HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հեղափոխություն եւ լեզու

Ռուսական եւ խորհրդային մշակույթի եվրոպացի հետազոտողները, անդրադառնալով այն առանձնահատկությանը, որ խորհրդային իշխանության ագիտացիան եւ պրոպագանդան հաղորդեցին խորհրդային տեղեկատվամիջոցներին, հետաքրքրական դիտարկումներ են անում խորհրդային շրջանում ռուսերեն լեզվի կրած փոփոխությունների մասին։

Առհասարակ մամուլի, եւ մասնավորապես ագիտացիայի եւ պրոպագանդայի հիմնական սկզբունքները ձեւակերպվեցին 1900-ականների սկզբին Լենինի գրած մի քանի հոդվածներում` «Ի՞նչ անել», «Ինչի՞ց սկսել» եւ այլն։

Հեղափոխության առաջնորդի հիմնական նպատակները հստակությունը, ճշգրտությունը եւ հակիրճությունը չէին։ Նրա մշակած լեզուն ագրեսիվ էր, հագեցած ռազմական տերմինաբանությամբ եւ իր զինանոցում ուներ ընդդիմախոսին, հակառակորդին ահաբեկելու տարբեր միջոցներ` տարատեսակ նորաբանություններ (նեոլոգիզմներ), անզուսպ բարկություն ու սպանիչ հեգնանք, ռազմական փոխաբերություններ (կուսակցությունն «իր պոստում» էր, «պաշտպանական դիրքերում» կամ «հարձակման մեջ»), հերոսական պայքարի եւ անողոք դիմադրության պաթոս, բոլոր հակառակորդներին վերացնելու անհրաժեշտության գիտակցում… «Դասակարգային թշնամու», իսկ ավելի ուշ ` «ժողովրդի թշնամիների» կամ պատմական մեծ իրագործումների ճանապարհին ընկած այլ խոչընդոտների դեմ մղվող պայքարում տեռորը համարվում էր միանգամայն օրինական միջոց։ Իսկ տեռորը սկսվում էր մամուլում։ Լեզվի մեջ իրագործվող բռնությունը նախորդում էր ֆիզիկական բռնությանը ` որպես անհրաժեշտ գաղափարաբանական եւ հոգեբանական նախապատրաստություն։ 1917-1953 թվականներին Ռուսաստանում առկա կացության պայմաններում այդ լեզուն ձեռք բերեց համատարած նշանակություն ` մշակույթի համար ունենալով աղետալի հետեւանքներ։

Իրադրությունը սկսում է փոխվել 1960-ականներին, երբ ասպարեզ է մտնում նոր «ուժ»։ Խոսքն, այսպես կոչված, «տեխնիկական ինտելիգենցիայի» մասին է։ Ինչպես իմանում ենք մեկ այլ ուսումնասիրությունից, այս շրջանում տեխնիկական մտավորականությունը հանդես է գալիս որպես ամենամեծ հասարակական շերտը, որից կազմվում է կառավարող վերնախավը, ինչպես նաեւ քննադատաբար մտածող մտավորականության ամենաընդարձակ հատվածը։ 1966 թվականին Կոմկուսի Կենտկոմի անդամների թվի 65%-ն ուներ բարձրագույն տեխնիկական կրթություն եւ համապատասխան աշխատանքի փորձ։ Այս փոփոխության պատճառներից մեկն այն էր, որ ստալինյան տեռորի տարիներին կուսակցական գործիչների շարքերը նկատելիորեն նոսրացել էին, հին բոլշեւիկներին վերացրել էին։ Մյուսը արեւմտյան երկրներում տեխնոկրատիայի տարածման ընթացքն էր, որին Խորհրդային Միությունը չէր կարող տուրք չտալ, առավել եւս, որ այդ եւ հետագա շրջանում գիտատեխնիկական հեղափոխությունը կազմում էր խորհրդային զարգացման քաղաքականության առանցքը։

Հետաքրքրական է նաեւ այն, որ 1966-ին մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակումների դեմ ակտիվորեն բողոքողների ամենամեծ խումբը հենց կիրառական գիտնականներն էին։ Նրանք ավելի մեծ թիվ էին կազմում, քան մշակութային մտավորականները։

Բայց, խորապես արմատացած լինելով հասարակության եւ մշակույթի մեջ, լեզվական բռնության ավանդությունը շարունակվում էր նվազ բացահայտ ձեւերով։ Այդ նույն տարիների ` 1960-ականների իրողությունների մասին է պատմում Սերգեյ Դովլաթովի «Զոնա» վիպակը, որը հիմնված է հեղինակի անձնական փորձառության վրա. նա զինվորական ծառայությունն անցկացրել է որպես բանտային հսկիչ։ Վիպակում մասնավորապես նկարագրվում է գաղութի լեզուն, ծանոթ բառով ասած ` «գողականը», նրա առանձնահատուկ կարգավիճակը։ Օ րինախախտների ստեղծած լեզուն խորհրդային բռնատիրության օրինական զավակն էր։ Հղկված գաղութային խոսքը (ռուսերենը, իհարկե), Դովլաթովի վկայությամբ, ? ֆիզիկական ուժին հավասար կարողություն էր։ Ընդգծելով ճամբարային խոսքի հինավուրց ավանդությունը, անբեկանելի կանոնները, երկաթյա կաղապարներն ու անթիվ սահմանափակումները ` նա խոսում է նաեւ այդ լեզվի «սպանիչ պերճախոսության, հանկարծահաս հրավառության» մասին։

Վերջին հեղափոխության լեզուն

Անկասկած է, որ խորհրդային շրջանում բռնության ընդգծված ունակություններ հաղորդվել են նաեւ հայերենին։ Տեխնիկական մտավորականության դերի եւ ազդեցության մասշտաբն, իհարկե, նույնը չէր, թեեւ հիշում ենք, որ Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավարը ` Կ. Դեմիրճյանը, նույնպես պոլիտեխնիկական կրթություն ուներ, իսկ այլակարծությունը կամ այլախոհությունը Հայաստանում առավելապես ազգայնական բնույթի էր։

Համատարած գրագիտության շնորհիվ ձեռք բերած սոցիալական աննախադեպ իրավասության հետ միասին, Խորհրդային Հայաստանում գրական լեզվի դիրքերն այնքան էլ ամուր չէին. իշխանության վերին խավի եւ մտավորական որոշ շերտի լեզուն ռուսերենն էր (եւ սա ընդլայնվելու միտում ուներ), իսկ Երեւանում սոցիալական ազդեցիկ դեր ունեին քաղաքային ժարգոնները՝ հայտնի «ռաբիս» եւ «գողական» անուններով (վերջինս Դովլաթովի նկարագրածի հայկական տարբերակն էր)։

Այն, որ լեզուն իշխանություն է, ուժի եւ խորհրդանշական բռնության ազդեցիկ միջոց, ակներեւ էր նաեւ ղարաբաղյան շարժման ժամանակ։ Շարժման եւ հետագա ընթացքի երեք հիմնական դեմքերը հումանիտարներ էին, լեզվական ցայտուն կարողություններով օժտված մշակութային մտավորականներ ` Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Սիրադեղյան, Վ. Սարգսյան։ Հատկանշական էր նաեւ բնագիտական հիմք ունեցողի` Վ. Մանուկյանի դուրս մղումը իշխանությունից (բնականաբար, ասածներիս մեջ գնահատականներ չկան)։ Թե՛ շարժման ընթացքում, թե՛ հետագա դժվարին տարիներին (պատերազմ եւ շրջափակում, կազմաքանդվող կամ իրավասությունները կորցրած հաստատություններ, անօրինականության տարածում եւ իշխանության հեղինակազրկում…) հասարակության միասնականությունը, հաղորդակցությունն ու փոխհանդուրժողականությունն ապահովող հիմնական գործոնը, իմ կարծիքով, գրական հայերենն էր ` իր կենտրոնաձիգ եւ այլամերժ հատկություններով, իր մեջ մարմնավորված իդենտի ֆիկացման ձեւերով (որոնք ծնում էին փոխադարձ կապակցվածության գիտակցությունը), ընդհանուր արժեքներով ու սկզբունքներով, պատկանելության եւ համերաշխության պատմական-մշակութային զգացողությամբ։

1990-ականների վերջին, երբ այլեւս քայքայվել էին հանրությանը միասնականություն հաղորդող սովորույթներն ու համոզմունքները, նորմերն ու արժեքները, եւ Հայաստանում ուրվագծվում էր հասարակական գոյակցության հետագա ուղին, գլոբալացման ընթացքով պայմանավորվող սպառողական մշակույթի մի ստանդարտ ձեւի տարածումն այլընտրանք չուներ։ Այն կերպարանք էր առնում լեգիտիմության եղանակներ փնտրող հարուստների նորահայտ խավի եւ իշխանությունների երեւակայության, ակնկալիքների, արժեքների եւ կարողությունների տրամադրած շրջանակում։ Սա նաեւ բարձր մշակույթի, եւ մասնավորապես` գրական լեզվի, սրա հետ կապված իմաստների ու իդեալների արժեզրկման, ոչ ֆորմալ (փողոցային կամ «ապերոյական») լեզվի, որի արմատները ձգվում են մինչեւ «զոնա», օրինականացման ընթացք էր։

Ընդհանուր ձեւով ասած՝ եթե ներկա սոցիալական կարգը որոշակիորեն հիմնվում է արդիության պաշարների սպառման, շահագործման կամ մերժման վրա, ապա նման մի բան պիտի պատահեր նաեւ գրական լեզվին, որը, իմ կարծիքով, հայկական արդիականության ամենաբարձր նվաճումն է։ Այսինքն` արդիության ձեռքբերումների տեղատվությունը պիտի նշանակեր նաեւ գրական լեզվի նահանջը։ Իրականում պատահածն ավելին էր, քան նահանջը։ Ներկա հասարակական համերաշխության խորքում անբացահայտ գործող սկզբունքներից մեկը, կարծում եմ, գրական լեզվի եւ նրա հետ կապված արժեքների ու նախապատվությունների պարզ անտեսումն է, եթե ոչ` արհամարհումը։ Նոր խավերը բերում են նոր արժեքներ, հասարակական նոր կարգը ենթադրում է նոր իդեալներ։ Այս առումով՝ ներկա իշխանության եւ այդ լեզվի հարամիտումը, թվում է, անխուսափելի էր։

Այսօր շատերը մոռացել են, որ խորհրդարանը, այսինքն ` պառլամենտը, խոսելու տեղ է` ըստ սահմանման, եւ դրական միտում է համարվում այն, որ Ազգային ժողովում հիմնականում հավաքվել են իբրեւ թե «գործի մարդիկ»։ Իսկ նրանք, ովքեր փորձում են վիճարկել, տրամաբանել, փաստարկել եւ վերլուծել, ստանում են «օդ տատանողներ» արհամարհական պիտակը։

Հ.Գ. Երբ «Ի զե՛ն» հոդվածում գրում էի, թե «Իմ զենքն իմ … է» կոչով միավորվածները մարմնավորում եւ ներշնչում են հասարակության մի մոդել, որը նման է աշխարհազորի, բանակի, որտեղ չեն կարող լինել տարակարծություն եւ այլակարծություն, չէի սպասում, որ իրադարձություններն այսքան արագ կզարգանան. հասկանալի է, ես նախագահական ընտրությունների չեմ պատրաստվում։ Բայց «Ազատություն» ռադիոկայանի հետ կապված պատմությունը ցույց է տալիս, որ իմ ենթադրությունը, պատկերների իմ մեկնաբանությունն այնքան էլ հեռու չէր իրականությունից։ Նշանները չէին խաբում։ Այժմ մեր նախորդ պատկերաշարի հերոսները` շախմատիստները (որոնք մի քանի ամիս առաջ ընդամենը համեստորեն բացահայտում էին իրենց օլիմպիական հաջողության գաղտնիքը` «Մեր զենքը մեր միտքն է»), Խանջյան փողոցի ազդավահանակներից նոր ուղերձ են հղում` «Ապագան հաղթողներինն է»։ Հիմա հո հասկանու՞մ եք, թե ովքեր են հաղթողները եւ ովքեր են պատրաստվում տնօրինել մեր ապագան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter