի և Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում կմեծացնի տեղակայումը։
Բացի այդ, Բայդենը ազդարարել է Մեծ Բրիտանիա ամերիկյան F-35 «անտեսանելի» կործանիչների լրացուցիչ երկու էսկադրիլիայի և Իսպանիա ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային երկու ականակիրի ուղարկումը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերի տեղակայումը «անսխալ ազդակ կուղարկի այն մասին, որ ՆԱՏՕ-ն ուժեղ և միասնական է»։
«ԱՄՆ-ն կուժեղացնի իր զինված ուժերը Եվրոպայում և կարձագանքի անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակին, որպեսզի պաշտպանի իր դաշնակիցների տարածքների յուրաքանչյուր դյույմ»,- հավելել է նա։
Ավելի վաղ, Բալթյան երկրները դաշնակիցներին զգուշացնում էին այն մասին, որ ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք գտնվում են իրենց տարածքներում, բավարար չեն լինի ռուսական ռազմական ներխուժման դեպքում։ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի խոսքով՝ այդ երկրների պաշտպանության դաշինքի պլանը ենթադրում է Ռուսաստանի կողմից բալթյան երկրների գրավում և 180 օր անց ազատագրում։ «Դա կնշանակի մեր երկրների և մշակույթների ամբողջական ոչնչացում»,- հայտարարել է նա։
ՆԱՏՕ-ի անձնակազմի մեծացման անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Լեհաստանի իշխանությունները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել