HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

62 դպրոցից միայն մեկում ընտրվեց տնօրեն

Լոտոտրոնի (վիճակահանություն) արդյունքում Վրաստանի 704 դպրոցներ մնացել էին առանց տնօրենների թեկնածուների, որից 62-ը` Ախալքալաքի շրջանում:

Այժմ այստեղ դեռ 61 դպրոցներ տնօրեններ չունեն: Դպրոցների գործունեությունը համակարգում են ժամանակավոր պաշտոնակատարները:

Հուլիսի 7-ին Ախալքալաքի շրջանի միայն 5 դպրոցներում էին տնօրեն ընտրում` Դ. Դեմիրճյանի անվան հայկական, Վլ. Մայակովսկու անվան ռուսական, Չունչխայի, Ազվանայի եւ Կոթելիայի վրացական միջնակարգ դպրոցներում: Առաջադրված թեկնածուներից անցել է միայն մեկը` Չունչխա գյուղի դպրոցի տնօրենի թեկնածու Էմզար Բադիձեն (տեղացի):

Հունվարին Ախալքալաքի շրջանի 69 դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար 99 թեկնածուներ էին առաջադրվել, սակայն թեսթավորումը կարողացել էր անցնել միայն 9-ը հոգի: Թեսթավորման արդյունքում վրացերենի «արգելքը» կարողացել է հաղթահարել ընդամենը մեկ հայ եւ 8 վրացի: Վրացերեն լեզվից հարցազրույցը չեն կարողացել անցնել եւս երկու վրացի թեկնածուներ, եւ մնացել էր 7 թեկնածու: Լոտոտրոնից բացի, թեսթավորումը հաջող անցած եւ բարձր բալեր հավաքած թեկնածուների 20 տոկոսն իրավունք ուներ ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանա զբաղեցնել տնօրենի պաշտոնը: Սակայն դրանից հետո առաջադրված տնօրենի թեկնածությունը պետք է հաստատի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը, եթե չի հաստատվում, թեկնածուն չի կարող դառնալ տնօրեն:

Ախալքալաքի շրջանի Դ. Դեմիրճյանի անվան 4-րդ դպրոցում առաջադրված տնօրենի թեկնածուն` Դավիթ Զեդգինիձեն (Ասպինձա գյուղից) ստացել է մեկ կողմ, հինգ դեմ ձայն: Վլ. Մայակովսկու անվան 2-րդ դպրոցում առաջադրված թեկնածուներից Սոսո Թեթվաձեն (Ախալքալաքի վրացական դպրոցի նախկին տնօրենն է եւ այժմյան պաշտոնակատարը) ստացել է 6 կողմ ձայն, իսկ Էկա Թաթեշվիլին (Ախալքալաքի Հովհ.Թումանյանի անվան դպրոցում դասավանդում է վրաց լեզու) ընդհանրապես ձայն չի ստացել: Կոթելիայի դպրոցի տնօրենի թեկնածուներ Նինելի Անանիշվիլին եւ Օթարի Բավրիշվիլին (մեկը տեղացի, մյուսը` Բարալեթ գյուղից) նույնպես ստացել են նվազագույն միավորներ: Ազմանայի դպրոցի տնօրենի թեկնածուն` Մալխաս Մալխասյանն էլ (Հոքամ գյուղից) ստացել է 4 դեմ եւ մեկ կողմ ձայն:

Ընտրությունների նախորդ օրն էլ դպրոցների տնօրենների թեկնածուները ներկայացրել են իրենց «նախընտրական ծրագրերը»:

Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի ուսուցիչների կարծիքով` Դ. Զեդգինիձեն հարմար չէր իրենց դպրոցի համար, քանի որ չի տիրապետում հայերենին, դժվարությամբ է խոսում ռուսերեն, իսկ միայն վրացերենի իմացությունը հայկական դպրոցում կարող է լուրջ դժվարություններ ստեղծել: Թեպետ թեկնածուն խոստացել էր երկու ամսում հայերեն սովորել, այնուամենայնիվ, ուսուցչական անձնակազմը թերահավատորեն էր վերաբերում դրան. «Եթե նա հայերենին կամ գոնե ռուսերենին չի տիրապետում, ապա ինչպե՞ս պետք է շփվի ուսուցիչների ու աշակերտների հետ»,- ասաց 4-րդ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Մանասյանը:

Նույն դպրոցի նախկին տնօրեն, այժմ պաշտոնակատար Նաթելլա Գրիգորյանն ասում է, որ տնօրենի պաշտոնն այնքան էլ հեշտ չէ, ինչքան պատկերացնում է իրենց թեկնածուն. «Նա, նույնիսկ չիմանալով մեր բյուջեի մասին, տարբեր խոստումներ է տալիս, օրինակ` էքսկուրսիաներ կազմակերպել ուսուցիչների ու աշակերտների համար, աշակերտներին անվճար բարձրագույն ուսման տալ: Խոստանալը մի բան է, հնարավորություններ ունենալն ու կատարելը` մեկ այլ բան»,- բացատրեց Ն. Գրիգորյանը:

Վրացի թեկնածուին եւ նրա առաջարկած ծրագրին հավանություն էր տվել միայն դպրոցի վրացերենի ուսուցչուհի Լիզա Օսիձեն: Մեր այն հարցին, թե ինչքանով կարող է հայկական դպրոցում իրեն արդարացնել վրացի տնօրենը, ուսուցչուհին պատասխանեց. «Ինձ թվում է, որ կապ չունի, թե ինչ ազգից է, կարեւորը լավ ղեկավար լինելն է»: Վրաց լեզվի ուսուցչուհին «լավ ղեկավար լինելու» հանգամանքը բացատրեց նրանով, որ այժմ տնօրենը ունենալու է մենեջերի կարգավիճակ: Նա զբաղվելու է բոլոր ֆինանսական հարցերով, կապ է պահպանելու նախարարության եւ շրջանի կրթական ռեսուրս - կենտրոնի հետ: Մնացած պարտականությունները` կապված դպրոցի, ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների հետ, լուծելու է տնօրենի օգնականը` ուսմասվարը:

«Մենք սովոր ենք շփվել մեր տնօրենի հետ, շատ հարցեր նրա հետ ենք քննարկում, իսկ վրացի տնօրենի հետ ինչպե՞ս ենք հաղորդակցվելու, եթե նա հայերեն բացարձակապես չգիտի»,- բողոքում է Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի աշակերտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Նահատակյանը:

Նոր կարգի համաձայն` դպրոցի տնօրենին ընտրում է դպրոցի հոգաբարձուների խորհուրդը, որի մեջ մտնում են դասատուներ, ծնողներ եւ աշակերտներ, որոնց թիվն էլ պայմանավորված է դպրոցի աշակերտների քանակով:

Եթե հոգաբարձուների խորհուրդը չի ընտրում առաջադրված թեկնածուին կամ թեկնածուներից որեւէ մեկին, ապա հաջորդ փուլում լոտոտրոնի միջոցով կրկին թեկնածություններ կառաջադրվեն, որոնք կլինեն նույն շրջանից: Մեկ անգամ չընտրված թեկնածուն իրավունք ունի երկրորդ անգամ էլ դնել իր թեկնածությունը, սակայն երկրորդ փուլում չընտրվելու դեպքում թեկնածուն զրկվում է այլեւս թեկնածություն դնելու իրավունքից:

Եթե դպրոցի հոգաբարձուների խորհուրդը երկրորդ անգամ էլ չի ընտրում թեկնածուներից որեւէ մեկին, ապա տնօրենը նշանակվում է նախարարության կողմից: Ախալքալաքի շրջանի կրթական ռեսուրս - կենտրոնի պետ Նարցիս Կարապետյանի խոսքերով` մեծ հավանականություն կա, որ այդ դեպքում տնօրենը լինի նույն դպրոցի անձնակազմից, ծայրահեղ դեպքում` շրջանից:

Հոկտեմբերին նախատեսվում է թեսթավորման երկրորդ փուլը: Առաջին անգամ թեսթավորում չանցած թեկնածուներին, հատկապես հայերին, պայքարելու հնարավորություն է տրվել. նրանք պետք է մինչեւ հոկտեմբեր կարողանան տիրապետել վրացերենին: Եվ միայն այն ժամանակ պարզ կլինի դպրոցների հետագա ճակատագիրը: Նարցիս Կարապետյանի հավաստմամբ` հայկական դպրոցներում վրացիներին տնօրեն նշանակելու խնդիրն այնքան էլ լուրջ չէ, որքան լուրեր են պտտվում բնակչության մեջ. «Այս երկու դեպքը ոչինչ չի որոշում, ես այստեղ լուրջ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ ամեն ինչ, ի վերջո, հոգաբարձուների խորհրդի ձեռքում է, նրանք են որոշում, թե ով է լինելու իրենց դպրոցի տնօրենը»:

Ախալքալաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter