HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 130-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 130-րդ օրվա առավոտյան ամփոփումը՝ վերջին ժամերի հիմնական նորություններով:

  • Ռուսաստանցի զինվորականները պնդում են, որ վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի մարզի Լիսիչանսկ քաղաքը։ Ուկրաինայի զինված ուժերը և Ուկրաինայի նախագահի գրասենյակը պնդում են, որ Ռուսաստանը դեռևս միայն քաղաքի մատույցներում է։
  • Կրեմենչուգում և Օդեսայի մարզում, որտեղ ռուսական հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ավարտվել են փրկարարական աշխատանքները։
  • Ռուսաստանը շարունակում է օգտագործել օդային բազավորման հականավային հրթիռները որպես ցամաքային հարձակումներին օգնություն: Հավանական է, որ դա կապված է առավել ճշգրիտ խոցման ժամանակակից զենքերի պաշարների սպառման հետ, հայտնում է բրիտանական հետախուզությունը։
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հրաման է տվել «նշանառության տակ վերցնել Կիևում որոշումների կայացման կենտրոնները» և հայտնել իբր չեզոքացված հրթիռների մասին, որոնք արձակվել են Ուկրաինայի տարածքից։ 

Ռամզան Կադիրովը ևս պնդում է, որ Լիսիչանսկն անցել է ռուսական վերահսկողության տակ։

Ինչպես իր տելեգրամյան ալիքում գրել է Չեչնիայի ղեկավարը, «չեչեն ուժայինների ավտոմեքենաների շարասյունն արդեն շարժվում է քաղաքի փողոցներով, իսկ դա նշանակում է, որ այդ պահից նոր էջ է սկսվում ազատ Լիսիչանսկի և ընդհանուր առմամբ Լուգանսկի ժողովրդական հանրապետության պատմության մեջ»։

Փոխարենը Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը նշում է, որ ռուսական ուժերն ամրապնդվում են Լիսիչանսկ քաղաքի շրջանում։

Գայդայի խոսքով՝ քաղաքը գտնվում է կրակի տակ։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը «էական կորուստներ են կրում, սակայն համառորեն առաջ են շարժվում»։ «Նրանք ամրապնդվում են քաղաքում, ինչպես նաև Վերնեկամենկայում և շարունակում ոչնչացնել բնակավայրերը»,- հայտարարել է Գայդայը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ ռուսաստանցիները Լիսիչանսկում կենտրոնացրել են իրենց բոլոր ուժերը։ «Քաղաքի վրա հարձակումն իրականացրել են անհասկանալի դաժան մարտավարությամբ։ Այսպես, եթե Սևերոդոնեցկում փողոցային մարտերի մեկ ամսվա ընթացքում պահպանվել են շենքեր և քաղաքապետարանը, ապա Լիսիչանսկում կարճ ժամանակահատվածում քաղաքապետարանը հողին է հավասարեցվել»,- ասել է նա։

Մելիտոպոլի քաղաքապետը հայտարարել է ռուսական ռազմաբազայի ոչնչացման մասին

Ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլ քաղաքի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ գիշերն Ուկրաինայի զինված ուժերն ավելի քան 30 հարված են հասցրել և շարքից հանել Մելիտոպոլում տեղակայված ռուսական չորս ռազմաբազաներից մեկը։

Իվանովի խոսքով՝ նախօրեին դիմադրության ուժերը կարողացել են ռելսերից հանել սպառազինությամբ բեռնված ռուսական զրահագնացքը։ «Հիմա բռնազավթիչները փորձում են սադրանքներ անել այն մասին, որ ռմբակոծվել են խաղաղ շրջանները, տուժել է խաղաղ բնակչությունը, ավերվել են քաղաքային ենթակառուցվածքները։ Նման բան չի եղել։ Ուկրաինայի զինված ուժերն արել են ամեն ինչ, որպեսզի Մելիտոպոլում վերադարձվի խաղաղ կյանքն ու ուկրաինական պետականությունը»,- հայտարարել է Իվանովը։

Բելգորոդում գիշերը մի քանի պայթյուն է եղել։ Զոհվել է 5 մարդ։

Այդ մասին հայտնել է մարզի նահանգապետ Գենադի Գլադկովը։ Նրա խոսքով՝ մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան շենք և 39 մասնավոր տուն, որոնցից 5-ն ամբողջությամբ։

Գլադկովը չի մանրամասնել պայթյունների պատճառները։

Բացի զոհերից ևս չորս մարդ տուժել է, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։

Կուրսկի ուղղությամբ գիշերը խոցվել է ուկրաինական երկու անօդաչու։

Այդ մասին էլ հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ «Շնորհիվ զինվորականների գրագետ գործողությունների տուժածներ չկան»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։

Հրթիռակոծման է ենթարկվել նաև ուկրաինական Խարկով քաղաքը

Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածը հասցվել է առավոտյան ժամը 4-ին։

«Առավոտյան ռուսաստանցիները հարվածել են Կիևի շրջանի կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներից մեկին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- հայտնել է պաշտոնյան։

Պայթյունից վնասվել են նաև քաղաքի Նովոբավարյան շրջանի դպրոցներից մեկի լուսամուտները։

Լուսանկարը՝ Evgeniy Maloletka / AP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter