HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում գործազրկությունը սպառնում է ընտանիքների կայունությանը

Ըստ Սյունիքի զբաղվածության կենտրոնի տվյալների` Կապանում տարեցտարի նվազում է գործազրկության մակարդակը:

Եթե 2005 թվականի մայիսին տարածաշրջանում հաշվառված է եղել 4600 գործազուրկ, ապա 2007 թ. նույն ժամանակահատվածում այդ կարգավիճակն ունեցել է 4039 մարդ: Սակայն գործազրկության մակարդակի անկումը պայմանավորված է միայն օրենքում կատարված փոփոխություններով. նախկինում գործազուրկը պարտավոր էր տարեկան մեկ, իսկ այժմ` երկու անգամ հաճախել կենտրոն` ստորագրելու եւ աշխատանքի առաջարկ ստանալու, հակառակ պարագայում կհանվի հաշվառումից:

Զբաղվածության կենտրոնի տվյալներով` Կապանում աշխատանք են փնտրում առավելապես միջնակարգ մասնագիտական կրթությամբ, միջինը 35 տարեկան կանայք: Այսօրվա աշխատաշուկայում գործազուրկին մրցունակ դարձնելու նպատակով նրանց համար կազմակերպվում են վերամասնագիտացման տարբեր դասընթացներ, ինչը, սակայն, չի կրճատում գործազուրկների թիվը, քանի որ նրանց մեկ տոկոսից էլ պակասն է տեղավորվում աշխատանքի: «Գորգագործության դասընթաց անցած վեց գործազուրկներ աշխատանքի էին տեղավորվել գորգագործական արտադրամասում, կարճ ժամանակ անց ձեռնարկությունը հայտնվել էր հարկադիր պարապուրդում, եւ աշխատանք ստացածները ստիպված կրկին համալրելու են գործազուրկների շարքերը,- ասում է Կապանի Զբաղվածության կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Հայրապետյանը:

Առավել լուրջ խնդիր է գործազուրկ հաշմանդամների աշխատանքի տեղավորումը: Եվ թեպետ գործող կարգի համաձայն հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում կառավարությունը պարտավորվում է վճարել գործատուի կողմից տրված աշխատավարձի 50 տոկոսը, այնուամենայնիվ, գործատուները հրաժարվում են հաշմանդամ աշխատողներից:

Ըստ Արայիկ Հայրապետյանի` գործազուրկն այնքան էլ չի հավակնում, որ կենտրոնում գրանցվելուց հետո կապահովվի աշխատանքով, բնականաբար, նրան հետաքրքրում է գործազրկության նպաստը, ինչպես նաեւ` տեղեկանքը, որը ներկայացվում է հիմնականում ընտանեկան նպաստ ստանալու համար, ինչը հաճախ ավելի բարձր է, քան գործազրկության նպաստը:

Հասկանալ կարելի է գործազուրկներին, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, նրանց հիմնականում առաջարկվում է ցածր վարձատրվող աշխատանք` հացի արտադրամասերում, կար ու ձեւի արհեստանոցներում:

Տարեսկզբից մինչեւ հիմա Կապանում աշխատանքի է տեղավորվել 5 տասնյակ մարդ, միջինը 25 հազար դրամ աշխատավարձով: Բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկ հիմնականում չկա: Ցածր աշխատավարձով աշխատանքից հրաժարվողներն, անշուշտ, նման որոշում կայացնում են «ոչ լավ օրից». բանն այն է, որ աշխատանք չունեցողը գերադասում է նպաստ ստանալ եւ ամբողջ օրն անցկացնել տանը, քան կատարել նպաստից ընդամենը երկու-երեք հազար դրամով ավելի վարձատրվող աշխատանք, որի մի մասը ստիպված է ծախսել տրանսպորտի վրա:

Ըստ զբաղվածության կենտրոնի մասնագետների` գործազուրկներն աշխատանքից հրաժարվելու մեկ այլ պատճառ ունեն: Նրանց տեղեկությամբ` գործազուրկներին կարելի է հանդիպել բենզալցակայաններում, ավտոլվացման կետերում, խանութներում աշխատելիս: Այս պարագայում նրանք, քանի որ ընդգրկված են ստվերային տնտեսության մեջ եւ հաշվառված չեն, հրաժարվում են Զբաղվածության կենտրոնի առաջարկած աշխատանքներից:

48-ամյա տիկին Սմելան գործազուրկ էր, վերջերս աշխատանքի է տեղավորվել հրուշակեղենի արտադրամասում, սակայն նրան օրենքով սահմանված կարգով չեն ձեւակերպել: Օրական 8 ժամի փոխարեն նա աշխատում է 10-12 ժամ, սակայն դժգոհ չէ. «Ժամանակին աշխատավարձս տալիս են, լավ էլ վճարում են, ինձ դա բավարարում է»,- ասում է տիկին Սմելան:

Նրան միայն մի բան է հուզում` այնպես չլինի, որ հոդվածը տպագրվելուց հետո իրեն ճանաչեն ու ազատեն աշխատանքից:

Տիկին Սմելան միակը չէ Կապանում, ում աշխատանքային իրավունքները ոտնահարվում են, բայց իրենք, աշխատանքը չկորցնելու վախից, աչք են փակում դրա վրա:

Արական սեռի գործազուրկների մի մասը նախընտրում է արտագնա աշխատանքը: 32-ամյա տիկին Անուշը երկու երեխաների մայր է: Չորս տարի առաջ գործազուրկ ամուսնուն ճանապարհել է Ռուսաստան. «Էլ ապրելու ոչ մի միջոց չկար: Փող չկար ոչ թե մսի, շոկոլադի կամ բանանի համար, որոնց համը վաղուց ընտանիքով մոռացել ենք, այլ օրվա հացի համար: Երեխաներս մեծանում են, պահանջները` ավելանում: Ես ու ամուսինս բազմիցս դիմել էինք աշխատանքի համար, ամեն տեղ պատասխանեցին, որ տեղ չկա: Ամուսինս մեկնեց Ռուսաստան, որ հետո էլ մենք` ընտանիքով գնայինք: Մեկնելուց հետո սկզբնական շրջանում զանգում էր, փող էր ուղարկում: Սակայն, կարճ ժամանակ հետո ոչ միայն մոռացավ փողի մասին, այլեւ աստիճանաբար դադարեցին նաեւ հեռախոսազանգերը: 4 տարի է ոչ մի լուր չկա: Իմացել եմ, որ մի կնոջ հետ է ապրում, խմիչքի նկատմամբ ունեցած սերն էլ ավելի է մեծացել: Մնացել եմ մենակ` երկու անչափահաս երեխաներիս հետ, հարմար աշխատանք չեմ գտնում: Ինձ ու երեխաներիս պահում են ծնողներս, ընտանեկան նպաստով ապրել չի լինի: Ավելի շատ մտածում եմ երեխաներիս ապագայի մասին, լավ բան չեմ տեսնում, ամեն ինչ անորոշ է»:

31-ամյա Աշոտը 7 տարի է Սանկտ-Պետերբուրգում է աշխատում: Կինը եւ երկու դուստրերը Կապանում են` ծնողների մոտ: Մեկ-երկու տարին մեկ այցելում է հարազատներին, նորից վերադառնում Ռուսաստան: Իր ասելով` լավ չի վաստակում, ընտանիքի հոգսերը լիովին չի կարողանում բավարարել, բայց չի պատրաստվում վերադառնալ. «Գամ, ինչո՞վ զբաղվեմ, ինձ այնտեղ ճանաչում եւ հարգում են որպես հմուտ կոշկակարի: Կապանում իմ մասնագիտությամբ աշխատել չեմ կարող, ընկերներիցս ամաչում եմ»:

Գործազուրկներին աջակցելու նպատակով համայնքն իրականացնում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ( նախկինում «Նպաստ` աշխատանքի դիմաց» ) ծրագիրը, որով աշխատանք փնտրողներին հնարավոր է ապահովել ժամանակավոր աշխատանքով:

«Մեկ-երկու անգամ էլ ես եմ մասնակցել այդ ծրագրերին,- պատմում է 28-ամյա Աշխենը,- դե, ի՞նչ մասնակցել, անունս գրել են ցուցակում, վերջում կանչել, փողը ստացել եմ, տվել իրենց, մի երկու կոպեկ էլ ինձ են տվել: Ես ո՞նց աշխատեմ, չեմ գնա փողոցներում բարեկարգման աշխատանքներ կատարեմ կամ բոլորի աչքի առաջ պուրակներ մաքրեմ»:

Պատկերն այլ է գյուղական համայնքներում: Որպես կանոն` «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում ընդգրկվում են ընտանիքի գրեթե բոլոր չափահաս անդամները, սակայն աշխատում են միայն տղամարդիկ` կնոջ, դստեր կամ մոր փոխարեն: Ստացվում է, որ գործազուրկն այս ծրագրով եւս թեկուզ ժամանակավոր աշխատանքով չի ապահովվում: «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրին մասնակցում են առավել տարիքով գործազուրկները, իսկ երիտասարդների մասնակցությունը միայն ցուցակներում է երեւում:

Աշխատանք ունենալու ցանկություն են հայտնում նաեւ գյուղերի բնակիչները: «34 տարեկան եմ, գյուղում եմ ապրում, ամուսնացած չեմ, քանի որ ընտանիք պահելու հնարավորություն չկա: Ծնողներս սեփականաշնորհված հող ունեն, մի քանի գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասուններ: Աշխատանք եմ փնտրում, քանի որ գյուղատնտեսությունից ոչ մի օգուտ չենք ստանում, եկամուտը հազիվ բավարարում է մեր ընտանիքին»,- պատմում է մի երիտասարդ, որը չցանկացավ ներկայանալ:

«Անասնապահական մեծ տնտեսություն ունենալու համար մեծ փողեր են պետք` գյուղատնտեսական վարկեր, ինչը մեր գրպանի համար չէ: Մեկ տասնամյակից ավելի է, ինչ հողի սեփականատեր ենք համարվում, սակայն այդ հողը մշակել ենք ընդամենը երկու անգամ եւ ոչ մի օգուտ չենք ստացել, ավելին` պարտքերի մեջ ենք հայտնվել: Սերմացուի, դիզվառելիքի, գյուղտեխնիկայի համար այսօր այնքա՜ն գումարներ են պետք: Բնությունն էլ, կարծես, դեմ է մեզ: Վերջին տարիներին պարտադիր կա՛մ կարկուտն է փչացնում բերքը, կա՛մ էլ` երաշտը: Լավագույն դեպքում, եթե շատ թե քիչ բերք է ստացվում, իրացման խնդիր է ծագում: Գոհ եմ, սեփականաշնորհված հողից հրաժարվում եմ, հետ վերցնող չկա: Իսկ հողի հարկն էլ տարեցտարի աճում է: Թող գյուղում վերամշակող արտադրամաս բացեն, որեւէ ձեռնարկության մասնաճյուղ, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր, աշխատենք, թե չէ այսպես արդեն վատ ենք սովորել, ծուլացել ենք: Հավանաբար, եթե աշխատանք չգտնեմ, ընտանիք էլ չկազմեմ»,- սրտնեղած դժգոհում է բարձրագույն կրթություն ունեցող մի գործազուրկ երիտասարդ:

Այսպես, աշխատանքի բացակայությունը կա՛մ արտագաղթի պատճառ է դառնում, կա՛մ խոչընդոտ՝ երիտասարդների համար նոր ընտանիք կազմելու գործում: Իզուր չէ, որ Կապանի տարածաշրջանի Ծավ համայնքի ղեկավարն իրենց գյուղի հիմնախնդիրներից առաջինը նշում է երիտասարդ տղաների չամուսնանալու փաստը, երեւույթ, որ բնորոշ է Կապանի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերին:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայ ա ստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Գոհար Իսախանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter