HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Ջանքերի միավորում՝ հանուն Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման եւ կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 1-ին Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Ջանքերի միավորում՝ հանուն Սեւանա լճիէկոհամակարգի պահպանման եւ կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը։

«Միջազգային համաժողովի նպատակն էր առանցքային շահառուների համար ստեղծել նախապայմաններ միմյանց պարտականությունների և իրականացված եւ իրականացվող գործողությունների ավելի հստակ պատկերացման, հետազոտական, մոնիթորինգային եւ պլանավորման գործողությունների ուղղությամբ հնարավոր համատեղ լուծումների տարբերակների ուրվագծման եւ հետագայում ավելի սերտ համագործակցության համար։

Այս համաժողովը միավորել էր տարբեր միջառարկայական հետազոտական խմբերի շահառուների եւ մասնագետների, որոնց թվում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շրջակա միջավայրի փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը եւ Գայանե Գաբրիելյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, միջազգային փորձագետներ՝ Մարտին Շուլցը եւ Կարստեն Ռինկեն, Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնից, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ինչպես նաեւ ՄԱԶԾ Կլիմայի, Շրջակա միջավայրի եւ Ճկունության ծրագրի, Ջրային կոմիտեի, «Սեւան» ազգային պարկի, «EU4Environment» ծրագրի, ՀԱՀ Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական ​​կենտրոնի, Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ շատ այլ որոշում կայացնողներ եւ ոլորտի առանցքային խաղացողներ:

Նախարար Սիմիդյանը ողջունեց մասնակիցներին. «Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է․ ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ են մղվում աշխարհի մի շարք երկրներում  և այն, ինչ կատարվում է ջրային ոլորտում ամբողջ աշխարհում, կարելի է անվանել մի քանի բառով՝ պայքար ջրի համար։ Ջուրը տարբերվում է բնական բոլոր ռեսուրսներից: Բնական պաշարներից շատերը, այդ թվում անգամ թանկարժեք համարվող նավթը, փոխարինելի է, իսկ ջուրը` ոչ: Այդ է պատճառը, որ այսօր աշխարհի բոլոր երկրները, կառավարությունները և մարդկությունը փորձում են միավորել ջանքերը հանուն ջրային ռեսուրսների պահպանության։ Բայց մենք պետք է միավորենք մեր ջանքերը ոչ միայն ջրային ռեսուրսների, այլև դրանց որակի պահպանության համար, չէ որ էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են և մի շղթայի մաս․ որքան վատթար վիճակում է գտնվում շրջակա միջավայրը, այնքան աղտոտված են ջրային ռեսուրսները, և հակառակը»։

Այս համաժողովի ընթացքում գիտնականները, փորձագետները, ՀԿ-ների ներկայացուցիչները եւ որոշում կայացնողները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու աշխատանքը, եւ մինչ այժմ ձեռք բերված արդյունքները, քննարկեցին Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի եւ կառավարման հետ կապված խնդիրներն ու հնարավոր լուծումները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց. «Կան տարբեր հետազոտություններ, մշակված ծրագրեր եւ նախաձեռնություններ՝ կապված Սեւանա լճի եւ նրա ջրբաժանի տարբեր կողմերի հետ։ Այս բոլոր նախագծերը, ինչպիսին EU4Sevan-ն է, ունեն ընդհանուր գաղափարներ- բարելավել լճերի էկոհամակարգի մասին գիտելիքները, հասկանալ բնությունը եւ կանխատեսել մարդածին գործունեության եւ կլիմայի փոփոխության ազդեցությունը լճի ջրբաժանում եւ փոխանցել այս տեղեկատվությունը շահագրգիռ կողմերին՝ գտնելու Սեւանա լճի պաշտպանության լավագույն բնապահպանական ուղիները»:

Համաժողովը խթան հանդիսացավ գիտելիքի եւ տեղեկատվության համապարփակ փոխանակման, հաղորդակցության, իրազեկման բարձրացման, մասնակից   կազմակերպությունների   միջեւ համագործակցության հաստատման համար՝ համատեղ  իրականացվող գործողությունների միջոցով համալիր խնդիրների հասցեագրման եւ այս  զգայուն ու ծառայություններ մատուցող էկոհամակարգի պահպանության  համար հիմնարար առաջարկությունների մշակման նպատակով։

Առաջին նիստը, որը վարում էր ՀՄԿ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը, անդրադարձավ հետազոտության եւ զարգացման հիմնական արդյունքներին եւ հիմնական աշխատանքներին: 2-րդ նիստը, որը վարում էր EU4Sevan-ի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, կարեւորեց ՀՀ կառավարության գործունեությունը` ուղղված Սեւանա լճի եւ նրա ջրբաժանի կառավարման բարելավմանը: Եւ վերջին նիստը պանելային քննարկում էր՝ նվիրված Սեւանա լճի էկոհամակարգի հիմնական մարտահրավերներին, պաշտպանությանը եւ կայուն զարգացմանը, որը վարում էր ՀԱՀ, Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

«Սեւանա լիճը կարեւոր պատմամշակութային եւ տնտեսական արժեք ունի Հայաստանի համար, քանի որ այն խմելու ջրի, ոռոգման ջրի եւ հիդրոէներգիայի արտադրության աղբյուր է: Այն նաեւ հայ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ եւ անկայուն օգտագործման պատճառով (օրինակ՝ սանիտարահիգիենիկ լուծումների անբավարար զարգացում, թունաքիմիկատների եւ պարարտանյութերի ինտենսիվ օգտագործում, ոռոգման համար ջրի չափից ավելի ջրառ), ջրի քանակն ու որակը զգալիորեն վատթարացել են:

Լիճը բախվում է բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների, ինչպես նաեւ կրել է կենսաբազմազանության զգալի կորուստ: Լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաեւ դրա պահպանությունն ու կայուն օգտագործումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են կլիմայի եւ շրջակա միջավայրի ոլորտում»,- նշեց EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter