HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ուրախ եմ, որ կա՛մ, ապրու՛մ եմ եւ ուզու՛մ եմ ապրել...»

Լեւոնը տասնյոթ տարեկան է: Այս տարի ավարտել է Երեւանի թիվ 14 հատուկ դպրոցը, շուտով կավարտի նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը:

Լեւոնի տաղանդն ու սերը երաժշտության հանդեպ շատերին է զարմացնում, սակայն ինքը՝ Լեւոնը, բնավ չի զարմանում, որ նվագում է առանց ստեղնաշարը տեսնելու, քանի որ «դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ զգաս յուրաքանչյուր ստեղնի հնչյունը»:

Տեսողությունից զրկված լինելը նրան չի ստիպում մեկուսանալ շրջապատից եւ պարփակվել, ընդհակառակը, դրա վերաբերյալ նա իր յուրօրինակ մոտեցումն ունի. «Բոլոր մարդիկ էլ ունեն ինչ-որ թերություններ, տեսողությունից զրկված լինելն էլ այդ թերություններից մեկն է,- ասում է Լեւոնը,- սակայն չի նշանակում, որ դա պիտի ազդի մարդու բազմաթիվ առավելությունների վրա եւ ստիպի փակել ու չզարգացնել դրանք: Ես շատ շփվող մարդ եմ, ունեմ բազմաթիվ ընկերներ եւ, ի դեպ, նրանցից ոչ ոք տեսողության խնդիր չունի: Տեսողության կարիքը զգում եմ միայն այն ժամանակ, երբ ուզում եմ միայնակ դուրս գալ զբոսանքի: Չէ՞ որ մարդ երբեմն ուզում է մենակ մնալ»:

Լեւոնը տեսողությունը կորցրել է վեցուկես տարեկան հասակում: Մինչ այդ էլ նա ունեցել է տեսողության հետ կապված խնդիրներ, սակայն դրանք այդքան լուրջ չեն եղել: Լեւոնն իր հիշողության մեջ պահում է մինչ այդ տեսածը, փորձում չմոռանալ գույները: Ասում է, որ բոլոր գույները հիշում է, բացի մանուշակագույնից:

Այս տարի Լեւոնը պատրաստվում է ընդունվել կոնսերվատորիայի դաշնամուրային բաժին : Պարապում է ջանասիրաբար, չնայած ընկերներն ու բարեկամները կես-կատակ, կես-լուրջ ասում են, որ նա արդեն ընդունված է:

«Երաժշտության հանդեպ դեռ մանկուց շատ մեծ սեր ունեի, հայրս կիթառ էր նվագում, միգուցե դա էլ է նպաստել, որ իմ մեջ այդ ընդունակությունները զարգանան: Ես լսում էի տարբեր ոճի երաժշտություն՝ ջազ, ռոք, դասական: Շատ էի սիրում դաշնամուրը: Այդ ժամանակ մենք տանը դաշնամուր չունեինք, գնում էի եւ քեռուս տանն էի նվագում: Մեր դպրոցում մի փոքր ստուդիա կար, սկզբում այնտեղ էի հաճախում, սակայն երկու տարի պարապելուց հետո զգացի, որ դա ինձ չի բավարարում, եւ ես առավել լուրջ մասնագիտական հնարավորությունների կարիք ունեմ: Ընդունվեցի երաժշտական դպրոց: Գնալով սկսեցի ավելի ու ավելի սիրել դաշնամուրը»,- ասում է Լեւոնը:

Լեւոնը մասնակցել է մի շարք համերգների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2003 թվականին նա շքեղ մենահամերգ է ունեցել Մոսկվայի հատուկ դպրոցներից մեկում, եւ նրան առաջարկել են մնալ ու սովորել իրենց մոտ՝ խոստանալով ապահովել նրա երաժշտական բարձրագույն ուսումը, սակայն նա հրաժարվել է: Լեւոնը չափազանց կարեւորում է իր կրթությունը հայրենիքում՝ բարձր գնահատելով իր ուսուցիչներին:

Այս տարվա մարտ ամսին Լեւոնը, տեղեկանալով Փարիզում կայանալիք «Flamme» 2007 տասնութերորդ միջազգային մրցույթի մասին, մասնակցության հայտ է ներկայացրել: Նրան հրավիրել են, եւ Լեւոնը հոր` Արմենի հետ միասին մեկնել է Փարիզ:

«Համերգին մասնակցում էին երեք տարիքային խմբեր,- պատմում է Լեւոնը:- Ես նվագեցի տասնվեցից մինչեւ երեսուն տարեկանների խմբում, որտեղ կային լուրջ, կայացած երաժիշտներ, եւ ամենափոքրը ես էի: Հայտը ներկայացնելիս ես անգամ չէի նշել, որ տեսողության խնդիր ունեմ, քանի որ առհասարակ դեմ եմ, երբ դա առանձնահատուկ ուշադրության է արժանանում: Ընդհակառակը, ես ուզում եմ մասնակցել սովորական համերգների ու փառատոնների, այլ ոչ թե հատուկ տեսողության խնդիր ունեցողների համար նախատեսված,- ասում է Լեւոնը եւ ավելացնում, որ ինքն անընդհատ պայքարում է եւ իրպեսներին էլ հորդորում պայքարել այդ կարծրատիպերի դեմ:

Լեւոնի մայրը՝ տիկին Սուսաննան, ուրախ է, որ Լեւոնը մասնակցել է նմանատիպ խոշոր մրցույթի, սակայն ցավով հիշում է, թե ինչպես են իրենք իրենց մեկ տարվա վաստակածը ներդրել, որպեսզի Լեւոնը կարողանա հասնել Փարիզ:

«Ողջ ծախսը մեզ վրա էր,- ասում է տիկին Սուսաննան,- այո, այդ ժամանակ, թեկուզեւ մեծ դժվարությամբ, մենք կարողացանք Լեւոնին ուղարկել այդ մրցույթին: Սակայն քանի~ ու քանի~ այդպիսի մրցույթներ ու հնարավորություններ են հօդս ցնդում ֆինանսական խնդիրների պատճառով: Կարծում եմ` այդ հարցերով պետք է զբաղվի ոչ միայն ծնողը, այլեւ պետությունը: Չէ՞ որ Լեւոնի պես երեխաները շատ չեն մեր հանրապետությունում»:

Լեւոնը շատ ծրագրեր ունի՝ կապված մենահամերգների հետ: Նրա կարծիքով` երաժշտի համար չկա ավելի թանկ բան, քան մենահամերգն է: Սական առայժմ նա մտածում է միայն ընդունելության քննությունների մասին: Ճիշտ է, հույս ունի, որ կընդունվի կոնսերվատորիա, սակայն նաեւ կարծում է, որ քանի դեռ դա իրականություն չէ, պետք է անընդհատ պարապել:

Լեւոնը նաեւ երազանքներ ունի՝ կապված երաժշտության հետ: Ուզում է այդ աշխարհում իր ուրույն ոճն ունենալ՝ չնայած շատ ու շատ սիրած երաժիշտներ ունի:

«Շատ եմ սիրում Սթիվի Ուանդերին,- ասում է նա,- սակայն դա կապ չունի այն բանի հետ, որ նա եւս չի տեսնում: Փոքր ժամանակ էլ էի նրան շատ սիրում ու լսում: Եթե նմանվելու լինեի, կուզենայի նմանվել նրան: Իսկ երազանքներիցս մեկը նրա հետ հանդիպելն է»:

Լեւոնն իր մտածողության խորությամբ ու բազմակողմանիությամբ զարմանալիորեն տարբերվում է իր հասակակիցներից: Նա ինքնավստահ է, աշխատասեր ու նպատակասլաց: Անշուշտ, դրան նպաստում է նաեւ նրա ընտանիքը, որը ոչինչ չի խնայում՝ Լեւոնին հասանելի դարձնելու այն ամենին, ինչն անհրաժեշտ է մասնագիտական լուրջ հմտություններ ձեռք բերելու համար:

Լեւոնի եղբայրը՝ յոթամյա Ռուբենը, սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի առաջին դասարանում:

Ի տարբերություն Լեւոնի, Ռուբենն ընտրել է թավջութակը: Նրա մի քանի կատարումներից վստահ կարելի է եզրակացնել, որ Ռուբենին եւս հաջողություններ են սպասվում երաժշտության ասպարեզում:

Լեւոնի համար իր ընտանիքն ամենաթանկ բանն է աշխարհում: Եվ երբ նա խոսում է իր երազանքների մասին, ասում է, որ ուզում է միշտ իր ընտանիքի կողքին լինել: Երազանքներից մեկն էլ սեփական ընտանիք եւ երեխաներ ունենալն է:

«Չէի ուզենա փոխել այն, ինչ Աստված կամեցել է, որ այդպես լինի,- ասում է Լեւոնը,- բայց եթե դա, այնուամենայնիվ, հնարավոր լիներ, ապա կցանկանայի վերականգնել տեսողությունս: Իսկ եթե ոչ, ապա դա դժբախտություն չէ, իմ կյանքն այսպես էլ է լավ: Ես ուրախ եմ, որ կա՛մ, ապրու՛մ եմ եւ ուզու՛մ եմ ապրել: Մի անգամ Ռեյ Չարլզին հարցրել են՝ կուզենայի՞ր տեսնել, նա պատասխանել է. «Ես այնպիսի բաներ եմ տեսնում, որ դուք երազում անգամ չեք տեսնում...»:

Անի Գասպարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter