HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանջար կա, փետ կա, հավասարություն չկա

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի ութսուներեքամյա բնակիչ Գիգոս պապը փորում է իր տնամերձ հողը։

Բահի ամեն հարվածից կարծր հողակտորներ են պոկվում ու թերթաքարերի պես շարվում կողք-կողքի։ Երկար ժամանակ անձրեւ չի եկել, եւ քարանման հողակտորներին նայողը դժվար հավատա, թե Գիգոս պապի տնամերձում կարող է որեւէ բան աճել։

«Մի քիչ սերմացու ունեմ, կարտոլ եմ ցանելու»,- ասում է ծերունին։

«Տանը ջահել չկա՞, որ դուք եք աշխատում»,- հարցնում եմ։

«Չէ,- ասում է,- ոչ մեկն էլ չկա»։

Գիգոս պապը չորս երեխա է ունեցել՝ մեկ աղջիկ, երեք տղա։ Աղջիկն ամուսնացած է, տղաներից մեկը մահացել է մի քանի տարի առաջ։ Մյուս երկուսը մեկնել են Ռուսաստան. «Փող են աշխատում, ղարգում են, որ ստի ապրենք»։ Նրա թոռներն էլ են արդեն մեկնել։ Մեկը Մոսկվայում է, մյուսը՝ հեռավոր Սիբիրում։

«Էս քանի տարի ա քյացել են, ոչ էլ գալիս են,- ասում է պապն ու իսկույն արդարացնում իր տղաներին ու թոռներին,- բա էրեխեն սոված ա, ի՞նչ անի, ասա տենամ, սոված մեռնի՞, ստի աշխատանք չկա»։

«Հող չունե՞ք»,- հարցնում եմ։

«Ունենք, բա խի՞ չունենք»,- ասում է պապն ու ցույց տալիս հեռու մի տեղ, ուր նրա եւ որդիների սեփական հողերն են։ Այդ հողերի վրա կատարված աշխատանքի ծախսն ու ստացված բերքը երբեմն հավասար են լինում, իսկ շատ հաճախ ծախսերը գերազանցում են եկամուտը։ Մեկ կարկուտն է վնասում, մեկ՝ երաշտը, իսկ ավելի հաճախ ձախորդությունը լինում է գյուղատնտեսական մեքենաների պակասի պատճառով։ «Անցած տարի Խաշթառակի (Լուսահովիտի հարեւան գյուղն է) բերքի կեսը կորավ լրիվ, կոմբայն չկար, որ հնձեին»,- ասում է Գիգոս պապն ու բողոքում, թե նույնիսկ բնական աղետների դեպքում պետությունը ոչնչով չի օգնում։

Նրա կարծիքով` քաղաքի մարդիկ ուրիշ կյանքով են ապրում։ Նրանք չգիտեն գյուղերի մարդկանց վիճակի մասին, դրա համար էլ ոչինչ չեն ձեռնարկում։ «Քաղաքի մարդ» ասելով` նա նկատի ունի պաշտոնյաներին, երկրի տնտեսության ու սոցիալական վիճակի համար պատասխանատու մարդկանց։ Դրա համար էլ անմիջապես հիշում է Տավուշի մարզից ընտրված պատգամավորին. «Մի դեպուտատ ունեինք, մի անգամ եկավ ոչ հարցնի՝ ի՞նչ կա, ո՞նց եք ապրում»։ Ասում է, թե քաղաքի մարդիկ գալիս են միայն ընտրություններից առաջ, մեծ-մեծ խոստումներ տալիս, իսկ ընտրվելուց հետո մոռանում են իրենց։

Մեր հանդիպումը ապրիլի 22-ին էր` Ազգային ժողովի ընտրություններից քսան օր առաջ։ Գյուղում փակցված էին Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի պաստառները։ Մյուս կուսակցությունները Լուսահովիտ չէին հասել՝ գուցե հեռավորության կամ էլ ընտրությունների կանխորոշված արդյունքի պատճառով։

- Հիմա ո՞ւմ պիտի ընտրեք,- հարցնում եմ։

- Ում որ կասեն, նրան էլ կընտրեմ,- ասում է ութսուներեքամյա Գիգոս պապը։

- Իսկ ինչո՞ւ ձեր ցանկությամբ չեք ընտրում։

- Հավասարութին չկա, դրա համար էլ չենք ընտրում։

- Հավասարությունը ո՞րն է։

Հարցիս պատասխանելուց առաջ կասկածալի հայացքով զննում է ինձ ու հնչեցնում հավասարության իր պատկերացումը. «Քոչարյանը Էրեւան մի զույգ ոտնաման ա առնում, երկու տարի հագնում ա, չէ՞, իսկ ես մի զույգ կալոշ եմ առնում, գնում եմ հանդը գալիս, մաշվում ա։ Բա տհե հավասարութին ա ըլնո՞ւմ»։

Գիգոս պապը չի սպասում դրական փոփոխությունների, չի հավատում, որ իր հայրենի գյուղում կյանքը երբեւէ կլավանա, չի հավատում, թե որդիներն ու թոռները կվերադառնան ու կապրեն Լուսահովիտում, բայց նաեւ չի կարծում, թե եղած դժվարությունների պատճառով գյուղը կարող է վերանալ։ «Չէ, չի վերանա, կմնա,- ասում է նա։- Հանդերում բանջարը կա, ծմակում փետը կա, ջահելներն էլ մի քիչ փող ղարգեն, մի կերպ կապրենք ու կմնանք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter