HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խորհրդային տարիներին Լենինականի շուկայում «Արևիկի լավա՛շն առեք» կանչողները շատ էին

Թոնրի կարմրած շուրթերից կրակը քիչ-քիչ նահանջում է՝ անթեղվելով ավելի խորքերում: Տատս, սովոր շարժումով, կապում է սպիտակ գլխաշորն ու տեղավորվում փոքրիկ, կլոր սեղանի դիմաց: Փոքր հորեղբորս կինը գրտնակում է խմորե գնդերն ու արդեն բացած՝ նետում տատիս սպիտակ, փամփլիկ ձեռքերին: Մի քանի պտույտ օդի մեջ եւ չափերով մեծացած խմորը հանգրվանում է բատատի վրա: Տատիս ամեն խոնարհումից ու հետ քաշվելուց հետո թոնրի շրթի հարեւանությամբ հայտնվում են կարմրավուն բողբոջներով զարդարված լավաշի սպիտակ թերթերը: Նոր թխած հացի խելքահան անող բույրը տարածվում է թոնրատանն ու բաց դռնից սողում դուրս: Որոշակի քանակությամբ հաց հանելուց հետո տատս հրահանգում է. «Բալե՛ս, դու հլը թռար պանիր բերելու, դու էլ գնացիր բոստան՝ կանաչի, սոխ քաղելու»: Թոռներին տրվող հանձնարարություններն ինձ համար չէին: Ես գիրք «կրծող» էի, ինձնից ի՞նչ գործ անող: Սա տատիս համոզմունքն էր, սակայն լավաշ թխելիս գնդերը բերելու խնդրանքս չէր մերժում:

-Երանիկ, գունդը պրծնելով է, շուտ էրա բեր, թնդիրը քեզի չի աշե,- հորաքրոջս ձայնը սթափեցնում է՝ կտրելով մանկական հիշողություններից:

-Թող քիչմ էլ աշե,- կատակում եմ՝ վերցնելով փայտե բարակ տախտակը, վրան քիչ ալյուր եմ ցանում, որ գունդը շարելիս տակը չկպնի: 

Կանայք սպասողական ինձ են նայում: Առաջին գունդը թեթեւ շարժումով նետում եմ փոքրիկ կլոր սեղանին: Հորաքույրս մատների վարժ շարժումով տափակեցնում է գունդն ու ձեռքն առնում գրտնակը: Բայց ինձ համար ամենադիտարժանը մինչեւ բատատի վրա ձգելն արդեն իսկ գրտնակված ու որոշակի չափով բացված գնդի պտույտներն են օդի մեջ: Դա ոչ մի կրկեսում եւ ոչ մի բեմահարթակից չես տեսնի: Սա յուրահատուկ «շոու» է, որ կարելի է վայելել միայն թոնրի շուրջ՝ այն էլ պրոֆեսիոնալի վիրտոուզ կատարմամբ:

Շիրակի մարզի Արեւիկ գյուղը, խորհրդային տարիներին մեծարելով, կոչում էին Լավաշգրադ: Գյուղը հայտնի էր հացթուխներով, լավաշով ու մածունով: Գյուղի այցեքարտը լավաշն էր: Խորհրդային տարիներին Լենինականի շուկայում «Արեւիկի լավաշն առեք» կանչողները շատ էին, սակայն ոչ բոլոր վաճառողներն էին արեւիկցի: «Հաստա՞տ Արեւիկի լավաշն է,- հացին նայող գնորդը կասկածամտորեն խոժոռում է հոնքերը,- նայե չխաբես, գյուղից ծանոթներ ունիմ՝ հաստատ կիմանամ, թե խաբել ես»: Նման երկխոսությունների պակաս չկար լավաշ վաճառողների շարքին մոտեցող գնորդների շրջանում, որովհետեւ այլ գյուղերից եկած հացթուխները եւս փորձում էին այդ անվան տակ իրենց թխածն իրացնել: Լավաշն արեւիկցիների համար միայն հանապազօրյա հաց չէր: Լավաշն արեւիկցիների համար ապրուստի միջոց էր: Լենինականի շուկայում 10 լավաշն արժեր 1 ռուբլի: Խորհրդային տարիներին, բոլոր կարեւոր իրադարձություններին, շիրակցիների սեղաններին պետք է լավաշ լիներ: Լավաշը բոլոր հացատեսակների թագավորն էր: 

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Այդ մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված կավե թոնիրները, ցորենի եւ գարու պաշարները: Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշել-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Հացի թխման արարողությունն ունի 7 խորհուրդ՝ ցորեն աղալը, ալյուր մաղելը, խմոր պատրաստելը, աղ լցնելը, գնդերի բաժանելը, թխելը եւ շարելը: Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որ ուտելով ապաքինվեր եւ ուժ ստանար: Հնում, պատերազմների ժամանակ, լավաշը եղել է զինվորների ուղեկիցն ու պաշտպանը: Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում եւ դնում զինվորի ուսապարկի մեջ: Երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից:

Հայկական հարսանիքներում հարսի ու փեսայի ուսերին գցվող լավաշը եւս հետաքրքիր խորհուրդ ունի: Ըստ հայոց դիցաբանության՝ աստվածների հայր Արամազդը Աստղիկի և  Վահագնի հարսանիքին մի լավաշ է դնում հարսի ուսին: Փեսայի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը բարկանում է Աստղիկի վրա անիծելով՝ «Հացը գետնին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»: Աստղիկը և Վահագնը չեն ամուսնանում: Այդ օրվանից հայոց ազգային սովորություններից է նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածնին «չար աչքից» պահպանելու համար հաց են դրել նրա կրծքին:

Լավաշի թխման գործընթացն ավանդաբար իրականացրել են կանայք: Տղամարդու մուտքը հացատուն արգելված է եղել: Ինչպես խորովածը չի սիրում կանացի ձեռքեր ու կնոջ միջամտություն, այնպես էլ հաց թխելիս տղամարդու միջամտությունը չի խրախուսվել, անգամ համարվել է վատ նշան: Ըստ ավանդության՝ հաց թխելու արարողությունը կատարվել է վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառել են արեւածագին: Հաց թխելու գործընթացն ուղեկցվել է բարի լույսի օրհնանքներով եւ աղոթքներով: Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ: Այս գործընթացը հաճախ տեւել է մեկ կամ երկու օր: Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ՝ գովերգելով լավաշի համը:

Թոնրատան դուռը ճռռոցով բացվում է: 

-Ըսի գամ, տեսնիմ ինչ էրիք, կթխե՞ք, լավ կստացվի՞,- փոքրամարմին կինը Լուսիկն է: Մագաղաթե դեմքին շողացող աչքերը հետաքրքրությամբ զննում են թոնրից հանած լավաշը,- օգնելու բան կա՞, գուզեք մե բանըմ էլ ես էնեմ:

Սոֆյան սրբում է թոնրի ջերմությունից քրտնած դեմքը.

-Չէ, Լուսիկ ջան, Նարինեի հետ կենենք, դու հանգիստ էղի, շնորհակալ ենք օր էկար: Դու հլը էս հացից փորձե:

Լուսիկը մի քիչ էլ է կանգնում, աղոթում է բոլորիս եւ հեռանում:

-Լուսիկենք էղավ ինչքան վախտ էլեկտրականությամբ հաց կթխեն,- նկատում է Նարինեն՝ թոնրի շրթից պոկելով հերթական լավաշը,- գեղը թնդրով լավաշ թխող չի մնացել՝ մե քանիմ հոգի: Ան, հըմի օր դուք պատճառ չէղնեիք, եսիմ էս թնդիրը մեկ էլ երբ վառեինք:

Ես, ինչպես մանկությանս տարիներին, պոկում եմ լավաշի խրթխրթան հատվածն ու երանությամբ ծամում: Վերջապես սկսում եմ զգալ հացի իրական համն ու հոտը, որ ինձ համար կորսվել էր այն պահից սկսած, երբ հորական տատս՝ տարիքի պատճառով, դադարեց լավաշ թխել: Կողքից դիտողի համար սիրուն թվացող այս գորընթացը՝ լավաշ թխելը, հեշտ գործ չէ: Արեւաբույր, փրփրուն ու կարմրաթշիկ լավաշ ստանալու համար հացթուխից մեծ վարպետություն է պահանջվում: Մի քանի ժամ տաք թոնրի մոտ նստած կինը 100-ից 200 անգամ խոնարհվում է, որ նախ բացած գունդն ամրացնի թոնրի պատին, իսկ առաջին բողբոջները հայտնվելուց հետո էլ ճիշտ ժամանակին հանի պատրաստի լավաշը:

Հայկական շատ գյուղերում ներկայում կարելի է հանդիպել փակ, չգործածվող թոնրատների: Մրոտ, ծխապատ ու հացաբույր պատերին եկել են փոխարինելու կոկիկ խոհանոցներն ու էլեկտրական վառարանները:

-Հմի հեչ մարդ չի ուզե ալրոտի, 5-6 ժամ քրտինք թափե, ինչ է թե հաց բդի թխեն,- նկատում է Սոֆյան,- տան համար 2 հատ հաց է պետք, խմորը կսարքեն, վառարանով կեփեն, կպրծնին կամ էլ կառնին՝ քաղքըցոնց նման:

Հետո կանայք սկսում են հիշել, թե իրենց մայրերի ու տատերի «դարաշրջանում» լավագույն հացթուխի տիտղոսին արժանանալու համար ինչ ջանքեր էին թափվում: Ամեն ինչ կարեւոր էր՝ սկսած թոնրի ընտրությունից, կարմրահատ ցորենից ստացված ալյուր ամբարելուց, ձեռքին հարմար աշխատանքային գործիքներ ունենալուց (խոնջա, գրտնակ, բատատ), վերջացրած թոնիր վառելու եւ խմորը՝ թղթի հաստության չափ բացելու հմտություններով: Կանայք շատ դեպքերում մրցակցում էին, թե ով է ամենահամով լավաշը թխում, ով՝ ամենաերկարը, ում թխած բոքոնն է իրոք բոքոնի նման, եւ ումն է, որ խայտառակում է արեւիկցու անունը;

-Սկեսրոջս թխած լավաշները ավելի երկար կստացվեին, քան մորս թխածները,-հիշում է Սոֆյան,- մերս կխնդար, թե՝ ամեն մարդ իրա բոյին կթխե, Մանիկի լավաշն իրա նման երկան է, զատո իմս էլ համով է:

Ցավոք, վերջին տարիներին, Արեւիկում շատերն են վերջնականապես փակել թոնրատան դռները: Ու սա մի գյուղում, որտեղ շատ տարիներ առաջ, լուսաբացին մուտք գործող օտարականին առաջին հերթին դիմավորում էր օդում կանգնած ծխահոտն ու լավաշի բույրը: Ուզում եմ հասկանալ, թե գազը, էլեկտրականությունն ու դրոժը ո՞ր պահից սկսած դուրս մղեցին թոնիրը, փայտն ու թթխմորով հունցած խմորը: Ո՞ր պահից սկսած արեւիկցիները զիջեցին իրենց դիրքերը, խեղճացան ու հետ քաշվեցին՝ տեղ բացելով այստեղ-այնտեղ գործող հացի փռերին: Թե՞ այդ ամենն եղավ զուգահեռ՝ կյանքի ապրուստը հայթայթելու ձեւերի փոփոխման, ապրելակերպում ինչ-որ տարրեր պարզեցնելու եւ ժամանակակից առօրյան չծանրաբեռնելու, առավել հեշտի հետեւից վազելու ճանապարհին միմյանց հետ մրցակցելիս:

-Գյուղի աղջիկներն էլ գուզեն օր եղունգները սիրուն սարքած, լաքած ման գան, ի՞նչ գործ ունին խմոր հունցելու հետ,- Նարինեն ծիծաղում է,- մեր սերնդի կանայք՝ 40-50 տարեկանների մասին է խոսքը, հնարավոր է դառնանք վերջին հացթուխները: Մեծերից քիչ են մնացել ու արդեն տարիքի հետ կապված չեն էլ թխե, ջահելներն էլ՝ հեռախոս, սրճարան, կամպյուտր, սիրուն շորիկ՝ հետը բոթաս...մեղադրելու էլ չէ, դարն է ըդպես:

Հացատանը մի պահ լռություն է տիրում: Թոնրի պատին շրմփոցով իջնող բատատի ձայնը սթափեցնում է՝ հերթական հացն է ծնվում: Այս կանայք իհարկե չգիտեն, որ 2014 թվականին հայկական լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում: Եվ, եթե հայկական այս հացատեսակը ունենար միայն խոհարարական նշանակություն, այն բնականաբար չէր ընդգրկվի այդ ցանկում: Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է իր պատրաստման յուրահատկությունների, մշակութային, ազգային եւ հայերի կյանքում բազմաթիվ սոցիալական դրսեւորումների նշանակության շնորհիվ:

Դռան ճռռոցն ազդարարում է՝ էլի հյուրեր ունենք: Ներս են մտնում հարեւանուհիներից երկուսը: Նրանցից մեկն անմիջապես բարձրանում է թմբի վրա՝ գրավելով հացթուխի տեղը: Հիմա «նվագախմբում» երեքն են, ինչպես որ պետք է լիներ իրականում: Ես պաշտոնի բարձրացում չունեմ՝ շարունակելու եմ խմորե գնդերը մատակարարել:

-Իմացա օր թթխմորով եք էրել խմորը,- նկատում է նորեկ կանանցից Անահիտը՝ համտեսելով լավաշից,- լավաշի հոտը փողոցն էր բռնել: Տղես ըսեց՝ մամ, էլ դրոժ չգցես հացի մեջ, թթխմորով կենես խմորը:

«Այո, սա արդեն հաղթանակ է, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ»,- ուրախանում եմ մտքումս ու հոգնած փլվում քարե թախտին՝ խմորից դատարկված փայտե արկղերի ու խոնջի (սեղան՝ կարճ, խաչաձեւ ոտներով) արանքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter