HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի դատավոր Սերգեյ Չիչոյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ  Լիլիթ Շաբոյանը:

Այսօր ԲԴԽ-ն երեք նախագահ  կամ պաշտոնակատար է ունեցել: Երբ Գագիկ Ջհանգիրյանը մեկնել է արձակուրդ, իր պարտականությունների կատարումը  դրել է խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանի վրա: Ջհանգիրյանն, ինչպես հայտնի է՝ արձակուրդից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել:

Դեռ առավոտյան ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը եղել է Խաչատուրյանը: Այսօր խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն՝ նախագահի ընտրության համար, սակայն նախագահ չի ընտրվել:

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:  Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չի լինում որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

Տվյալ դեպքում նախագահի պաշտոնի ընտրությունը եղել է ԲԴԽ գիտնական անդամներ Վիգեն Քոչարյանի, Գրիգոր Բեքմեզյանի և Դավիթ Խաչատուրյանի միջև: Առաջին և երկրորդ փուլերով թեկնածուներից որևէ մեկը չի հավաքել բավարար թվով ձայն, ուստի ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը օրենքի ուժով դրվել է Ստեփան Միքայելյանի վրա, ով, ԲԴԽ խոսնակի փոխանցմամբ, ԲԴԽ անդամներից տարիքով ավագն է, ինչպես նաև՝ առավել երկար փորձառություն ունեցողը: Միքայելյանը, սակայն, հրաժարվել է պարտականությունները կատարելուց, ուստի  դրանք դրվել են Սերգեյ Չիչոյանի վրա:

Նշենք, որ այսօր ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Լիպարիտ Մելիքջանյանը, հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից, նրա լիազորությունները դադարել են: Այս պահին, փաստորեն, խորհրդում երեք թափուր հաստիք կա՝ երկու գիտնական անդամի և մեկ դատավոր անդամի: Հուլիսի 27-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրված, որի օրակարգում ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցն է, իսկ խորհրդի գիտնական անդամներին ընտրում է Ազգային ժողովը:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է իրավական հանրության ուշադրությունը ԲԴԽ-ում տեղի ունեցող իրադարձությունների վրա է: 

ԲԴԽ՝ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը նրան հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: Նշենք, որ Վարդազարյանը չի հրաժարվել այդ պաշտոնից, բայց նրա նկատմամբ հետագայում քրեական հետապնդում է սկսվել, և լիազորությունները կասեցվել են, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը:

Այս ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը մեկնել է արձակուրդ, իսկ օրեր անց ԲԴԽ-ն հայտարարել է, որ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter