HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կարակալպակներին ինքնավարությունից զրկելու մտադրությունն Ուզբեկստանում հանգեցրել է զանգվածային ցույցերի

Կարակալպակստան ինքնավար հանրապետությունում, որը մտնում է Ուզբեկստանի կազմում, զանգվածային բողոքի ցույցեր են եղել։ Հուլիսի 1-ին բողոքի ցույցերը կայացել են Չիմբայեում և Մույնակեում, սակայն Meduza-ի փոխանցմամբ, ամենամարդաշատ բողոքի ակցիան կայացել է ինքնավար հանրապետության մայրաքաղաքում՝ Նուկուսում։

Տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ փողոցներ են դուրս եկել քաղաքի հազարավոր բնակիչներ։ Ազատություն ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը՝ «Радио Озодлик»-ը հայտնել է տասնյակ հազարավոր ցուցարարների մասին։ Ուզբեկստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Նուկուսի բնակիչներն անցել են քայլերթով, որից հետո հավաքվել կենտրոնական շուկայի տարածքում։

Տեղական տելեգրամյան ալիքները լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, որ ցուցարարներն իրենց ձեռքում պարզել են Կարակալպակստանի դրոշները։ Սոցիալական ցանցերում նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ, ենթադրաբար, երևում են հատուկ ջոկատայինները։ Նշվում է, որ Կարակալպակստան են ուղարկվել Ուզբեկստանի ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր, իսկ հանրապետությունում, բողոքի ցույցերի ժամանակ, նկատվել են կապի և ինտերնետի խափանումներ։ Երկրի իշխանությունները միայն հայտարարել են, որ կենտրոնական շուկայի տարածքում «գործարկվել են իրավապահ մարմինների ուժեր և միջոցներ»։

Meduza-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի պատճառ է դարձել Ուզբեկստանի սահմանդրության մեջ փոփոխությունների առաջարկությունը, որով վերացվելու էր Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և երկրի կազմից դուրս գալու նրա իրավունքը։ Ուզբեկստանի հիմնական օրենքում փոփոխություններ անելու նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել հունիսի 26-ին։ 

Մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում է երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:

Փոփոխություններն առաջարկել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, որն իշխանության ղեկին է 2016 թվականից։ Փոփոխությունների նախագիծը ենթադրում է մոտ 200 փոփոխություն, այդ թվում երկրի նախագահի լիազորությունների երկարաձգում 5-ից մինչև 7 տարի։ «Алга, Каракалпакстан» («Առաջ, Կարակալպակստան») շարժման առաջնորդ Աման Սագիդուլաևը Ազատություն ռադիոկայանի ղազախական ծառայությանը՝ «Радио Азаттык»-ին պատմել է, որ Նուկուսում բողոքի ցույցերը զանգվածային են դարձել այն բանից հետո, երբ ձերբակալվեց ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովը։ Վերջինս կոչ էր անում խաղաղ ցույցերի դուրս գալ ընդդեմ հուլիսի 5-ին կայանալիք փոփոխություններին։ 

Ինչպես հայտնել է Տաժիմուրատովի քույրը, հուլիսի 1-ի ցերեկը ոստիկանության աշխատակիցները նրան տարել էին իր սեփական տնից։ Ավելի ուշ, ակտիվիստն ազատ էր արձակվել և, ամենայն հավանականությամբ, Կարակալպակստանի բարձրագույն խորհրդի նախագահ Մուրատ Կամալովի հետ հանդես եկել ցուցարարների առաջ։

Կարակալպակստանի իշխանությունները որպես զանգվածային բողոքի ցույցերի առաջացման պատճառ անվանել էին «հանրապետությունում իրականացվող բարեփոխումների սխալ մեկնաբանություն» և հայտնել պետական մարմինների գրավման փորձի մասին։ Հուլիսի 1-ի երեկոյան երկրի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Նուկուսում իրավակարգը վերականգնվել է, իսկ «քաղաքացիների հետ աշխատանքներ են իրականացվում օրենսդրության խախտման անթույլատրելիության բացատրման ուղղությամբ»։

Հաջորդ օրը Կարակալպակստանի բարձրագույն խորհուրդը, նախարարների խորհուրդը և ՆԳՆ-ն հայտարարություն էին հրապարակել հանրապետությունում առկա իրավիճակի վերաբերյալ։ Այնտեղ նշվում էր, որ նախօրեին «հանցավոր խումբը», քողարկվելով «պոպուլիստական կարգախոսներով» և «մանիպուլացնելով քաղաքացիների գիտակցությունը», փորձել է գրավել Կարակալպակստանի վարչական շենքերի համալիրը, «հասարակության շրջանում տարաձայնություններ առաջացրել՝ ապակայունացնելով Ուզբեկստանում հասարակական-քաղաքական իրավիճակը»։ 

Իշխանությունների խոսքով՝ «կանխվել են օրինախախտների հակաօրինական գործողությունները», իսկ անկարգությունների կազմակերպիչները, ինչպես նաև մարդիկ, որոնք դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմիններին, ձերբակալվել են։ Ձերբակալվածների անունները և քանակը չի նշվում։

Տասնյակ մարդիկ նաև ձերբակալվել էին Ղազախստանի Ատիրաու քաղաքում, որտեղ ինքնաբուխ ցույց էր եղել Կարակալպակստանից աշխատանքային միգրանտների շրջանում։ Հուլիսի 1-ին մոտ 75 մարդ դուրս էր եկել քաղաքի հրապարակներից մեկը՝ ի աջակցություն հայրենիքում ընթացող գործընթացներին։ Ձերբակալվածների մեծ մասին ոստիկանությունում հարցաքննելուց հետո ազատ էին արձակել։ Նշվում է, որ բացի Ուզբեկստանի քաղաքացիներից, ցույցին մասնակցել են նաև մյուս ազգերի ներկայացուցիչներ։

Հուլիսի 2-ին Նուկուս էր ժամանել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և առաջարկել փոփոխությունների մեջ չմտցնել Կարակալպակստանի ինքնավարության հարցը։ Ինչպես հայտնում էր Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը, Միրզիյոևը հանդիպել է բարձրագույն խորհրդի անդամների, ավագ սերնդի ներկայացուցիչների և Կարակալպակստանի ակտիվի հետ։

Միրզիյոևը նաև հուլիսի 3-օգոստոսի 2-ը Կարակալպակստանի տարածքում հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ։ Այդ ընթացքում կգործի պարետային ժամ։ Այն բացատրվում է «քաղաքացիների անվտանգության ապահովմամբ, նրանց իրավունքների և ազատությունների, հանրապետությունում օրինականության և իրավակարգի վերականգնմամբ»։

«Радио Азаттык»-ը և ORDA Kazakhstan-ը փոխանցում էին, որ հուլիսի 2-ի ցերեկը ցույցերը շարունակվել են ինքնավար հանրապետության տարածքում։ Լրագրողները նշում էին, որ կապը Կարակալպակստանում ծանրաբեռնված է, իսկ Նուկուսում նկատվում են ինտերնետին հասանելիության խնդիրներ։ ORDA-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ լսվում են ձայներ, որոնք նման են պայթյունների և հրաձգության։ Տեսանյութում ենթադրաբար երևում են նաև բողոքի ցույցերի ցրման ժամանակ տուժած քաղաքացիները։

Հուլիսի 3-ի դրությամբ՝ իրավիճակը համեմատաբար կայուն է։

Լուսանկարը՝ Makan.uz-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter