HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Թրեյսիի ելույթը ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը

Դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ ելույթով է հանդես եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո փոխվարչապետ, հարգարժան հյուրեր, բարեկամներ, ամերիկացի հայրենակիցներ, անասելի ուրախ եմ ողջունել բոլորիդ մեր հուլիսչորսյան տոնակատարությանը։ Վերջին երեք տարվա ընթացքում մենք առաջին անգամ հնարավորություն ունենք տոնը առերես նշել։

Երախտագիտությանս խոսքն եմ ուզում ուղղել մեր հովանավորներին, որոնց աջակցությամբ տեղի է ունենում մեր այսօրվա ընդունելությունը։ Եվ շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում տեղի բոլոր բիզնեսներին և դեսպանության մեր անձնակազմին՝ այս միջոցառման հաջողության համար կատարած իրենց եռանդուն աշխատանքի համար։

Այսօր մենք տոնում են Միացյալ Նահանգների անկախության 246 տարին։

246 տարի առաջ, երբ Ամերիկան սկսեց ժողովրդավարության փորձարկումը, ոչ մի բան հստակ չէ։ Մենք հռչակեցինք մեր անկախությունը և հանդես եկանք մեր սկզբունքների, հավակնությունների և տեսլականի մասին համարձակ հայտարարությամբ։ Մենք նշեցինք․ «Այս ճշմարտություններն  ինքնին ակնհայտ են․ բոլոր մարդիկ արարված են հավասար, և բոլորին Արարիչը օժտել է որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են` կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը։ Այս իրավունքների ապահովման ու պաշտպանության համար մարդիկ ստեղծում են պետություն, որտեղ կառավարողների արդարացի իշխանությունը բխում է կառավարվողների համաձայնությունից»։

Սակայն ամերիկյան ժողովրդավարությունը չսկսվեց ու չավարտվեց այս հռչակագրով և մեր սահմանադրության ստեղծմամբ։ Մենք երկու պատերազմի միջով անցանք հանուն մեր անկախության և իսկ ստրկությանը վերջ դնելու համար անցանք քաղաքացիական պատերազմի բոհով։ Այդ ժամանակներից անցել է 150 տարի և ազատության և համահավասարության մեր ձգտումների ուղղությամբ առաջընթացը գրանցվել է երկար ու դժվարին պայքարի արդյունքում։ Եվ այն դեռ ավարտված չէ։ Միացյալ Նահանգներում մենք շարունակում ենք խորամուխ լինել մեր սահմանադրության իմաստին և կատարել մեր ընտրությունները՝ որպես քաղաքացի։  Ժողովրդավարությունը ստատիկ չէ։ Այն գործընթաց է, որը ենթադրում է հիմնարար սկզբունքների նկատմամբ հանձնառությունների շարունակական վերահաստատում։ Հարատևելու համար այն ջանքեր է պահանջում, այդպիսին է ժողովրդավարության բնույթը, իսկ երբեմն էլ կարող է թվալ, թե այն փխրուն է։ Ես սակայն որևէ կասկած չունեմ, որ մենք՝ ամերիկացիներս, շարունակելու ենք մեր ժողովրդավարությունը կատարելագործելու գործընթացը և հետամուտ ենք լինելու մեր պետական կառավարման հաստատությունների հաշվետվողականությանն ու բարեվարքությանը։

Այսօր մենք նաև տոնում ենք մեր երկու երկրների երկարամյա փոխգործակցությունը, այդ թվում՝ վերջին 30 տարիների փոխգործակցությունը անկախ Հայաստանի հետ։

Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգներն այս հարուստ մշակութային ավանդույթներով երկրում և իմ աջակցությունը բերել Հայաստանի ժողովրդավարական ուղուն  Հայաստանի համար այս մարտահրավերներով լեցուն ժամանակահատվածում։ Դա միայն իմ առաքելությունը չէր։ Փոխգործակցության ամուր կապերի հիմքը դրվեց Հայաստանում մեր առաջին դեսպան Հարի Գիլմորի օրոք՝ անկախությանը հաջորդած մութ, դժվարին ու անորոշություններով լեցուն առաջին տարիներին։ Նրանից հետո մենք 8 դեսպան ենք ունեցել Հայաստանում, որոնց ղեկավարության ներքո Հայաստանում գործել են մի շարք ամերիկյան պետական կառույցներ, որոնք բոլորն էլ այս 30 տարիների ընթացքում աշխատել են աջակցելու  խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա կերտելու հայ ժողովրդի ձգտումների կենսագործման ուղղությամբ։ Ես երախտապարտ եմ նախորդ դեսպաններին և դեսպանությունում երկար տարիներ աշխատող տեղացի աշխատակիցներին, որոնք հայ-ամերիկյան հարաբերությունների երեսնամյակին նվիրված մեր ֆեյսբուքյան պատմաշարում ներկայացնում են իրենց հիշողությունները տարբեր տարիների փոխգործակցության վերաբերյալ։ Իսկ դեսպան Գիլմորի մասին վերջերս իր հիշողություններ էր կիսել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, առողջապահական ծառայությունների բարելավումը, ջրի հասանելիության մեծացումը, անվտանգային համագործակցությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, փոխանակման ծրագրերը և մարդասիրական նախաձեռնությունները։ Մենք գործակցել ենք հայ մարդկանց հետ՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, մեր դիրքորոշումները կիսող դիվանագետների և միջազգային կառույցների հետ և ԱՄՆ քաղաքացիների, մասնավորապես՝ հպարտ ամերիկահայերի հետ։ Այս համագործակցության ակունքներում ընդհանուր արժեքներ ունենալու գիտակցումն է։ Այս փոխգործակցության ուժն է, որ օգնել է մեզ ապահովել այն նշանակալի առաջընթացը, որի ականատեսն ենք եղել Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում։

Եվ վերջում թույլ տվեք ավարտեմ նախագահ Ջոն Ֆ․ Քենեդու խոսքերով․ նա մի առիթով ասել է․ «Փոխգործակցությունը, ոչ թե իրավիճակ է, այլ գործընթաց, շարունակական գործընթաց, որն աճում ու ամրապնդվում է, երբ մենք լծվում ենք ընդհանուր անելիքներին»։ Լիահույս եմ, որ հաջորդ 30 ու ավել տարիներին, հետամուտ լինելով մեր երկրների խաղաղ, ժողովրդավար ու բարեկեցիկ ապագայի կերտման մեր ընդհանուր տեսլականին, բոլորս մեր փոխգործակցության շարունակական ամրապնդմանն ու հզորացմանը ականատեսն ենք լինելու։

Շնորհավորում եմ բոլորին Անկախության տոնի առթիվ։

Շնորհակալություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter