Երիտասարդներին գյուղում պահող ոչինչ չկա
Նրանք զրկված են ոչ միայն աշխատելու, այլեւ հանգստի իրավունքից
Գորիսեցի 24-ամյա Անահիտ Մինասյանի առաջնահերթ ցանկությունը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելն է:
Դպրոցն ավարտելուց հետո ուսումը չի շարունակել, ոչ այն պատճառով, որ ցանկություն չի ունեցել, պարզապես սոցիալական ծանր վիճակը թույլ չի տվել: Հայրն արցախյան պատերազմում կորցրել է տեսողությունը, բնականաբար, աշխատանք չունի: Ընտանիքում 6 հոգի են, աշխատում է միայն մայրը: 25-30 հազար դրամ աշխատավարձով մի կերպ է հոգում ընտանիքի հոգսերը: Ինչպես Անահիտն է ասում, այդ վիճակով ուսանող լինելն անհնար է: «Եթե այդ հնարավորությունն ընտանիքդ չունի, երբեք չես համարձակվի մտածել ուսումդ շարունակելու մասին,- ասում է Անահիտն ու ավելացնում,- շատերն են ասում, թե սովորողը սովորում է, բայց ես համաձայն չեմ: Այսօր, հատկապես բուհի անվճար բաժին ընդունվելու հավանականությունը շատ փոքր է. նախ՝ տեղերն են քիչ, ապա՝ փող ունեցող դիմորդներն են շատ: Իսկ իմ դեպքում վճարովի սովորելն անհնար է»:
Այնուամենայնիվ, կան ուսանողներ, ովքեր, չնայած վերոհիշյալ դժվարություններին, որոշում են բարձրագույն կրթություն ստանալ, բայց այստեղ էլ առկա է մեկ ուրիշ խնդիր՝ ուսման վարձն ուսանողներն ու նրանց ծնողները դժվարությամբ են վճարում: Բազմաթիվ ուսանողներ մշտապես մտահոգ են՝ մոտենում է վարձի օրը: Հոգեբանորեն ճնշվում են ե՛ւ ուսանողները, ե՛ւ նրանց ծնողները: Երիտասարդների մի մասն էլ հրաժարվում է բարձրագույն կրթություն ստանալ, նախընտրում է այնպիսի մասնագիտություն ընտրել, որի պահանջարկը մեծ է: Աղջիկներից շատերն ընտրում են վարսահարդարի մասնագիտությունը եւ աշխատանքի անցնում քաղաքի գեղեցկության սրահներից մեկում:
Բազմաթիվ ուսանողներ իրենց ուսումը շարունակում են մայրաքաղաքում եւ նախընտրում աշխատել այնտեղ: Գորիսեցի Նանե Գրիգորյանը սովորել է Գորիսի պետական համալսարանում, մագիստրոսի կոչում ստանալու նպատակով Երեւան է մեկնել: Նրանց կուրսում 14 ուսանող է եղել, որից 7-ը կրթությունը շարունակել են Երեւանում, աշխատանքի տեղավորվել եւ վերադառնալու ցանկություն չունեն: Պատճառը, ըստ նրանց, այն է, որ Գորիսում աշխատանք չկա, եղած դեպքում էլ վարձատրությունը քիչ է՝ 20-25.000 դրամ: Մայրաքաղաքում, ըստ գորիսեցի երիտասարդների, այդ խնդիրն անհամեմատ հեշտ է լուծել, աշխատանքի ընտրության առումով այլընտրանք կա. եթե շատ ես աշխատում եւ քիչ վարձատրվում, կարող ես փոխել աշխատանքդ, բայց մարզերում այդ հնարավորությունը չունես: Աշխատանքդ չկորցնելու համար ստիպված ես համակերպվել: Այն երիտասարդները, ովքեր աշխատում եւ միաժամանակ հոգում են իրենց ֆինանսական խնդիրները, կարողանում են ինչ-որ չափով լուծել ժամանցի հարցը: Սակայն, երիտասարդության մեծ մասն այսօր աշխատանք չունի:
Գորիսի Զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է 16-24 տարեկան 245 գործազուրկ: Նրանց շարքերում մեծ թիվ են կազմում միջնակարգ կրթություն ունեցողները՝ 172 հոգի:
«Երիտասարդների աշխատանքի ընդունվելու հարցը բավական դժվար է,- ասում է ԳՊՀ-ի նախկին շրջանավարտ Աննա Գրիգորյանը:- Գործատուները հիմնականում պահանջում են բարձրագույն կրթություն, անգլերենի իմացություն եւ աշխատանքային փորձ: Ինչ վերաբերում է վերջինիս, դա շատ ավելի դժվար է, որովհետեւ բուհն ավարտելուց հետո է միայն աշխատելու խիստ պահանջ զգացվում. կրթությունը ստանալուց հետո էլ դժվար է աշխատանքի անցնել, ուր մնաց՝ դրան զուգահեռ, ավա՜ղ, դա շատ քչերին է հաջողվում»:
Բուհում սովորելն ունի նաեւ մեկ ուրիշ առավելություն: Ուսանող դառնալով՝ երիտասարդները գոնե տնից դուրս են գալիս, օրվա մի քանի ժամը կտրվում ընտանեկան հոգսերից, սոցիալական խնդիրներից: Ինչ վերաբերում է երիտասարդության ժամանցի կազմակերպմանը, ապա մեր օրերում դա եւս բավականին դժվար է: Ժամանցի խնդիրը երիտասարդության մի մասը լուծում է ինտերնետ - ակումբներում: Սակայն, այս տարբերակը ոչ բոլորին է հասանելի, քանի որ գումար արժե: Ոմանց համար ժամանցի լավագույն միջոցը համերգներին մասնակցելն է: Ամսվա մեջ մի քանի անգամ մայրաքաղաքից ժամանած հիմնականում միջինից ցածր մակարդակի երգիչ-երգչուհիների համերգային ծրագրերին մասնակցելով՝ փորձում են ժամանակ սպանել:
Երիտասարդների առօրյան կազմակերպելու խնդիրը լուրջ է հատկապես գյուղերում: Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր գյուղի համայնքապետ Սուրիկ Սիմոնյանի խոսքերով՝ երիտասարդները բանակից տուն են վերադառնում ու բախվում մի շարք խնդիրների: Ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ՝ հետաքրքիր զբաղմունք: Ամռանը ծնողների հետ նրանք էլ կռիվ են տալիս հողի հետ, եթե բնությունը շռայլ լինի, ապա հնարավոր է առատ բերք, եկամուտ, հակառակ դեպքում գյուղացին կանգնում է լուրջ խնդիրների առաջ: Դա հանգեցնում է նրան, որ երիտասարդներն ուշ են ամուսնանում, նախընտրում են ինչ-որ չափով բարելավել սոցիալական վիճակը, հետո ընտանիք կազմել: Երիտասարդներից շատերն այսօր հատում են 30-ի սահմանը, բայց չեն ամուսնանում:
Համայնքապետի խոսքով՝ երիտասարդներից շատերը լքում են Կոռնիձորը: Եթե հաստատվում են արտերկրում, բնականաբար, իրենց ընտանիքներին էլ են տանում: Արցախյան պատերազմի ժամանակ գյուղի մշակույթի տան շենքը հիմնովին ավերվել է, եւ շատ դժվար է նրանց ժամանցը կազմակերպել: Այդ նպատակին է ծառայում համայնքապետարանի նիստերի դահլիճը, որտեղ միայն ձմռանն են հավաքվում՝ նարդի, շախմատ, շաշկի խաղալու, իսկ ամռանը զբաղվում են հողագործությամբ:
«Երիտասարդության ժամանցի կազմակերպման լավագույն տարբերակը բանավեճն է»,- այս կարծիքին է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Շիրակ Խանոյանը: Ըստ նրա՝ բանավեճերից ծնվում են լավ գաղափարներ, որոնք եւս կարելի է օգտագործել ի նպաստ երիտասարդության: Տեր Շիրակի խոսքերով՝ երիտասարդությունն այսօր համախմբված չէ: «Ներկա սերունդը մտավոր ներուժ ունի եւ, համախմբվելու դեպքում, կարող է հանդես գալ գովելի նախաձեռնություններով»: Այսօր եկեղեցին որոշակի քայլեր անում է երիտասարդներին իր շուրջը համախմբելու համար: Քահանայի խոստման համաձայն՝ առաջիկայում կստեղծվի Երիտասարդական միություն, որում կընդգրկվեն Գորիսի երիտասարդները: «Երիտասարդական միությունը նաեւ կհամախմբի մեր ու սփյուռքի երիտասարդությանը: «Կլինի ոչ միայն հոգեւոր, այլեւ ազգային միասնականություն»,- հույս է հայտնում տեր Շիրակ Խանոյանը»:
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայ ա ստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ
Իրինա Յոլյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել