HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 131-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 131-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի գլխավոր նորություններով։

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը դուրս են բերվել Լիսիչանսկից։ «Պատերը մենք կվերակառուցենք, հողը հետ կգրավենք, բայց ամենաշատը պետք է խնայել մարդկանց»,- նշել է նա։
  • Коммерсант-ը պարզել է, որ ամերիկյան MSD դեղագործական ընկերությունը կդադարեցնի Ռուսաստան մատակարարել ջրծաղիկի, կարմրախտի, կարմրուկի և խոզուկի դեմ պատվաստանյութերը, բայց կպահպանի այն դեղամիջոցների վաճառքը, որոնք չունեն փոխարինիչներ։
  • Ռուսաստանի հոկեյի հավաքականի դարպասապահ Իվան Ֆեդոտովը, որը ձերբակալվել էր զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով, հավանաբար, ծառայությունը կանցկացնի Նոր Երկիր արշիպելագում, հայտնում է ТАСС-ի աղբյուրը։ Ֆեդոտովի փաստաբանն այդ տեղեկատվությունը ենթադրություններ է անվանել։
  • Կալինինգրադը Մոսկվային է փոխանցել Լիտվայի կողմից Կալինինգրադի մարզ ապրանքների փոխադրման արգելքի պատասխան նախագիծը։ Մարզի ղեկավար Անտոն Ալիխանովը չի մանրամասնել պատասխան միջոցները՝ հայտարարելով, որ դրանից դեռևս հնարավոր է խուսափել։ «Բայց ես կրկնվեմ. մենք ունենք տնտեսապես պատասխանելու միջոցներ և Լիտվայի համար բավականին կրիտիկական»։
  • Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիս Թրասը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը «շատ ուշադիր» դիտարկում է սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման հնարավորությունը՝ դրանք Ուկրաինային փոխանցելու համար։
  • Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) տուգանել է բրիտանական մրցաշարարերի կազմակերպիչներին մեկ միլիոն դոլարով՝ դրանց ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների մասնակցության արգելքի համար, գրում է բրիտանական The Daily Mail տաբլոիդը։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Հուլիսի 3-ին ռուսական զորքերը գրավել են Լիսիչանսկի և և Լուգանսկի մարզի վարչական սահմանների միջև մնացած տարածքը։
  • Ռուսական զորքերը հարձակումներ են գործել Բախմուտի հյուսիս-արևելքից և Սլավյանսկի հյուսիսց, սակայն տարածքային նոր ձեռքբերումներ չեն ունեցել։
  • Ռուսաստանը լայնածավալ հրետանային հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում, ինչը կարող էր խափանել ուկրաինական զորքերի հակահարձակումը։
  • Կրեմլը շարունակել է ստեղծել պայմաններ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հնարավոր բռնազավթման համար։
  • Հուլիսի 2-ին ուկրաինացի պարտիզանները Մելիտոպոլի մոտ ռելսերի վրայից հանել են սպառազինությամբ բեռնված ռուսական զրահագնացքը։

Սերգեյ Գայդայը Լուգանսկի մարզում առկա իրավիճակի մասին

  • Ռուսական զորքերն ամրակայվել են Լիսիչանսկում։ Նաև նրանք կարողացել են անցնել Սևերսկի Դոնեց գետը՝ Բոլգորովկայի գրավման համար։ Այնտեղ շարունակվում են մարտերը։
  • Ուկրաինական բանակը պահում է պաշտպանությունը Լուգանսկի մարզի ոչ մեծ հատվածում, որպեսզի հասցնի այնտեղ կառուցել պաշտպանական խրամատներ։
  • Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ենթակառուցվածքներն ավերված են 90 %-ով։ Վերականգնման ենթակա չէ տների 60 %-ը։
  • Սևերոդոնեցկում մնացել է մոտ 8 հազար մարդ, իսկ Լիսիչանսկում՝ ավելի քան 10 000:

Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Ուկրաինական զորքերը լքել են Լիսիչանսկը, հավանաբար, նահանջելով պաշտպանական դիրքերի նախապատրաստման համար։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական ուժերն ավարտել են Լիսիչանսկի շրջափակումն ու ամբողջական վերահսկողություն հաստատել քաղաքի վրա։
  • Քաղաքում և դրա մատույցներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարտերն ակտիվացել էին, և ռուսական զորքերը, վստահաբար, առաջ էին շարժվում։
  • Քաղաքը Լուգանսկի մարզի վերջին խոշոր բնակավայրն էր, որը վերահսկում էր Ուկրաինան։ Հիմա Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ իր ուշադրությունը կկենտրոնացնի Դոնեցկի մարզի գրավման վրա, որի էական մասը շարունակում է մնալ ուկրաինական վերահսկողության ներքո։
  • Դոնբասի համար մարտերը ծանր էին և սպառիչ, ուստի առաջիկա շաբաթների ընթացքում իրավիճակը դժվար թե փոխվի։
  • Հիմա, բերքահավաքի ժամանակ, ռուսական ներխուժումը շարունակում է կործանիչ ազդեցություն ունենալ Ուկրաինայի գյուղատնտեսության համար։ Պատերազմը հանգեցրել է սերմերի ու պարարտանյութի մատակարարման շղթայի լուրջ խափանումների, ինչի կարիքն ունեն ուկրաինացի ֆերմերները։
  • Օդեսայի շրջափակումը շարունակում է սահմանափակել Ուկրաինայից հացահատկի արտահանմանը։ Դրա հետ կապված 2022 թվականին Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դժվար թե կազմի 2021 թվականի ընդհանուր ծավալների 35 %-ը։
  • Զմեյնի կղզուց զորքերի դուրսբերումից հետո Ռուսաստանը շփոթություն առաջացնող հայտարարություն է արել այն մասին, որ հացահատկի դուրսբերման իրավիճակի նկատմամբ «գնդակը հիմա գտնվում է Ուկրաինայի կողմում»։ Իրականում, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գյուղատնտեսական հատվածի պայթեցումը շարունակում է խորացնել գլոբալ պարենային ճգնաժամը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter