HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ռազմական օբյեկտներին հարվածելու փորձի մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին Բելառուսի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ։ Նրա պնդմամբ՝ հրթիռակոծման փորձը ձեռնարկվել է մի քանի օր առաջ, սակայն բոլոր հրթիռները որսվել են։

«Մեզ սադրում են… Երեք օր առաջ, կարող է մի փոքր ավելի շատ, Ուկրաինայի տարածքից փորձել են հարված հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Բայց, փառք Աստծո, «Панцирь» տեսակի հակաօդային համալիրներով հաջողվեց որսալ բոլոր հրթիռները, որոնք արձակվել էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից»,- Անկախության տոնի առթիվ հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։ Իր խոսքերին նա որևէ ապացույց չի ներկայացրել։

Լուկաշենկոն նշել է, որ բելառուսցի զինվորականներին հրամայել է «նշանառության տակ վերցնել» Մինսկի հակառակորդների մայրաքաղաքների որոշումների կայացման կենտրոնները։ Նա զգուշացրել է, որ եթե նրանք փորձեն հարվածել Գոմելին, Մոզիրի նավթավերամշակման գործարանին, Լունինեցի կամ Բրեստի օդակայաններին, «անմիջապես պատասխան կհասցվի»։

«Մենք ունենք՝ ինչով պատասխանել։ Եվ ոչ միայն նրանով, ինչի մասին մենք վերջերս խոսում էինք Ռուսաստանի նախագահի հետ (խմբ. խոսքը միջուկային զենքի մասին է)։ Ես դրան վաղուցվանից էի պատրաստվում։ Հիշում եք, ես ձեզ ասում էի. «Полонез»-ները, հրթիռային արտադրությունը և այլն։ Դուք (խմբ. Մինսկի հակառակորդները) ամբողջությամբ գտնվում ենք այդ հրթիռների հարվածի տակ։ Եվ ես չեմ նայի, թե ովքեր են այնտեղ գրասենյակներում կամ էլ պալատներում նստած»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Արևմուտքի երկրները պատժամիջոցներ էին սահմանել Բելառուսի նկատմամբ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը սատարելու համար։ Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսցի զինվորականները չեն մասնակցում ռուսական ռազմական գործողություններին։

Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter