HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բոլոր պետական ծառայողների համար վարքագծի կանոններ են ընդունվել

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ այսօր՝ հուլիսի 4-ին Երևանում կազմակերպած բարձրաստիճան համաժողովին Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ են ընդունվել: Դրանց հիման վրա Հայաստանի բոլոր պետական հաստատությունների համար կմշակվեն և կընդունվեն վարքագծի հատուկ կանոններ:

«Համաժողովն ազդարարեց այս գործընթացի մեկնարկը»,- նշված է ծրագրի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Վարքագծի տիպային կանոնների մշակումը, խթանումը և իրականացման ուղղորդումը նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթ: Ավելին, պետական պաշտոնյաների համար վարքագծի կանոնների ընդունումը Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից առաջարկվող գործողություններից մեկն է՝ որպես պետական պաշտոնյաների բարեվարքության բարձրացման միջոց:

«Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները ԿԿՀ-ի և ԳԼԿ ծրագրի համագործակցության շոշափելի ձեռքբերումներից են, ինչպես նաև մի երկարատև գործընթացի արդյունք, որը սկսվել է 2021թ․-ին և ներառում է 2022թ․-ի փետրվարին տեղի ունեցած կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության և վարքագծի կանոնների վերաբերյալ համաժողովը, ինչպես նաև ազգային մակարդակով խորհրդատվությունների գործընթացի միջոցով շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության այլ ձևերը, որոնց արդյունքները հաշվի են առնվել տիպային կանոնների վերջնական տարբերակում»,- նշում են կազմակերպիչները: 

Միջոցառման նպատակն էր ներկայացնել կառավարության մակարդակով պաշտոնապես հաստատված տիպային կանոնները, ընդգծել դրանց էական դերը Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման գործում և  խթանել հաջորդիվ  քայլերը, այն է՝ բոլոր գերատեսչությունների կողմից վարքագծի տիպային կանոնների ներդրումը և հանրային ծառայության բոլոր մակարդակներում կանոնների արդյունավետ կիրառման և  բարեվարքության համակարգային խթանման ուղղորդումը և դասընթացների անցկացումը: ԳԼԿ ծրագիրը կշարունակի աջակցել Հայաստանի իշխանություններին այս գործընթացում:

ՀՀ արդարադատության նախարարը, Հայաստանում Եվրոպական միության դեսպանը, ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար, Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ղեկավարը  հանդես եկան բացման ելույթներով։ Բացման խոսքով հանդես եկողները ընդգծեցին վարքային կանոնների կարևորությունը պետական պաշտոնյաների համար՝ կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ ձեռնարկելու արդյունավետ հակակոռուպցիոն համակարգի ստեղծման ուղղությամբ հետագա քայլեր՝ համապատասխանելու  եվրոպական չափանիշներին և  հասցեագրելու տվյալ ուղղությամբ ԳՐԵԿՈ-ի առաջարկությունները: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան տկն․ Անդրեա Վիկտորինը և ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար տկն․ Հաննե Յունկերը խրախուսեցին Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ շարունակել կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և վերահաստատեցին Եվրոպայի խորհրդի և ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը այս գործում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց նոր հաստատված տիպային կանոնների հիմնական բաղադրատարրերը և հանրային ծառայության բոլոր մակարդակներում կանոնների ներդրման և հաստատման, համապատասխան ուղղորդման և դասընթացների անցկացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը։

Միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ավելի քան վաթսուն ներկայացուցիչներ, նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների ընդունման և իրականացման այլ երկրների փորձին և մարտահրավերներին։ Ալբանիայի արդարադատության փոխնախարարը մասնակիցներին ներկայացրեց իր երկրի փորձը այս հարցերի շուրջ։

Այս հատվածին հաջորդեցին հեռանկարային քննարկումները՝ կենտրոնանալով ընդունված տիպային կանոնների գործնական կիրառման եղանակների և հակակոռուպցիոն այլ մեխանիզմների հետ դրա ինտեգրման վրա՝ ընդհանուր համակարգը ամրապնդելու և ողջ հայ հասարակության մեջ մշակույթի և մտածելակերպի առաջադեմ դրական փոփոխության նպատակով։  

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, և իրականացվում է Եվրոպայի խորհուրդի կողմից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter