HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին ռազմագերին սպասում է վարչապետի պատասխանին

Սամվել Պադոյանը տարվա մեջ ընդամենը երկու օր է կրում զինվորական համազգեստը:

Շուշիի ազատագրման տարեդարձի նախօրեին պահարանից հանում է խնամքով պահված կոստյումն ու տոնական օրերն անցկացնում զինվորականի տեսքով: Մեր այցելությունը 41-ամյա գյումրեցու համար առիթ էր այս տարի մեկ անգամ եւս կրել շքանշաններով զարդարված մայորի կոստյումը:

Արցախյան պատերազմի տարիներին նա աշխատում էր Գյումրիի զինկոմիսարիատում: 1994-ի հունվարին ռուսական զորամասի մեքենաներով ուղեւորվեցին Վարդենիս: 11 հոգով՝ հինգը զինկոմիսարիատի աշխատակիցներ, մնացածը՝ վարորդներ, Էջմիածնի զինմասի 200 զինվորի Զոդ գյուղ տեղափոխելիս ընկան հակառակորդի կրակոցների տակ:

«Որ սկսեցին կրակել, տեղ չունեինք գնալու, կամ պիտի սարին զարկվեինք, կամ ընկնեինք ձորը»,- հիշում է Սամվելը: Վեց ավտոմեքենաներից չորսին ու դրանց յոթ ուղեւորներին հաջողվում է խույս տալ ու փախչել, իսկ Սամվելն ու նրա երեք զինակիցները հայտնվում են սահմանի այն կողմում: Մինչեւ հիմա էլ նա չի հասկանում, թե ինչպես են ճանապարհը շփոթել ու Զոդ գյուղ շարժվելու փոխարեն հայտնվել Քելբաջարում:

«Մեզ ինստրուկտաժ չէին արել, թե ուր գնանք, մինչեւ մեքենաները կանգնեցրինք, որ անվադողերը փչենք, 50-60 հոգի հարձակվեցին »,-շարունակում է Սամվելը:

Հակառակորդի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ Սամվելն իրեն «խելոք չի պահում»: «Թքեցի երեսին: Նա էլ դանակը պտտացրեց ու, մինչեւ հասկացա, ականջս թռցրեց»: Սամվելի ընկերներին եւս հակառակորդը մարմնական վնասվածքներ էր հասցրել. «Ստյոպի գլուխն էին վնասել, Աշոտի՝ թեւը, իսկ Ռազմիկին տասնհինգ, թե քսան տեղից վնասել էին թիկունքից»:

Հայ գերիներին ադրբեջանցիները տանում են Խանլարի հոսպիտալ, որտեղ, եթե չլիներ ժամանակին Գյումրիում ծառայած ադրբեջանցի մի փոխգնդապետ, հայերին պատրաստ էին մորթել: «Ձեր հացը կերել եմ, դուք իմ համերկրացին եք»,- ասում է ադրբեջանցի զինվորականը:

Մեկ ամիս Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանում պահելուց հետո նրանց տեղափոխում են Գոբուստանի բանտ, որտեղ պահում էին նաեւ ադրբեջանցի դատապարտյալների:

Մոտ կես տարի նրանց նախաճաշը, ճաշն ու ընթրիքը մի կտոր հացն էր եւ ապուրի ջուրը: Ապուրի սնունդը ադրբեջանցիների համար էր: Երեք ամսում Սամվելը 20 կգ քաշ է կորցնում:

Սամվելի հարազատներն առաջին նամակը ստանում են անհետացումից մեկ ամիս անց: Միջազգային Կարմիր Խաչի միջոցով հայ գերիները կարողանում են տեղեկացնել իրենց գտնվելու վայրի մասին: Մինչ այդ Սամվելի ծնողներն ու երիտասարդ կինն անորոշության մեջ էին:

Մյուս գերիների նման Գոբուստանի բանտում Սամվելը կամ շինարարություն էր անում, կամ էլ ադրբեջանցի բանտապահների ավտոմեքենաներն էր նորոգում: Հայ գերիների օրն ադրբեջանական բանտում անցնում էր դանդաղ, մահակների հարվածների տակ:

Յուրաքանչյուր հակահայկական դրսեւորում Գոբուստանում ավարտվում էր գերիների ծեծով: 40 հայ կար ադրբեջանական բանտում, որտեղ գրեթե ամեն օր բանտի աշխատակիցները նրանց ծեծում էին եւ փորձում հետքերն ու գերիներին շահագործելու դեպքերը թաքցնել Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչներից:

«Սկզբում Կարմիր Խաչում չգիտեին, որ մեզ աշխատեցնում են: Հենց գալիս էին, բոլորիս կլցնեին բարակը, մաքուր շորեր կհագնեինք, կմտնեինք խցերը՝ իբր թե ո՛չ աշխատում ենք, ո՛չ էլ մեզ մատով կպչում են: Նույնիսկ չգիտեին, որ ծեծում են մեզ: Բայց օր է եղել, որ երեք անգամ են ծեծել»,- պատմում Սամվելը:

Քիչ չեն եղել նաեւ մարդիկ, ովքեր օգնել են հայ գերիներին, անգամ թերթեր բերել նրանց համար:

Մի օր էլ հայ գերիներին լուր են բերում, թե շուտով բոլորին ազատ են արձակելու: Տեղեկացնողն Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ավտոբուսի վարորդն էր, ով ղարաբաղցի գերու նախկին համագյուղացին էր: Բանտում լուրեր էին պտտվում նաեւ, թե զինադադարի միամյակի կապակցությամբ երկու կողմն էլ գերիներին ազատ է արձակելու: Գերությունից մեկուկես տարի անց Սամվելին ու նրա ընկերներին ազատ արձակեցին:

Հասնելով Երեւանի հիվանդանոցներից մեկը՝ Սամվելը մի գիշեր անգամ չկարողացավ համբերել: «Գոբուստանից չբաշարեցի փախչել, Երեւանից փախա»,- ասում է նախկին ռազմագերին:

Գերությունից հետո շարունակելով աշխատանքը Գյումրու զինվորական կոմիսարիատում՝ Սամվելը զբաղեցնում է 4-րդ մասի շարայինների ու սերժանտների հաշվառման ու ամրակցման բաժնի պետի պաշտոնը:

1997-ին զինապարտի անվան տակ նա հաշվառման է կանգնեցնում զինակոչիկի: «Երկրորդ մասի պետը գրել էր, որ զորակոչվել է, զինկոմն էլ թե՝ կանգնեցնել հաշվառման»:

Սամվելին հեռացնում են զինված ուժերից: Նրան հանձնում են զինվորական գրքույկը, որտեղ գրված է. «Հանցավոր համաձայնության գալով երկրորդ մասի պետի հետ՝ զինակոչիկին որպես զինապարտ վերցրել է հաշվառման»:

Հետագայում պարզվում է, որ իրականում հաշվառման կանգնեցվածը չի ծառայել բանակում, իսկ նրան տրված զինգրքույկում Սամվելի ստորագրությամբ ու կնիքով հաստատված 1997 թվականը առանց նրա իմացության փոխարինվել էր 1995-ով: «Զինգրքույկը կեղծել էին»,-համոզված է Սամվելը, որն անցած տարիներին բազում նամակներ է հղել պաշտպանության նախարարություն ու փորձել նկարագրել կատարվածը: Տասը տարի է նա սպասում է պատասխանի: Խորհրդարանական ընտրությունների առիթով էլ, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր Գյումրի, կրկին նամակ էր փոխանցել նրան՝ խնդրելով վերականգնել համակարգում:

41 տարեկան Սամվելը ֆիզիկական աշխատանք չի կարողանում կատարել: Գերության մեկուկես տարին նրանից խլեցին նյարդերն ու առողջությունը: Նախկին ռազմագերու ամենամեծ խնդիրը գլխացավերն են: Բողոքում է թույլ նյարդերից, որոնք գրգռվում են անգամ չնչին առիթով, ու հաճախակի կրկնվող ուշաթափությունից: Գիշերները հաճախ է արթնանում սրտի սուր ծակոցներից, կոկորդի հեղձուկից. « Գ լխիս մեջ միանգամից ոնց որ սուր ինչ-որ բան մտցնես»:

Պետության միակ աջակցությունը նախկին ռազմագերուն կոնտուզիայի համար տրված հաշմանդամության երրորդ կարգն ու դրա համար վճարվող 28.000 դրամ թոշակն է: Ընտանիքը պահում է իր եւ մոր թոշակով, երբեմն էլ` հարազատների օգնությամբ: Արցախյան պատերազմում գերի ընկած զինվորները համարվում են մարտական գործողություններին մասնակցած անձինք եւ օգտվում նրանց համար սահմանված արտոնություններից: Նրանք չունեն գերու կարգավիճակ: Ռազմագերիների խնդիրներով զբաղվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարեւորում է նրանց հատուկ կարգավիճակ տալը՝ լուծումներ տալու նրանց առողջական, սոցիալական, աշխատանքի եւ հոգեբանական-վերականգնողական խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter