HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազ․ դրամ, կենսաթոշակները կավելանան, գիտության ֆինանսավորումը՝ նույնպես

2023 թվականին և հաջորդող 2 տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 % տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: Այս մասին Կառավարության հունիսի 30-ի նիստին, ներկայացնելով 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման և մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում։ Նախնական գնահատականներով՝ հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում»,- քննարկմանը հայտնեց Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ Կառավարության պարտքը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 %-ը՝ սահմանված 60.2 %-ի փոխարեն:

«Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 %, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 %-ը»,- հայտնեց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ գնաճը սահմանված թիրախից դեռևս բարձր է, ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների և ծառայությունների գների զգալի բարձրացմամբ։

«Նախատեսվում է ավելացնել սոցիալական ապահովության ծրագրերին ուղղվող ծախսերը, արդեն 2023-ին սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11,3 %-ով։ Դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակներն, այնպես էլ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների ներկա չափերը։ Մասնավորապես, նոր սահմանաչափը թույլ կտա ավելացնել պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները 33 մլրդ դրամով, ժողովրդագրական վիճակի բարելավման գծով իրականացվող ծրագրերին հատկացնել 16,5 մլրդ դրամով ավելի»,- ասաց նա։

2023-ին լրացուցիչ միջոցներ են հատկացվելու նաև հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը։ Այդ նպատակին կուղղվի 17,3 միլիարդ դրամ։

«Գիտությանը 2023-ին կհատկացնենք 36,3 մլրդ դրամ, որը 2022-ի բյուջեից ավելի է 6,2 մլրդ դրամով։ 2023-ին նախատեսվում է Արցախին տրվող աջակցությունը պահպանել այս տարվա համար սահմանված բարձր մակարդակի վրա՝ 144 մլրդ դրամի չափով»,- ասաց Ֆինանսների նախարարը։

«Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք։ Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Նախատեսվում է, որ 68 հազար դրամից նվազագույն աշխատավարձը դառնա 75 հազար դրամ»,- նախագծի քննարկմանն ասաց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշներին՝ հայտնելով, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 %-ով։

«Սա մտահոգիչ է, բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի, որովհետև 5 ամսվա տվյալներով մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 10,2 տոկոս, շինարարության ծավալի աճը՝ 11,4 տոկոս, ծառայությունների աճը՝ 24,9 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 13,1 տոկոս, արտահանման աճը՝ 27,5 տոկոս։ Այս թվերը նաև որոշակիորեն արտահայտվում են մեր բյուջետային եկամուտների հատվածում․ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 մլրդ դրամով, այսինքն՝ 47 մլրդ դրամ ավելի գումար ենք հավաքագրել հարկային եկամուտների մասով, քան կանխատեսել ենք»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը նշեց, որ 7 % տնտեսական աճն իրատեսական են համարում․ «Ես արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,2 % է, բայց մեր թիրախը 7 %-ն է»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter