HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Երևանի խմելու ջուրը. մարդիկ ահազանգում են, բայց որակական խախտումներ չեն հայտնաբերվում

«Հետքը» ընթերցողներից ստացել է 22 ահազանգ Երևանի խմելու ջրի որակից.  ջուրը վատ համ ունի, կոշտ է, պղտոր է: Ահազանգերի մեծ մասը վերաբերում է Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին։

Վերջին 2 տարում վերահսկող մարմինը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Երևանի ջրի որակի վերաբերյալ ստացել է ընդամենը 10 ահազանգ քաղաքացիներից, վարչական վարույթ հարուցել, որից միայն 1-ի դեպքում է խախտում արձանագրել՝ Մալաթիա-Սեբաստիայում, 4-ը դեռ ընթացքի մեջ է։

2020թ.ին ԱԱՏՄ-ն 14 կարգադրագիր տրվել է տարբեր վարչական շրջաններում օրական կարգավորող ջրավազանի (ՕԿՋ) վերանորոգման և թերությունների շտկման համար։

 

Նարինե Մարգարյանն Էրեբունի վարչական շրջանում է ապրում։ Ասում է՝ 15 օր է՝ ջրից տհաճ համ է գալիս, ինչը սրտախառնոց է առաջացնում։

«Անտանելի է ջրի որակը։ Մի քանի օր առաջ ժանգի գույն կար, հետո՝ պղտորված, հիմա թափանցիկ է, բայց համը այն չէ»,-պատմում է Նարինեն։

Նա ցանկացել է ահազանգել այդ մասին, սակայն ԱԱՏՄ կայքում բողոքների համար նշված հեռախոսահամարը չի պատասխանել։

«Ջրի նստվածքից բանկայի մեջ... ծորակն էլ է էս վիճակը»։

«Էրեբունու ջուրը խայտառակություն է, անհնար է խմել, երբեմնի սառը, համեղ ջուրը դարձել է եսիմ ինչ...»,- Ան Խաչատրյան:

«էրեբունիում անտանելի է ջուրը, ինձ թվումա դաժե վտանգավոր, որը նոր է վատացել»,-Կարեն Առաքելյան:

«Էրեբունի համայնքում ահավոր է, խմել չի լինում»,- Աննա Սաֆարյան։

«Անտանելի վատ համ ունի արդեն մոտ մեկ ամիս կլինի»,- Կարինե Ասլանյան:

Խմելու ջրի որակի վերահսկումն իրականացնում է Առողջապահության նախարարության՝ «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը»՝ մշտադիտարկման ձևաչափով, և շեղումների մասին հայտնում է Տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։

«Մեր տան ջուրը անտանելի կոշտ ա։ Ամեն ինչ անտանելի աղակալում ա՝ սպասքը, սալիկները, լվացարանները»,- Աննա Այդինյան, Արաբկիր վարչական շրջան։

«Մերն էլ է այդպիսին, ծորակներն աղակալում են»,- Աննա Հարությունյան, Դավթաշեն վարչական շրջան։

Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարի՝ 2002թ․ դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված՝ «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» և 2002թ․ նոյեմբերի 11-ի N 803 հրամանով հաստատված՝ «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» սանիտարական կանոններով և նորմերով։

Ջրի որակի վերաբերյալ ստացած 22 ահազանգի մեծ մասը վերաբերում էր համին և գույնին։ Ահազանգերը 6 վարչական շրջանից էին. ամենաշատը դժգոհում էին Էրեբունի վարչական շրջանի խմելու ջրից (8 բողոք)։

Հաջորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն էր՝ 6 բողոք։

«Սեբաստիա եմ ապրում, անհամ ջուր է։ Աշխատանքիս վայրը 3-րդ մաս է, էդ տարածքի ջուրը ընդհանրապես խմելու չէ»,- ասում է «Հետք»-ի ընթերցողներից Արմեն Մայիլյանը։ 

Նրա կարծիքով՝ չկա համայնք, որ ջրի համի փոփոխության հետ կապված «ձայն չհանի»։ 

Վերահսկող մարմինը` ԱԱՏՄ-ն վերջին երկու տարում՝ 2020-2022թթ., նույնպես ջրի որակի մասով ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ հարուցելով 10 վարչական վարույթ, ստուգումներ իրականացրել, սակայն որակական ցուցանիշների խախտում չի հայտնաբերել. լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի խմելու ջրի մանրէաբանական, մակաբուծական, քիմիական և զգայորոշական ցուցանիշներում շեղումներ չկան։ 4 վարույթ այժմ ընթացքի մեջ է։

Միակ կարգադրագիրը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցից ստացած ահազանգից հետո. 66/3 տան հարակից տարածքում դիտահորն անսարքություն է ունեցել, ինչի հետևանքով ջրի որակը վատացել էր։ «Վեոլիա Ջուր»-ն ընդունել է խախտման առկայությունն ու վերացրել դրանք մինչև վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմումը, և ԱԱՏՄ-ն որոշում է կայացրել չտուգանել ընկերությանը։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում

Երևանի խմելու ջրի որակը
Infogram

ԱԱՏՄ նախաձեռնությամբ, ռազմական դրությամբ պայմանավորված՝ ստուգումներ են իրականացվել տարբեր ՕԿՋ-ներում, որից 14-ում արձանագրվել են տարբեր բնույթի խախտումներ՝ կապված  ջրամատակարարման համակարգերի օրվա կարգավորիչ ջրամբարների պաշտպանական գոտիավորման, բնակելի տարածքներում տեղակայման, պահպանության, պարիսպների ամբողջականության խախտման, անբարեկարգ տարածքների, շենքերի կոյուղացման բացակայության հետ։

«Երկրորդ Մասիվի ջրից մարգանցովկայի համ է գալիս։ Բողոքում եմ, ասում են, որ եկել, փորձանմուշ են վերցրել, օք ա։ Բայց ահավոր է փչում էդ հոտը»,- Էլլա Ավագյան, Նոր Նորք

Խախտումների մասով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել են կարգադրագրեր՝ վերացնելու խախտումները, ապահովելու ջրամատակարարման համակարգի, խմելու ջրի մաքրման, քլորացման գործընթացները։ Օրինակ՝ վերականգնել սանիտարական պահպանման առաջին գոտին սահմանազատող պարսպի ամբողջականությունը, վերացնել ջրատարի փականի անսարքությունը, կոյուղու խողովակների անսարքությունը, ապահովել ջրամբարի դիտահորերի հերմետիկությունը, նորով փոխարինել կոռոզիայի ենթարկված հատվածները, կափարիչով ապահովել դիտահորերը և այլն։

«Հարավ Արեւմտյան թաղամասից դիտարկում. oրեր առաջ պղտոր էր, վերցրել էի ջրամանով, նկարել: Տեղեկացրել եմ Վեոլիա Ջրին: Մի քանի օր հետո զանգեցին, ասացին, որ մասնագետնեը ստուգել են, վտանգավոր ոչինչ չկա...»։

Որպես պատասխանատվության միջոց՝ նշանակվել է վարչական տուգանք։

Երևանի խմելու ջրի որակը ստուգվել է «Վեոլիա Ջուր» ընկերության 2021թ. տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված և 2021թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում իրականացված թեմատիկ ստուգման շրջանակում։ 

ԱԱՏՄ-ն 2022թ. հունիսին նախատեսում է ստուգել 2021թ. նշված խախտումներով կարգադրագրերի կատարված լինելը և միևնույն ժամանակ, 2022թ. տարեկան ծրագրով դարձյալ ընկերությունում ստուգումներ են նախատեսված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter