1,3 մլրդ դրամ՝ մարզերում 24 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար
Կառավարությունը 1 մլրդ 385 մլն դրամ կհատկացնի 18 բնակավայրերում 24 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 30-ի նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ծրագրերից 22-ն ավարտված են, 2-ը դեռ ընթացքի մեջ են։
«Եթե այսօրվա որոշումն էլ ընդունենք, կստացվի, որ այս 6 ամսվա ընթացքում 273 ծրագրի համար արդեն հատկացրել ենք 7 մլրդ 307 մլն դրամ, և շինարարություններն ավարտվել են»,- ասաց Սանոսյանը՝ ներկայացնելով ըստ մարզերի ծրագրերի բաշխվածությունը․
- Արագածոտնի մարզ՝ 3 ծրագիր, 58 մլն դրամ,
- Արարատի մարզ՝ 3 ծրագիր, 89 մլն դրամ,
- Արմավիրի մարզ՝ 2 ծրագիր 10 մլն դրամ,
- Գեղարքունիքի մարզ՝ 5 ծրագիր 353 մլն դրամ,
- Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 34 մլն դրամ,
- Լոռու մարզ՝ 4 ծրագիր, 84 մլն դրամ,
- Վայոց ձորի մարզ՝ 1 ծրագիր, 76 մլն դրամ,
- Սյունիքի մարզ՝ 3 ծրագիր, 653 մլն դրամ,
- Տավուշի մարզ՝ 1 ծրագիր, 24 մլն դրամ։
ՏԿԵ նախարարը նաև հիշեցրեց, որ 2023 թ .-ի համար նախարարությունը սկսել է հայտեր ընդունել մարզպետարաններից, համայնքները մինչև հուլիսի 10-ը հայտերը կտան մարզպետարաններին, որոնք էլ դրանք կփոխանցեն նախարարությանը մինչև 15-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ընթանում 2022 թ.-ի ծրագրերի իրականացումը։
«461 հայտից 361-ն արդեն քննարկել ենք, ուղարկել համայնքներին։ Կլինեն հայտեր, որոնք նախագծողների չհասցնելու պատճառով ուշանում են, եթե դանդաղի, 2023-ի մեջ կընդգրկենք»,- ասաց նախարարը։
Փաշինյանն էլ ընդգծեց՝ հունիսի 30-ն է, բայց կան սուբվենցիոն հայտեր, որ կառավարությունով չեն անցել։
«Իսկ այդ հայտերի մի մասը կարելի էր ապրիլին սկսել և այս տարի ավարտել։ Այդ ծրագրերի մեծ մասն այս տարի հաստատ չի ավարտվի»,- նշեց վարչապետը՝ ասելով, որ հաջորդ տարվա համար նման դեպքերը պետք է բացառել։
«Շինարարության սեզոնը սկսեց, կաբինետներում անելու գործ պետք է չմնա, գործը պետք է լինի շինհրապարակներում»,- եզրափակեց Փաշինյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել