HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 28-29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին եւ ելույթ ունեցել։

ԱԳՆ փոխանցմամբ, անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։ Նշվեց, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։

Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվեց նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի  հասցեագրման գործում։

Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter