HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի եղբայրն անտառային տարածքներ է վարձակալել և հանգստի գոտի է կառուցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը` Արտակ Փաշինյանը, 0,7 հա անտառային տարածք է վարձակալել Տավուշի մարզում և հանգստի գոտի է կառուցում։

2020թ․ սեպտեմբերին Արտակ Փաշինյանը Սևքարի անտառտնտեսության տարածքում երկու հողակտոր է վարձակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից։ Տարածքներից մեկը 0,5 հա է, որի համար սահմանվել է 240 000 հազար դրամ տարեկան վարձավճար, երկրորդն ավելի փոքր է՝  0,2 հա, որի համար Արտակ Փաշինյանը պետք է վճարի 103 200դրամ։

Հիշեցնենք՝ «Հետքն» ուսումնասիրել էր Հայաստանի անտառների վարձակալներին մինչև 2019թ․-ը և պարզել, որ մեծ մասը պաշտոնյաներ են, նրանց հետ փոխկապակցված անձինք կամ ընկերություններ և հանրությանը քիչ թե շատ հայտնի անհատներ։

Շրջակա միջավայրի նախարարությունից խնդրել էինք 2020 թվականից հետո մինչ օրս վարձակալության տրամադրված տարածքների և վարձակալների մասին տեղեկություններ տրամադրել։ Այս ընթացքում, ըստ ՇՄՆ տեղեկատվության, անտառների վարձակալության 11 պայմանագիր է կնքվել, որից երկուսը՝ Արտակ Փաշինյանի հետ։

Անտառային այս տարածքներն Արտակ Փաշինյանը վարձակալել է 20 տարի ժամկետով՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով։ Այդ տարածքների համար մրցույթներ են հայտարարվել, և պայմանագրերն Արտակ Փաշինյանի հետ կնքվել են մրցույթում հայտարարված մեկնարկային արժեքով։

Կադաստրի կոմիտեի քարտեզը Google-ի քարտեզի հետ համադրելով՝ կարողացանք պարզել, որ Արտակ Փաշինյանի վարձակալած տարածքը Ենոքավան գյուղից վերև է։

Սևքարի անտառտնտեսության տնօրեն Մհեր Արզումանյանը մեր հարցը՝ թե ինչ է կառուցվել կամ ինչպես է օգտագործվում տարածքը, լսելուց հետո ասաց, որ վաղը զանգենք, կճշտի, կասի։ Մի քանի օր շարունակ մեր զանգերին Մհեր Արզումանյանն այլևս չպատասխանեց։ Այսօր այլ հեռախոսահամարից նրան զանգահարեցինք, քիչ ուշ ինքը կապ հաստատեց:

«Իր տարածքը մեր տարածքից շատ հեռու է, և ամեն ժամանակ չէ, որ մենք կարանք գնանք, նայենք, բայց ընթացքում հաստատ տեղեկություն հավաքում ենք` ով ինչ է արել, գնում ենք այցերի, ստուգում ենք: Ինչ-որ խնդիր չկա իրա մոտ: Կարա իրա տարածքում բեսեդկա, բան սարքած լինի, ասենք` ոչ բետոնային կամ այդ տիպի մի բան»,- ասաց Մհեր Արզումանյանը:

Կառուցապատման իրավունք, ըստ անտառտնտեսության ղեկավարի, Արտակ Փաշինյանը չունի: 

Արտակ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս հայտնաբերեցինք, որ հունիսին իր վարձակալած տարածքում հյուրընկալել է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին, այժմ Հանրային հեռուստատեսության մի խումբ լրագրողների՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։

Լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ Սևքարում վարձակալած անտառային տարածքում Արտակ Փաշինյանը փայտյա քոթեջներ, հանգստի տաղավարներ և հյուրատնային տնտեսություն է կառուցել։

Արտակ Փաշինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ տարածքը վարձակալել են տուրիստական նպատակներով, բայց դեռևս չի գործում: Վարձակալն ասաց, որ տարածքում զրուցարաններ (բեսեդկա) են սարքված, բայց դեռ անելիքներ կան: «Հլը որ գործ ենք անում, էս երկու տարի է` գործ ենք անում»,- ասաց Արտակ Փաշինյանը:

Գիշերակացի համար արդեն փայտաշեն կառույցներ կան, բայց դեռ չեն գործարկվել, վերջնական տեսքի չեն բերվել: 

Արտակ Փաշինյանից հետաքրքրվեցինք, թե Հանրային հեռուստաընկերության լրագրողները հենց ա՞յդ տարածք են այցելել վերջերս։ «Ես ոչ պաշտոնյա եմ, ոչ էլ պարտավոր եմ ձեր հարցերին պատասխանել»,- ասաց վարչապետի եղբայրը: Մեր դիտարկմանը, թե Հայաստանի անտառային տարածք է վարձակալել, այդ պատճառով է մեզ հետաքրքրել, ասաց, որ վարձակալել են, վճարն էլ պարտաճանաչ մուծում են: Սակայն, թե ով և ինչու է եկել այդ տարածք, նման հարցերի պատասխանել պարտավոր չէ: Այդպիսով մեր զրույցն ընդհատվեց: 

Արտակ Փաշինյանի հետ «Հայանատառ» ՊՈԱԿ-ն անտառի վարձակալության պայմանագիրը կնքել է 2020-ի սեպտեմբերի 17-ին: Սեպտեմբերի 22-ին Արտակ Փաշինյանն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցել է «Արտակ Փաշինյան Վովայի» ԱՁ-ն: Այն, ըստ ՊԵԿ-ի,  պետք է հյուրանոցների տրամադրման ծառայություններ մատուցի, մասնավորապես՝ կեցության և հանրային սննդի կազմակերպում: Արտակ Փաշինյանի ԱՁ-ի գործունեությունը, սակայն, ժամանակավորապես դադարեցված է` համաձայն ՊԵԿ-ի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter