HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հրավիրվել են անդամակցելու ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Ֆինլանդիային և Շվեդիային հրավիրել են միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այդ մասին նշվում է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Մադրիդում գագաթնաժողովի արդյունքներով։

«Մենք կրկին հաստատում ենք հավատարմությունը բաց դռների քաղաքականությանը։ Այսօր մենք որոշում ենք ընդունել հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային դառնալու դաշինքի անդամներ և պայմանավորվել Միավորման արձանագրությունների ստորագրման շուրջ»,- ասվում է գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Նախօրեին Ստոկհոլմն ու Հելսինկին Անկարայի հետ համաձայնեցրել էին ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Թուրքիան ի սկզբանե դեմ էր հանդես գալիս հյուսիսեվրոպական այդ երկրների Դաշինքին անդամակցությանը։ Կողմերը ստորագրել են համապատասխան հուշագիրը։

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար դաշինքի բոլոր 30 անդամները պետք է հավանություն տան նրանց հայտերին։ Թուրքիան դեմ էր հանդես գալիս, որովհետև, ըստ Անկարայի, Շվեդիան և Ֆինլանդիան աջակցում էին Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, որին Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում։

Տասնյակ տարիներ չեզոքության քաղաքականություն վարած Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կայացրին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Երկու երկրները նախորդ ամիս հայտարարեցին այդ որոշման մասին, որին նախորդել էին շուրջ երկու ամիս տևած քննարկումները, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների և հատկապես Մեծ Բրիտանիայի հետ։ Ի դեպ, վերջինիս հետ Ֆինլանդիան և Շվեդիան կնքել են նաև փոխօգնության պայմանագիր։

Այդ որոշումները կտրուկ քննադատության էին ենթարկվել Մոսկվայի կողմից։ Ֆինլանդիայի մասով տարածված հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳՆ-ն նշում էր, որ «ոչ Ռուսաստանի հավաստիացումները, որ բացակայում է Ֆինլանդիայի նկատմամբ թշնամական որևէ մտադրություն, ոչ մեր երկրների միջև բարիդրացիական ու փոխշահավետ համագործակցության երկար պատմությունը, չհամոզեցին Հելսինկիին պահպանել ռազմական չմիավորման ուղենիշը»։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել էին, որ Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի պատասխան քայլեր՝ «իր ազգային անվտանգության համար առաջացող սպառնալիքները մեղմելու համար»։

Իլյուստրացիան՝ globalnews.ca-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter