Հայաստանում եւ Ադրբեջանում տուրք են տալիս կառավարման արեւելյան սովորույթներին
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից սոցիալ-տնտեսական խնդիրներով (Փոքր եւ միջին բիզնես, Հայաստանում եւ Ադրբեջանոմ ստեղծված սոցիալական հիմնախնդիրներ, կոռուպցիա, Հայաստանի եւ Արբեջանի տնտեսական զարգացման հեռանկարներ) անցկացված հայ եւ ադրբեջանցի փորձագետների հարցազրույցների համեմատական վերլուծություն
Հայաստանում եւ Ադրբեջանում փոքր եւ միջին բիզնեսին, սոցիալական իրավիճակին, կոռուպցիային, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական զարգացման հեռանկարներին նվիրված հայ եւ ադրբեջանցի փորձագետների հարցազրույցները փաստում են երկու երկրներում ձեւավորված տնտեսական կացության ընդհանրությունները, հարցված փորձագետների մեծամասնության քննադատական վերաբերմունքը Հայաստանում ու Ադրբեջանում առկա իրադրության եւ տարվող քաղաքականության նկատմամբ։ Ակնհայտ է, որ երկու երկրներին բնորոշ է բարձրացված հիմնախնդիրների որոշակի նույնություն։
Նախ` եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հասարակություններում առկա է օրենքի եւ սովորույթի հակադրումը։ Տ. æրբաշյանը ( Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայկական տնօրեն - խմբ.) դա անվանել է հասարակության ֆորմալ եւ ոչ ֆորմալ հատվածների հարաբերություն։ Մինչդեռ իրականում դա ժողովրդավարության, շուկայական տնտեսության, քաղաքացիական հասարակության եւ կոնվենցիոնալ, պայմանավորվածությունների, սովորույթների, պահպանողական ավանդապաշտության վրա հիմնված նորմերի հակադրությունն է։ Կարճ` դա հակասություն է «օրենքի հասարակության» եւ «սովորույթի հասարակության» միջեւ։ Ժամանակակից հասարակագիտական միտքը Արեւմուտքին տվել է «օրենքի հասարակություն» բնորոշումը։ Արեւելքը դիտարկվում է իբրեւ սովորույթի հասարակություն։ Ակնհայտ է, որ երկու երկրներն էլ ապավինել են եվրոպական արժեքներին, ընդօրինակել պետություն կառուցելու արեւմտյան փորձը, սակայն շարունակում են տուրք տալ կառավարման արեւելյան սովորույթներին, բացարձակացված երեսպաշտությանն ու հիերարխիկ, ստրկամիտ հարաբերությունների պահանջներին։ Ասվածի ապացույցն այն է, որ հարցման ենթարկված շատ փորձագետներ նշում են օրենքների լավ կամ կատարյալ վիճակը, սակայն մտահոգ են ենթաօրենսդրական ակտերի մակարդակում օրենքների կիրարկումը խեղաթյուրելու երեւույթով (Տ. æրբաշյան, Ա. Կոստանյան - Տարածաշրջանային զարգացման կենտրոն/«Թրանսփարենսի Ինտերնեշնլ - Հայաստան»-ի նախագահ , Ռ. Սաֆարալիեւա - «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» միջազգային կազմակերպության ադրբեջանական բաժնի նախագահ )։
Եթե որպես կառավարման իդեալական համակարգ ընդունենք այն հասարակությունը, որտեղ հիմնարար արժեքները ինտելեկտը, ինֆորմացիան, գաղափարախոսությունը եւ օրենքներն են, իսկ որպես վատագույն համակարգ ընդունենք այն հասարակությունը, որտեղ գերակայում են ուժը, փողը, ապատեղեկատվությունն ու սովորույթը, ապա կասկածից վեր է այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հաճախ ավելի մոտ են այս վերջին տիպին։ Հարցազրույցներից նկատելի է ադրբեջանցի փորձագետների գնահատականը, թե Հայաստանում վիճակն ավելի բարվոք է: Սակայն, հավանաբար, վերջին տարիներին Ադրբեջանում դրական փոփոխությունների դինամիկան է բարձր։
Երկրորդ` Տ. æրբաշյանը, Ա.Մասիմովը ( Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր - խմբ. ), անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսի զարգացման հիմնախնդիրներին, նշում են, որ այստեղ հիմնական խոչընդոտն իշխանություններն են (կամ պետությունը), որոնք, ըստ նրանց, իրականում վախենում են մեծաքանակ անկառավարելի սեփականետերեր ունենալուց։ Թերեւս, սա ճիշտ հարցադրում է։ Ադրբեջանում փոքր ու միջին բիզնեսին խանգարում են չափից դուրս թղթեր ու ստորագրություններ պահանջելով (55 ստորագրություն ներմուծման գործարքների համար), ՀՀ-ում այդպիսի մամլիչ «կատանաչիոյի» դեր են խաղում մաքսային ծառայությունը, դատարանները եւ այլն։ Այնուամենայնիվ, նպատակահարմար կլիներ ավելի կոնկրետ շարադրանք տեսնել. որտե՞ղ, ի՞նչ ձեւերով ու մեթոդներով են պետությունն ու իշխանությունները խափանում նմանատիպ զարգացումները։ Որո՞նք են լուծումներն ըստ փորձագետների։
Երրորդ` հարցադրումներից երեւում է, որ երկու երկրներում էլ քիչ թե շատ հաջող են զարգանում բարեփոխված ոլորտները։ Այսպես` Հայաստանում գյուղատնտեսության ամենամյա աճը կազմում է 6-11%։ Այստեղ իրականացված հողային ռեֆորմը նախկին ԽՍՀՄ ռեֆորմն էր (1991թ.)։ Ադրբեջանում այս ճյուղը դոփում է տեղում՝ 0.9% (Գ. Իբադօղլու, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն - խմբ. )։ Այստեղ դեռեւս հողը լիովին չի սեփականաշնորհվել, գյուղացի-ֆերմերները չեն դարձել հիմնական արտադրողներ։ Համեմատության համար հավելենք, որ Վրաստանում եւս, որտեղ հողի լայնամասշտաբ սեփականաշնորհման գործընթացը ծավալվեց 1996թ. , առկա է գյուղմթերքների արտադրության լուրջ աճ։ Հողային ռեֆորմի բացակայությունը դանդաղեցնում է միջին խավի ձեւավորման գործընթացը։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանում հսկայական տեմպերով զարգանում է նավթային ոլորտը։ Սա էլ բարեփոխման օրինակ է, եթե նկատի ունենանք ապապետականացման գործընթացը եւ օտարերկրյա ներդրումների գերակայությունը։ Անշուշտ, այս վերջինը հակասական ռեակցիա է առաջացնում։ Սպասելիքներն ավելի շատ էին։ Փորձենք, սակայն, պատկերացնել, թե ինչ կլիներ վիճակը, եթե այս ներդրումները չլինեին։
Չորրորդ` երկու երկրներում էլ ահագնանում է արտադրության տեղաբաշխման առումով չափից դուրս կենտրոնացման եւ բեւեռացման գործընթացը։ Բաքվում են ապրանքաշրջանառության 49,3% եւ ծառայությունների 65,9%-ը (Ի.Շաբանով), Երեւանում է ՀՀ արդյունաբերական արտադրության 47,3%-ը, շինարարության 84,2%-ը, առեւտրի 82,6%-ը եւ ծառայությունների 84,8%-ը։ Հայաստանում 10% ամենահարուստները 26 անգամ ավելի հարուստ են 10% ամենաաղքատներից, 44 ընտանիքների ձեռքում է ՀՆԱ արտադրության 55%-ը: Բնակչության 50%-ը վատ է ապրում, իսկ ըստ Ս. Մանուկյանի` 20%-ը (իրականում ճշգրիտ թիվն է` 23%) աղքատ է։ Ադրբեջանում վիճակը նույնպես վատ է։ Աղքատության մակարդակը, ըստ Ի. Շաբանովի, 20,5% է։ Միայն 2005 — 2006 թթ. է հաջողվել այն կրճատել 28,5%-ով։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ երկու երկրներում էլ հարստության բեւեռացման տեմպերը զգալիորեն գերազանցում են բացարձակ աղքատության կրճատման տեմպերը։ Եզրակացությունը մեկն է. եւ՛ Հայսատանում, եւ՛ Ադրբեջանում աճում է հարաբերական աղքատությունը:
Հինգերորդ` շատ մտահոգիչ են կոռուպցիայի էվոլյուցիային տրված գնահատականները (Ա. Կոստանյան, Ռ. Սաֆարալիեւա)։ Հայաստանում առաջընթաց չկա (ենթադրվում է, որ ավելի վատ է լինելու մայիսի 12-ից հետո), իսկ Ադրբեջանում կոռուպցիայի պատճառով ոչ նավթային ոլորտում ներդրումներ չեն արվում։
Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդհանուր եզրակացությունս այսպիսին է. Հայաստանում առկա են որոշակի առավելություններ տնտեսության ավելի խորը բարեփոխված լինելու առումով, անհամեմատ բարձր է տնտեսության ազատության աստիճանը։ Այդ ամենը, սակայն, չի դառնում ժողովրդի կենսամակարդակի բարձրացման եւ քիչ թե շատ արդարացի բաշխում ապահովելու միջոց։ Մարդիկ չեն օգտվում բարեփոխումների դրական պտուղներից։ Ադրբեջանում տնտեսական բարեփոխումների մակարդակը դեռեւս ցածր է, տեմպը՝ տպավորիչ։ Այնուամենայնիվ, այստեղ զարգացման միտումները սահմանափակվում են նավթային բնագավառով։
Փորձագետների պատասխաններում երբեմն առկա են նաեւ շատ հակասական, կարծում եմ` ոչ հիմնավոր դատողություններ։ Այսպես` խոսելով վառելիքի ներքին գների մասին` Գ. Իբադօղլուն քննադատում է կառավարությանը դրանք համաշխարհային գների մակարդակին հասցնելու համար։ Նա հիշեցնում է երկրում ցածր աշխատավարձերի մասին։ Միեւնույն ժամանակ խոսվում է կոռուպցիայի մասին (այս մասին բարձրաձայնում է նաեւ Ռ. Սաֆարալիեւան)։ Պետք է միանշանակ փաստել. վառելիքի ներքին գների հավասարեցումը համաշխարհային գներին հակակոռուպցիոն քայլ է։ Ադրբեջանի կառավարության տնտեսական քաղաքականության այս քայլը ճիշտ է։
Բերեմ մեկ այլ օրինակ։ Ա. Վարտանովը ( տնտեսագիտության թեկնածու - խմբ. ), մի կողմից նշում է Հայաստանի հաջող զարգացումը, մյուս կողմից առաջարկում է, որ վերնախավը ձեւակերպի զարգացման ազգային մոդել։ Պարզ չէ, թե ինչու (եթե առանց այդ էլ Հայաստանը լավ զարգանում է), եւ ո՞վ է այդ վերնախավը։ Այդ ի՞նչ վերնախավ պետք է ձեւավորել պետությունից դուրս։
Նույն կերպ չի կարելի ամբողջությամբ համաձայնել Տ. æրբաշյանի այն կարծիքի հետ, թե բանկային համակարգը Հայաստանում լավ է զարգանում, դժբախտությունն այստեղ այն է, որ, ի տարբերություն տնտեսության, այն գործում է ֆորմալ հարթության մեջ։ Պետք է նշենք, որ ճիշտ հակառակն է։ ՀՀ համեմատական առավելությունները տնտեսության ոլորտին են բնորոշ։ Այդ նույն զեկույցներից երեւում է, որ արտահանման մեջ ՀՀ մրցունակ ապրանքների տեսականին ավելի մեծ է, քան Ադրբեջանինը (150-ը 50-ի համեմատ)։ Դրան հակառակ, Հայաստանը, որտեղ ընդունված է անընդհատ գովել բանկային համակարգը, տարածաշրջանում վերջին տեղում է ոչ միայն ծավալային, այլեւ հարաբերական ցուցանիշներով։ Այսպես` ՀՀ բանկերի ընդհանուր ակտիվները կազմում են 1,3 մլրդ դոլար, Վրաստանինը` 2,5 մլրդ., իսկ Ադրբեջանինը՝ 3 մլրդ.դոլար։ Նշենք նաեւ, որ փոքրիկ Էստոնիայում, օրինակ, դրանք կազմում են 21 մլրդ դոլար։ Դրա հետ մեկտեղ, պետք է հասկանալ, որ միայն ԿԲ հաշվարկային տոկոսադրույքի եւ առեւտրական մի շարք բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների համեմատությունը վկայում է հսկայական կոռուպցիայի մասին։ Ի վերջո, չմոռանանք, որ Հայաստանում թափանցիկության բացակայության պայմաններում ԿԲ կողմից իրականացվող ճնշումների արդյունքում տարեկան մեկ-երկու բանկ կամ սնանկանում է, կամ էլ փոխում է իր տիրոջը։
Այնուհետեւ, հարցազրույցներում շատ դատողություններ անհիմն են, փաստված չեն։ Օրինակ` Ի. Շաբանովի` Ադրբեջանում կենսամակարդակի կամ Ս. Մանուկյանի` Հայաստանում սոցիալական բեւեռացման մասին պնդումները։ Նմանատիպ հարցերում եզրակացությունները լուրջ թվային վերլուծություններ են պահանջում։ Բերված թվերն էլ հաճախ վերցված են միջազգային ֆինանսական կառույցների զեկույցներից։ Փորձը ցույց է տալիս, որ երբեմն դրանք լուրջ հիմնավորումներ չունեն։
Հրանտ Բագրատյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել